ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի և Եվրովերելակ ՍՊ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն աշխատանքներն իրականացվել են թերի, իսկ գումարները յուրացվել են:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պայմանագրով նախատեսված ընդհանուր՝ 77.774.000 դրամից Եվրովերելակ ՍՊ-ի տնօրենը առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով պայմանագրի կնքմանը մասնավոր կարգով աջակցած մի քաղաքացու հետ, փաստացի չեն կատարել պայմանագրով նախատեսված ամբողջ ծավալով աշխատանքը և յուրացման եղանակով հափշտակել են շուրջ 37.000.000 դրամ:
Իսկ Կապանի քաղաքային համայնքի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ինչպես նաև իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օրինական մրցույթ հայտարարելու ստորագրել են եռակողմ պայմանագիր, ինչից հետո էլ ընդունել են փաստացի ամբողջ ծավալով չկատարված աշխատանքները: Դա էլ Կապանի քաղաքային համայնքի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի համար առաջացրել է ծանր հետևանքներ:
Հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն