Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ ապրիլի 22-ին ժամը 12:30-ին:
Պաշտպանն ասաց, որ դատարանին են ներկայացրել դատաբժշկական եզրակացության օրինակը, որը ներկայումս ՀՔԾ-ում քննարկման առարկա է, որպես փաստաթուղթ ստացվել է ապօրինի ճանապարհով եւ ստորագրվել է դրա լիազորությունը չունեցող անձի կողմից:
Հարցին, թե արդեն որերորդ միջնորդությունն է ներկայացնում, որպես Մանվել Գրիգորյանի փաստաբան, այս անգամ ի՞նչ ակնկալիք ունի, հատկապես, որ դատավորը նույնն է, Արսեն Մկրտչյանն ի պատասխան ասաց՝ դուք ոնց, որ ձեր հարցին պատասխանեցիք. «Որեւիցե ակնկալիք դատավորից չունեմ, երբեւիցե չեմ ունեցել: Երբ որ խոսքը կապված կլինի ազատամարտիկի, զինվորի հետ, գիտեմ, որ ոչ բարենպաստ դատական ակտն ապահոված է: Նոր բան չենք սպասում նրանց կողմից»:
Կարդացեք նաև
Պաշտպանը վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է.«Քանի որ շատ է այս հարցը տրվում եւ թվում է, մի բանը շատ ասելուց դառնում է սովորական, ընդ որում, կուզեի մի քիչ ուրիշ լույսի ներքո նայենք: Երբ խոսում ենք պարոն Գրիգորյանի առողջության մասին, մենք խոսում ենք կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններով, հիվանդ մարդու մասին: Այսինքն, երբ որ իր առողջությունը չի վատթարանում եւ մնում է կայուն վիճակի, դա բժիշկները գնահատում են, որպես հաջողություն:
Շնորհիվ Մարինե Մելքոնյանի, որը կալանքը տվող դատավորն էր, եւ կալանքի ժամանակ ներկայացված էր բժշկական փաստաթղթերը, դեռեւս անցյալ տարվա հունիսի 19-ին ունեցել է ձեռքի տակ փաստաթղթեր, որ ունի շաքարային դիաբետ, ունի քաղցկեղ, հեռացված թոք, եւ այն ժամանակ շաքարը 7 էր եւ ընդհանարապես չէր ստանում ինսուլին:
Կալանքի հետեւանքով, այն պատճառով, որ Մանվել Գրիգորյանը նույն դատավորի որոշումով, որը հաշվի չառավ այդ հիվանդությունները եւ նա հայտնվեց կալանքի մեջ, 10 ամիս հետո, այսօր ունենք պատկեր 110 միավոր ինսուլին եւ շաքարային ցուցանիշ՝ լավագույն դեպքում, լավագույն կլինիկաներից մեկում հոգատար վերաբերմունքի ներքո՝ 24-25 գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ»:
Պաշտպանի կարծիքով, դատավորը դիտավորյալ հետամուտ է եղել, որպեսզի Մանվել Գրիգորյանը խոշտանգվի կալանքի մեջ: Նա դատավորին մեղադրեց կոնվենցիայի իրավունքը խախտելու մեջ:
Արսեն Մկրտչյանը նաեւ ասաց, որ կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալը չի նշանակում, որ հիվանդը պետք է անկողնային լինի.«Ընդհակառակը Ֆրանսիայի հիմնական բժշկի կողմից ցուցում էր տրված, որ պետք է Մանվել Գրիգորյանը մաքուր օդում շատ գտնվի: Պետք է քայլի՝ արյան շրջանառությունը վերականգնելու համար: Երբ որ մենք ասում ենք,որ վերջույթները սեւանում են, դա նշանակում է, որ պետք է մարդը շարժման մեջ գտնվի: Իսկ այդ շարժումը քրեակատարողական հիմնարկում եւ նաեւ հիվանդանոցում, այն ռեժիմով, որով որ պահվում է Մանվել Գրիգորյանը՝ սահմանափակված է»:
Պաշտպանն ասաց, որ ԱԱԾ հապավումը շատ է շահարկվում, բայց այն պահից, երբ որ գործը փոխանցվել է քննչական մարմիններին, ԱԱԾ-ն որեւիցե առնչություն չունի. «Նրա հսկողությունն իրականացվում է քրեակատարողական վարչության ուժերի կողմից, որի հետ կապված պաշտպանական կողմը որեւէ դժգոհություն չունի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ