Օգտատերերից մեկն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել՝ մինչեւ երբ պետք է աշխատի բոլորի փոխարեն: Նիկոլ Փաշինյանը, որը օգտատերերի հարցերին պատասխանում էր ֆեյսբուքի ուղիղ եթերով, ասաց, որ ինքն աշխատում է բացառապես իր փոխարեն, բայց այն, որ ինքը պետք է շատ աշխատի, փաստ է։
«Անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը նրանը չէ»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ իր թիմի անդամներն էլ են շատ աշխատում. «Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ, չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, եւ ուրիշների կատարած աշխատանք լավ չի երեւում։
Նա ասաց, որ թիմի աշխատանքից լիարժեք գոհ չի, բայց իր աշխատանքից էլ լիարժեք գոհ չէ. «Եթե իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար, ուրիշների աշխատանքից էլ լիարժեք գոհ չեմ կարող լինել: Բայց այդ ուրիշները՝ իմ թիմակիցները, շատ հաճախ անարդար քննադատության են ենթարկվում, շատ հաճախ զուտ քաղաքական մանիպուլյացիաների պատճառով»:
Ըստ Փաշինյանի, չի ասում, թե բոլորը կատարյալ են ու ռեկորդ են խփում, բայց հնչած մեղադրանքների 90 տոկոսը հիմնավոր չէ. «Մարդիկ աշխատում են, այն արդյունքները, որոնք մենք ունենք, չեն կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել, դա թիմային աշխատանքի արդյունք է։ Երբ նման շեշտադրումներով հարցադրումներ են լինում, ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որովհետեւ մտածում եմ, որ ինձ վրա կամա թե ակամա ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում, ինչ արդյունքում ուրիշների աշխատանքը չի երեւում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ