Այսօր Սամվել Բաբայանի «Իգլայի» եւ «փողերի լվացման» գործով դատական նիստն էր եւ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց գործով վկա Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները հրապարակել: Մեկ այլ միջնորդությամբ էլ պաշտպանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մասին, ըստ որի փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի համար պետք է ապացուցվի, որ այն ստացվել է հանցավոր ճանապարհով, պաշտպանական կողմն ասաց, որ Սամվել Բաբայանի գործով չի ապացուցվել, որ կա նախորդող հանցագործություն, այսինքն, հանցակազմ չկա: Ուստի այդ գործը ենթակա է կարճման: Մեղադրող դատախազն ասաց, որ առաջին միջնորդությունը ենթակա է մերժման, անհիմն է, իսկ ինչ վերաբերում է գործը կարճելուն, նա ասաց, որ այդ մասով հետաձգեն, մինչեւ էական հանգամանքներ կպարզեն:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է «փողերի լվացման» համար: Ավելի վաղ դատական նիստերից մեկում Սամվել Բաբայանը պարզաբանել էր ինչպես է ստացել այդ փողը: Նա ասել էր, որ ռուսաստանցի Վասիլին իրեն 35 հազար դոլարի պարտք է ունեցել, որը մարել է աստիճանաբար, եւ մնացած 5000 դոլարի փոխարեն ուղարկել 5000 եվրո՝ նախապես տեղեկացնելով, որ դրանք «ներկոտված» են: Բաբայանը խնդրել է նմուշ ուղարկել՝ պարզելու համար՝ իրակա՞ն փողեր են, հնարավո՞ր է մաքրել, թե՞ ոչ: Թղթադրամների նմուշները Երեւան-Մոսկվա երթուղով հասել են Բաբայանին, ինքն էլ, իր պատմելով, դիմել է գործով մեկ այլ ամբաստանյալ Կարեն Քոչարյանին, որն իր գործընկերն է, ու խնդրել հետաքրքրվել՝ հնարավո՞ր է ներկը՝ «լաքան», մաքրել:
Այսօր նիստում Բաբայանն ասաց, որ դատախազը իրեն մեղադրելու համար պետք է ունենար բավարար ապացույցներ, իսկ հիմա գործը ձգձգելով՝ այն տանում են փակուղի. «Կոնկրետ գումարի վերաբերյալ ես մատնանշել եմ հասցեատերը՝ ումից եմ ստացել: Քննչական վարչությունը մարդ է ուղարկել Մոսկվա, եթե էդ մարդը եղել է հանցագործ, գողացած, ՌԴ-ում պետք է նրան ձերբակալեին: Բայց ԱԱԾ են հրավիրել, որեւէ հանցանք չի եղել, ազատ են արձակել: Հարց է ծագում՝ ինչի՞ եք այս քայլերն անում»: Նա դատավորին հորդորեց միջնորդություններն ընդունել ու մանրամասն քննել: Գործով մյուս մեղադրյալները՝ Սանասար Գաբրիելյանը, Պողոսյանը նույնպես կողմ էին, որ միջնորդություններն ընդունվեր:
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ավելի ուշ որոշում կայացվեց Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումները, գաղտնալսումները պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժել, մերժվեց նաեւ երկրորդ միջնորդությունը, որով պահանջում էին Սամվել Բաբայանի նկատմամբ փողերի լվաց,ման համար հարուցված գործը կարճել:
Կարդացեք նաև
Հետո դատախազը ներկայացրեց մեղադրանքը: Դատավորը Սամվել Բաբայանին հարցրեց՝ լսեցի՞ք ինչում եք մեղադրվում, պա՞րզ էր: Սամվել Բաբայանը պատասխանեց. «Լսեցի: Ոչ թե պարզ էր, լավ կինո է, սերիալ է, վաղուց նայում եմ: Ես ինձ մեղավոր ոչ էն ժամանակ եմ ճանաչել, ոչ էլ հիմա: Ձերբակալման առաջին իսկ օրից, ես իրենց բերած ձայնագրություններին հատ-հատ տվել եմ պատասխան, որը պնդում եմ հիմա՝ ինչի համար է, ինչ գումար, ինչի համար ու որտեղ եմ տվել: Սա ուղղակի ժամանակի վատնում է: Երկու տարի է՝ դատ են անում: Սա դատ չի, ուղղակի փորձում են մարդուն մեղադրեն: Իմ գործողություններից ո՞վ է տուժվել, իմ գործողություններից տուժող կա՞, գողացե՞լ եմ ձեզանից ո՞վ է հաստատել դա: Չի կարելի: Չի կարելի անընդհատ ինձ գողացած ասել, եթե եվրոն Եվրոպայից հասել է այստեղ, գումար են վաճառել, առել եմ, տուժող կողմը ո՞վ է: Ինչ վերաբերում է զինամթերքին, էդ մեղադրանքը ես չեմ ընդունում: Դա զինամթերք չի, տռուբա է, դա զենք չի, ոչ էլ զինամթերք է»:
Մյուս ամբաստանյալը՝ Սանասար Գաբրիելյանը նույնպես հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում. «Շինծու գործ է, լավ էլ հեքիաթ է, լավ էլ սարքած: Մի հատ հարց եմ տալիս՝ Հրաչ Մայիլյանը էդ տրուբեն բերել էր ծախելո՞ւ, թե՞ ԿԳԲ հանձնելու, թող պատասխանի»:
Ամբաստանյալ Անդրանիկ Պողոսյանը նույնպես իրեն մեղավոր չճանաչեց. «Ես ինչո՞ւմ եմ մեղավոր, իրենք էն ըտենց ուզել»: Դատախազն առաջարկեց առաջին հերթին հարցաքննել վկաներին: Դատարանը որոշեց, որ սկզբում պետք է հետազոտեն ապացույցները, հետո հարցաքննեն վկաներին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 3-ին, ժամը 14-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ