Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններում 6000 հայ է ապրում․ ի՞նչ դիրք են զբաղեցնում նրանք

Ապրիլ 19,2019 21:21

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին և դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին Գյումրիում հայտնեցին, որ իրենց երկրում ապրում են երկու հարյուր ազգությունների ներկայացուցիչներ, կա նաև հայկական համայնք, որը բաղկացած է վեց հազար հայերից։

Aravot.am-ը դիվանագետներից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրք են զբաղեցնում հայերը Էմիրություններում․ նրանք հիմնականում բիզնես ոլորտում են ընդգրկվա՞ծ, թե՞ կան ազդեցիկ դեմքեր նաև կառավարման ոլորտում։

«Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական համայնքը հնագույնն է համարվում․ դեռևս Հայոց Ցեղասպանությունից հետո այստեղ հանգրվանել են բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք օգնել են նաև Էմիրությունները կառուցելուն և բիզնես ոլորտով զբաղվելու հարցում։ Մի այսպիսի դեպք եղավ․ վերջերս Երևանում հանդիպել ենք մի հայ մարդու, որը մեզ պատմեց, որ ապրել ու աշխատել է Էմիրություններում 50-ական թվականներից։ Նա Շարժայում շինարարական կազմակերպություն ուներ և մեծ ներդրող էր համարվում։Հայերի մեջ կան շատ բիզնեսմեններ»,- ասաց հյուպատոս Ահլամ Ալ Սալամին։

Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա Ալ Զաաբին էլ, խոսելով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա ապրանքաշրջանառության մասին, ասաց․«2017 թվականին 250 միլիոն դոլարի է հասել, 2018 թվականին՝ 180 միլիոն դոլարի։ 2018 թվականին 111 հազար 500 էմիրատցի է այցելել Հայաստան, մենք անմիջական ավիաընկերություններ ունենք և շաբաթական 16 չվերթ է կատարվում, և սա մեծ դեր է կատարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության բարձրացմանը»։

Որ ոլորտներում ներդրումներ կանեն, դիվանագետներն ասացին, որ հիմնականում հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտով, պատճառը օդային կարճ ճանապարհն է, երեք ժամ է Երևան հասնելը։

Ի դեպ, այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնայողական էներգիայի, տարբեր տեսակի ապրանքների արտահանման ու իրացման ոլորտը կարևորելով՝ խոսել է նաև «Շիրակ» օդանավակայանից դեպի Էմիրություններ չվերթ մտցնելու մասին, որը կնպաստի տուրիզմի զարգացմանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930