Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի լույսը» լույս է սփռում ամենուր

Ապրիլ 20,2019 13:00

ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Դեպի լույս» երգչախումբը պատրաստվում է հարազատ դպրոցի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Դեպի լույսը» գործում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում: Ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում նշվելու է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի 80-ամյակը: Այդ օրը ելույթ կունենան դպրոցի տաղանդաշատ երեխաները, իրենց ելույթներով կողջունեն նաեւ նախկին սաները, ովքեր արդեն գտել են իրենց տեղն այս կյանքում: 80-ամյա դպրոցը հանդիսանում է միակ կրթօջախը, որտեղ կույր ու հաշմանդամ երեխաները ստանում են բարձրակարգ կրթություն եւ կոտրում այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: «Դեպի լույս» երգչախումբը մեծ սիրով ու ոգեւորությամբ է պատրաստվում դպրոցի հոբելյանական համերգին: Երգչախումբը կկատարի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած երգերը, որոնք նվիրված են դպրոցին եւ երեխաներին: Այդ օրը իր ողջույնը կհղի դպրոցին նաեւ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» երգչախումբը: Նրանք նույնպես կերգեն իրենց ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած երգը, որով երեխաները կշնորհավորեն դպրոցին:

Շատ հագեցած է անցնում երգչախմբերի առօրյան: Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված՝ «Միշտ կողքիդ եմ» խորագիրը կրող համերգային ծրագիրը Նորքի տուն-ինտերնատում, ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող համերգային ծրագիր Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում եւ շարունակ համերգներ, որոնք երեխաներին ներշնչում են ու ոգեւորում:

Երգչախումբը պատրաստվում է նաեւ համերգային շրջագայության: Ամռանը կմասնակցի Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայանալիք փառատոնին: Նաեւ պատրաստվում է Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակներին նվիրված հոբելյանական համերգների` Իսպանիայի մի շարք հայաշատ քաղաքներում՝ Վալենսիա, Միսլատա, Կույերա եւ այլն: Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի նախաձեռնությամբ, ովքեր ապրելով հայրենիքից հեռու, ազգանվեր ու հայապահպան գործունեություն են ծավալում Սփյուռքում:
«Արարատ» հայկական միության ջանքերի շնորհիվ ապրիլի 12-ին Իսպանիայի Բուրգոս քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Տարին լինելով Կոմիտասին եւ Թումանյանին նվիրված՝ պիտի անպայման երկու հանճարները ըստ արժանվույն գնահատվեն: Հայաստանում եւ Սփյուռքում պիտի շատ հնչեն նրանց ստեղծագործությունները: Ես շատ մեծ ոգեւորություն եմ ապրում, քանի որ իմ սաները շատ են սիրում Թումանյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Հայաստանում նույնպես պատրաստվում ենք ունենալ մենահամերգ Կոմիտասին եւ Թումանյանին նվիրված: Պետք է շատ սիրենք, անաղարտ պահենք ու գնահատենք մեր ազգային արժեքները»,-իր խոսքը եզրափակեց Վարդուհի Խաչատրյանը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ, 

19.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930