«Եթե Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա որեւէ հանցագործության մեջ չի մեղադրվել, հանցագործ չէ, այդ դեպքում ինչի՞ համար եւ ում դեմ էր հեղափոխությունը.»,-վարչապետ Փաշինյանին ֆեյսբուքով նման հարց է ուղղել Դավիթ Տոնոյան անունով օգտատերը:
Ըստ Փաշինյանի, սխալ է՝ ասել, որ ինչի՞ կոնկրետ այս մարդը բռնված չէ: Վարչապետի խոսքով, կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ տասնյակ գործեր են հարուցված եւ այս պահին կալանքի տակ են գեներալ Մանվել Գրիգորյանը, կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ է բնապահպանության նախկին նախարարը: Հետախուզման մեջ է Միհրան Պողոսյանը եւ այլն:
Փաշինյանի խոսքով իր համար սկզբունքը մեկն է՝ ոչ մեկն արտոնյալ չի լինելու, օրենքի առաջ բոլորն են հավասար. «Սակայն ինձ ուղղված այս հարցում կա այլ կոնտեքստ եւս՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը ինչ-որ գործով կմեղադրվի, թե ոչ: Ես այս հարցի տողատակում կարդում եմ հետեւյալը՝ հնարավոր է արդյոք Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություններ ունեք: Ասում եմ հստակ՝ ես չեմ կարող այդպիսի խաղիկների մեջ ներգրավված լինել. սա եկեք միանշանակ փաստենք: Ես չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ բանի մեջ կմեղադրվի, թե ոչ, բայց կարող եմ երաշխավորել, եթե մեղադրվելու համար հիմքեր լինեն, որեւէ քաղաքական խոչընդոտ չի լինի»:
Նա նաեւ մատնանշեց Հյուսիս–հարավի գործը, որի վերաբերյալ քրգործ է հարուցված եւ քանի ամիս է քննություն է գնում: «Ենթադրվո՞ւմ է, որ այստեղ պետք է լինեն ներգրավված պաշտոնյաներ, այո, ենթադրվում է, բայց առ այսօր չկան, քանի որ այդ գործի ծավալն այնքան մեծ է, որ քննությունը շատ երկար կարող է տեւել»,– նշեց նա:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ