Լրահոս
Օրվա լրահոսը

Ակորդեոն. մոռացված գործիքը նորովի հնչողությամբ

Ապրիլ 20,2019 12:00

«Նարեկացի» արվեստի միության համերգասրահում այս անգամ ակորդեոնի հին ու բարի հնչյուններն էին հիացական ժպիտ պատճառում հանդիսատեսին:

«Արմենոպոլիս» ակորդեոնային համույթի «Ակորդեոնային հնչյուններ» խորագիրը կրող համերգային երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի, արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ գեղեցիկ վալսեր, քնարական կատարումներ: Հատկապես անզուգական էր Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» ստեղծագործությունը` ակորդեոնային հնչողությամբ: Ի դեպ, համույթը 2015 թվականին եւս ելույթ է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում «Ակորդեոնի վարպետները» խորագիրը կրող համերգային ծրագրով:

Պատմական էքսկուրս կատարելով՝ նշեմ, որ ակորդեոնը Հայաստան թափանցել է 19-րդ դարավերջին Ռուսաստանից ու Թիֆլիսից, որտեղ տարածվել էր Եվրոպայից: Խորհրդային տարիներին այն լայնորեն կիրառվում էր բազմաթիվ ազգագրական անսամբլներում, որտեղ նվագում էին երաժշտական կրթօջախներում մասնագիտացած ակորդեոնահարները: Ակորդեոնը սիրված էր նաեւ ժողովրդի շրջանում եւ կային սիրողական մակարդակի երաժիշտներ, ովքեր հիմնականում նվագում էին հարսանիքների, խնջույքների ժամանակ: Ես հիշում եմ՝ ակորդեոն տեսել եմ պապիկիս տանը՝ կարմիր, մեծ գործիքը սեւ տուփի մեջ, հյուրասենյակի պատվավոր անկյունում հանգրվանած… Պապիկիս փափագն էր՝ մորեղբայրս ակորդեոն նվագել սովորի եւ իր գնած գործիքը անգործության չմատնվի… Սակայն Հայաստանի անկախացումից հետո ակորդեոնը դուրս մղվեց երաժշտական դպրոցներից ու ազգագրական անսամբլներից: Դրանից հետո կամաց-կամաց այն սկսեց դուրս մղվել նաեւ խնջույքներից…

Գուցե լայն հանրությանը հայտնի չէ, որ ակորդեոնի հեղինակը՝ Կիրիլ Դեմյանը, նվագարաններ պատրաստող հայազգի վարպետ է, ով ծնվել է Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո 16-րդ դարում Ռումինիա գաղթած հայերի հիմնած Արմենոպոլիս քաղաքում, որը ներկայումս կոչվում է Գեռլա: Կիրիլ Դեմյանը երաժշտական գործիքներ՝ ռոյալ, դաշնամուրներ, երգեհոններ պատրաստող վարպետ էր, ուներ սեփական խանութը, որտեղ վաճառում էր այդ նվագարանների համար իր պատրաստած մասերը, ստեղնաշարային ու փողային նվագարանների առանձին մասեր: Ի դեպ, այսօր Վիեննայի Երաժշտության տանը ցուցադրվում են Կիրիլի պատրաստած նմուշները: Դեմյանը երկար տարիներ մտածում էր իր երաժշտական գործիքը ստեղծելու մասին: Նա գծագրեր էր կազմում, հաշվարկներ անում՝ ձգտելով ստեղծել կատարելագործված նվագարան: Եվ իր որդիների՝ Կարլի եւ Գվիդոնի հետ ստեղծեց ակորդեոն նվագարանը: Դեմյանի նվագարանն ուներ ընդամենը հինգ ստեղն, որոնք նախատեսված էին միայն ձախ ձեռքի համար: Ամեն մի ստեղնի համապատասխանում էր մեկ ակորդ, որից էլ ծագեց նվագարանի անունը՝ ակորդեոն: Նվագարանը պատրաստվեց 1829 թվականին եւ արտոնագրվեց Վիեննայում: Ակորդեոնով կարելի էր նվագել պարզ մեղեդիներ՝ մեկ տոնայնության մեջ: Սակայն դա երաժշտության սիրահարներին բնավ չխանգարեց ձեռք բերել նորաստեղծ նվագարանը երաժշտական խանութներից, ակորդեոնի գործարաններից: Ուշագրավ է, որ ակորդեոնը ներառում է տարբեր նվագարանների առանձնահատկություններ. տեսքով այն հիշեցնում է բայան նվագարանը, տեխնիկական կառուցվածքով առնչվում է շրթհարմոնի հետ, իսկ ստեղնաշարով եւ հնարավորություններով մոտ է դաշնամուրին: Այն կարող է իր հնչողությամբ թողնել անսամբլի տպավորություն: Ստեղծման օրվանից ակորդեոնը ենթարկվել է խիստ մշակման ու նորացման, ավելի ու ավելի կատարելագործվել՝ դառնալով անփոխարինելի նվագարան ժողգործիքների անսամբլներում: Ակորդեոնի ի հայտ գալուց հետո Կենտրոնական Եվրոպայում մեծ ժողովրդականություն վայելող շրթհարմոնի փառքը սկսեց խամրել: Ակորդեոնը լայն ճանաչում ու ժողովրդականություն ձեռք բերեց Բրիտանական կղզիներում, իսկ 1840-ականներին՝ ԱՄՆ-ում: Ադոլֆ Մյուլլերը իր՝ «Ակորդեոնի դպրոցը» գրքում ներկայացրեց նվագարանի տարբեր տեսակների նկարագրությունները: Հավելեմ, որ մայիսի 23-ը նշվում է որպես ակորդեոնի ծննդյան օր:

Ողջունելի է, որ վերջին տարիներին մասնագիտական կրթություն ունեցող փոքրաթիվ ակորդեոնահարները համախմբվել են՝ Հայաստանում ստեղծելով «Ակորդեոնահարների համահայկական միություն», ակորդեոնը Հայաստանում վերստին տարածելու, հայ իրականությունից անհետացող նվագարանը քարոզելու եւ նոր սերնդին հրապուրելու համար՝ «Արմենոպոլիս» համույթի երախտավորների մասնակցությամբ կազմակերպելով համերգներ, ակորդեոնով հնչեցնելով դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ…

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930