Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատասխանեց այն օգտատերերի հարցերին, որոնք ամենաշատ հավանում էին ստացել:
Blac Zone անունով օգտատիրոջ գրած հարցը 3800 հավանում էր ստացել: Հարցն առնչվում էր «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի՝ աշխատանքից ազատվելուն:
«Սիրելի պարոն Փաշինյան մենք հարց չունենք, բայց ունենք մի մեծ խնդրանք մեր ամբողջ հետեւորդների անունից խնդրում ենք, ներեք մաքսատան այն աշխատակցին, որը դիմում գրեց եւ ազատվեց Ձեր կոչով։ Իսկապես մենք գիտակցում ենք, որ նա մեծ սխալ է արել դրոշը գետնին թողնելով, բայց մեզ հարյուրավոր նամակներ են գրում, որպեսզի մենք բարձրացնենք այս հարցը։ Հույս ունենք կկարդաք մեր խնդրանքը եւ կարձագանքեք»,-գրել էր ֆեյսբուքյան այս օգտատերը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ է վերլուծել այդ օրվա իր գործողությունները, ռեակցիաները եւ գտնում է ինքը ճիշտ է վարվել:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի, գուցե այդ մեկ մարդու համար, որ ազատվեց աշխատանքից, որպես մեկ անհատ, դոզան շատ էր. «Իրականում ես այդ քաղաքացուն ո՜չ ճանաչում էի, ո՜չ տեսել էի, ո՜չ անուն ազգանունը գիտեի, նա ինձ համար ընդամենը պետական պաշտոնյայի սիմվոլ էր, ով անարգում է դրոշը, եւ, ես ազատել եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք անարգել են դրոշը»:
Փաշինյանն ասաց, որ իր որոշումը չի փոխի այդ միջադեպի առնչությամբ. «Ես շատ ցավում եմ, որ չեմ կարող ձեր խնդրանքը կատարել: Համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել»:
Նաեւ ասաց, որ այսուհետ էլ, եթե նման տեսարանի ականատես լինի՝ նույն կերպ է վարվելու: Նրա կարծիքով, ուսադիրով պաշտոնյայի նկատմամբ պահանջները չափազանց բարձր պետք է լինեն:
Վարչապետի խոսքով, կարծիքներ են հնչում,թե ինչու ՊԵԿ ղեկավարին չի ազատել, քանի որ պատասխանատուն նա է, բայց, ըստ Փաշինյանի, եթե նույն տրամաբանությամբ շարժվեն, պետք է ինքը հրաժարական տա:
Վարչապետի հասցեին ուղղված այն քննադատություններին, թե աշխատակցի հետ «դու»-ով է խոսել, ասաց, որ «երբեմն, ամենակարեւոր ասելիքները ասում են «դու»-ով, երբեմն «դու»-ի անցնելը ունի շատ մեծ իմաստ: Մարդն աստծո հետ էլ է «դու»-ով խոսում»: Այն քննադատություններին էլ, թե վարչապետը պահանջել է ուղիղ կանգնի, Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ «Խնդիրն իմ անձի մեջ չէ: Հարցն այն է, որ վարչապետի մոտենալը ռեակցիա չի առաջացնում ուսադիրով աշխատակցի մոտ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ