Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցների ջանքերով միջոցառումներ են անցկացվել հանրապետության մարզերում:
Մասնավորապես Վայոց ձորի մարզում մաքրվել ու բարեկարգվել է 60-ից ավելի հուշարձանի տարածք: Մարզային ծառայության պատասխանատուներն աշխատանքներում ընդգրկել են դպրոցականների, կամավորների, ժամկետային զինծառայողների:
Հայրենիքի պաշտպանների օգնությամբ մաքրվել են Եղեգնաձորի ԵԱԶ, Գլաձորի, Վերնաշենի՝ արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքները:
Դպրոցականների մասնակցությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել Հեր-հեր, Գնդեվազ, Մարտիրոս, Արենի, Զառիթափ, համայնքներում գտնվող հուշարձանների տարածքներում:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ը օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա է առաջադրում: Այս տարվա խորագիրը՝ «Գյուղական լանդշաֆտներ» է: Խորագրին համահունչ մարզային ծառայության պատասխանատուները զրույց-դասախոսության միջոցով միջոցառման մասնակիցներին ծանոթացրել են մարզի հուշարձաններին ու գյուղական լանդշաֆտներին:
Արտաբույնք համայնքի մշակույթի տան դահլիճում բացվել է «Հուշարձանը մանուկների աչքերով» ցուցադրությունը:
«Գյուղական լանդշաֆտները և մշակույթը» զեկուցումով հանդես է եկել «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը:
Ծաղիկներ են խորնարհվել Արտաբույնքի՝ ԵԱԶ և Վարդանանց պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Ապրիլի 18-ին նվիրված միջոցառումների արդյունքներն ամփոփվել են մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի կողմից: Առավել ակտիվ դպրոցականներին՝ պատվոգրեր, իսկ համայնքների ու հանրակրթական դպրոցների ղեկավարներին՝ ՊՈԱԿ-ի տնօրինության անունից շնորհակալագրեր են հանձնվել: Երաժշտական կատարումներով հանդես են եկել Թովմաս Պողոսյանի «Սայաթ Նովա» աշուղական անսամբլի Վայոց Ձորի մասնաճյուղի կատարողները:
Միջոցառումներին մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետարանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուները:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ