Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, Կենտրոնական Բանկի նախագահն ու Փոխվարչապետը ձեզ խաբում են, կան վարկային կազմակերպություններ, որոնք քերթում են ժողովրդին». ՖԲ օգտատեր

Ապրիլ 19,2019 22:45

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր ֆեյսբուքում վարչապետին դիմելով գրել էր՝ «Պարոն Փաշինյան, բարձր տոկոսով վարկերի քոքը կտրել տվեք ՀՀ-ից, 100 եւ ավելի տոկոսով վարկերը կործանում են ՀՀ քաղաքացիներին, նույնիսկ գյուղվարկեր կան 50%-ից ավել, Ձեզ խաբում են, Կենտրոնական Բանկի նախագահն ու Փոխվարչապետը, նրանք Կառավարության նիստում սլաքները ուղղեցին դեպի գրավատները, բայց խոսքս Վարկային կազմակերպությունների մասին է: Եթե կցանկանաք կարող եմ 20 եւ ավելի վարկատեսակ ցույց տալ, որոնք քերթում են ժողովրդին»: Այս օգտատիրոջ գրառումը 3700 հավանության էր արժանացել:

Նշենք, Նիկոլ Փաշինյանն այսօր երկու ժամ ուղիղ եթերով պատասխանեց այն օգտատերերի հարցերին, որոնք ամենաշատն էին հավանության արժանացել:

ՀՀ-ում քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա: Այսպես` արձագանքեց Փաշինյանը՝ նշելով, որ  այս հարցից հետո տեղեկանք է ուզել եւ ստացել է նույն պատասխանը, որ 24 տոկոսից ավել վարկեր գոյություն չունեն, ավելի բարձր տոկոսով վարկեր գործում են այլ կազմակերպություններում. «Բայց խնդիրը հետեւյալն է՝ բանկային տույժ-տուգանքների հետ կապված որոշում ենք կայացրել եւ հնարավորություն ենք ստեղծել, եւ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, ու մոտավորապես 10-15 հազար մարդ արդեն իսկ օգտվել է այդ տույժ-տուգանքներից ազատվելու հնարավորությունից»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի. «Այս պատմության լուծումն այն է՝ մենք կարո՞ղ ենք արդյոք դնել տոկոսի վերին շեմ: Աշխարհի ոչ մի երկրում այդպիսի բան չկա, եւ դա սխալ է, որովհետեւ դա ընդամենը հնարավորություն է, եւ մենք այստեղ լուծումը տեսնում ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մեջ, որովհետեւ երբ մարդուն գումար է պետք, նա վերցնում է առանց դրա հետեւանքների մասին մտածելու, առանց կարդալու թղթերը, որն ինքը ստորագրում է»:

Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանի տնտեսությունների՝ ընտանիքների 80 տոկոսն ունի վարկային որոշակի պարտավորություններ, եւ այդ 80 տոկոսի համար այդ վարկային պարտավորությունները կատարելը բավականին դժվար է. «Այստեղ պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք: Մենք մեկ ճանապարհ ենք տեսնում՝ մարդկանց համար աշխատելու հնարավորություն ստեղծելով, տույժ-տուգանքները վերացնելով, որ մարդիկ գան այն նախնական վիճակին, ինչ վիճակով որ վերցրել են վարկեր: Թեմաներ կան, որ Հայաստանում ցավոտ են ընկալվում, բայց դրա մասին պետք է խոսենք՝ ՀՀ-ում քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը պետք է բարձրանա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով,եթե մարդիկ ֆինանսական գրագիտություն ունենային, բոլորը կփրկվեին. երաշխավորը չէր երաշխավորի՝ հասկանալով, ճանաչելով իր բարեկամին, իմանալով, որ նա այդ վարկը չի կարողանալու փակել, իսկ էդ մարդն էլ երաշխավոր չէր ունենա, վարկ չէր վերցնի, պարտքերի տակ չէր ընկնի.«Աստվածաշնչում գրված է՝ ուրիշի  պարտքին երաշխավոր մի՛ կանգնիր, այս ֆինանսական գրագիտության խնդիրն այն ժամանակից եղել է: Պետությունից այս հարցում շատ լուրջ պահանջներ կան: Բայց մարդն է գնացել, փողը վերցրել, պարտավորվել է եւ չի կարողացել վերադարձնի: Պետությունը կարո՞ղ է ամբողջական պատասխանատվություն ստանձնել քաղաքացու չկատարած պարտավորության համար, իհարկե չի կարող: Պետությունը պե՞տք է ուղիներ գտնի, որպեսզի քաղաքացիներին օգնի, որ նրանք իրենք էդ իրավիճակից դուրս գան, այո, իհարկե: Մենք այս ուղղությամբ քայլեր արե՞լ ենք, այո, իհարկե: Մենք տույժ-տուգանքների վերացման հնարավորություն ենք ստեղծել, մենք 125 հազար քաղաքացու վարկային պատմությունը մաքրել ենք, ստեղծել ենք բազմաթիվ ծրագրեր արտոնյալ պայմաններով, որ մարդիկ գումար աշխատելու հնարավորություն ստանան, մենք հարկային օրենսգիրքն ենք բարեփոխում,որ միկրոբիզնեսն ազատենք հարկային պարտավորություններից, եւ մենք օգնում ենք քաղաքացիներին, որ իրենք աշխատելով հաղթահարեն»:

Վարչապետն ասաց, որ օգտատիրոջ մատնանշած  թեմայի վրա աշխատում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930