Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչենք մեր հերոսներին. Ընդհատված թռիչք

Ապրիլ 19,2019 22:00

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Յուրան հավատացած էր, որ անցնող յուրաքանչյուր օր իմաստավորված պատմություն էր դառնալու, որովհետև աննկատ անհետացող ժամանակը նա փրկում էր մոռացությունից` գիտակցելով, որ մարդու հիշողությունն ի վերջո ազգի հիշողությունն է դառնում: Այդպես նա դարձավ անցյալը ներկային կապող անտեսանելի շղթայի անմահ օղակ, որովհետև իր ապրած իմաստալից կյանքով հարստացնում էր հարազատ ժողովրդի կենդանի կյանքը, որը դառնալու էր պատմություն, ինչը մարդու հոգին լցնում է կյանքի նկատմամբ հույսով, հավատով և սիրով: Նրա անմար հույսը, անկոտրում հավատն ու անշեջ սերն ուղղակի վարակիչ էին. ով գեթ մեկ անգամ շփվել է ընկերասեր ու կենսասեր Յուրայի հետ, անվարան կարող է նույնն ասել: Նա երբեք անմահության անիրական պատրանքների չէր տրվում, ուստի պատահական չէր, որ երբ հայրենիքի գլխին մութ ամպեր կուտակվեցին, հավատարիմ զինակիցների հետ արյան կանչով ոտքի կանգնեցին, հայդուկներ դարձան` հայրենի սահմաններն անառիկ պահելու, իրենց ժողովրդին տեր կանգնելու, ապրելու նրա իրավունքները պաշտպանելու և ազերիների նորանոր վայրագությունները կանխելու համար:

Ուխտի զինվորի հավերժ բացակա ներկայությամբ մեր անսկիզբ, անավարտ ու անվերջ զրույցների ընթացքում հաճախ են իմ սրտում աննկատ կենդանանում նրա հախուռն մտքերը, խռովահույզ տագնապներն ու ինձ քաջածանոթ հույզերը, և ինչ-որ պահ թվում է, թե նա վերստին կենդանանում է իմ մեջ ու ասես աղաղակում.

–Ես ապրո՛ւմ եմ, ես կա՛մ, ես ձեր հե՛տ եմ, ձեր հիշողությո՛ւնն եմ…

…Ապրիլի վերջերին, Շուշիի գրոհից առաջ, մեր տղաները ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր դիրք են գրավում և չեն հասցնում ամրապնդել ու համալրում ստանալ, երբ ազերիները նախ հրետանային հուժկու նախապատրաստություն են սկսում` արկերի տեղատարափ թափելով, ապա ամբողջ ճակատով մեկ հակահարձակման անցնում` ձգտելով ամեն գնով կորցրածը ետ բերել: Կատաղի մարտ է սկսվում: Ինչպես միշտ, զինակիցներին ոգևորում է հրամանատարի ներկայությունը: Թեթև վիրավորները հրաժարվում էին մարտադաշտը լքել, առաջին բուժօգնությունը ստանալուն պես շարունակում էին կռվել: Կորուստներին ուշադրություն չդարձնելով և համառ դիմադրության հանդիպելով` հակառակորդը նոր ուժեր է մարտադաշտ նետում: Երբ թշնամու օղակն ավելի է սեղմվում, Յուրան, իրավիճակը ճիշտ գնահատելով, անմիջապես կապվում է հարևան ջոկատների հետ, բացատրում իրավիճակն ու օգնության կանչում: Զինակիցները խնդրում են դիմակայել մինչև տեղ կհասնեն: Վիճակը րոպե առ րոպե օրհասական է դառնում: Կատաղի մարտը ղեկավարող Յուրան չնայած ստիպված է լինում անվերջ կապի մեջ լինել դիրքապահ մարտիկների հետ, հուսադրել, որ օգնական ուժերը մոտենում են և պահանջում է մինչև վերջին փամփուշտը կռվել, սակայն կարճ ժամանակ անց, նկատելով թշնամու թվական գերակշռությունը և համոզվելով, որ հապաղելը կարող է օրհասական դառնալ, ստիպված է լինում նահանջի հրաման տալ` շրջապատման մեջ չհայտնվելու պատճառով: Կազմակերպված նահանջն ինչ-որ պահի վերածվում է անկանոն փախուստի: Որևէ մեկին մեղադրել չէր կարող, զինվորներից յուրաքանչյուրի կյանքի համար նաև ինքն էր պատասխանատու: Նա հանկարծակի նկատում է թիկունքից օգնության շտապող պահեստային ուժերի տղաներին, որոնց թվում է լինում նաև օրեր առաջ գնդերեց նշանակված Տեր Գրիգորը` լանջախաչը փարաջայի վրա կրծքից կախած, ավտոմատը ձախ ձեռքում, իսկ խաչը` աջում: Հրամանատարն անմիջապես դիրքավորվում ու դիմում է զինակիցներին.

-Տղերք, էս ո՞ւր ենք գնում, մեզ հետ ի՞նչ է կատարվում, իսկույն նոր դիրքեր գրավե՛ք, այլևս ո՛չ մի քայլ չենք նահանջելու:

Յուրայի հրամանը, մարտի նետված թարմ ուժերն ու Տեր Գրիգորի ներկայությունն իրապես հսկայական ազդեցություն են գործում, նահանջողները վերստին դիրքեր են գրավում, և կռիվն ավելի է թեժանում: Քիչ անց օգնության են հասնում Բեկոր Աշոտի ու մյուս ջոկատների մարտիկները, մեծ ջանքերի գնով կանգնեցնում ազերիների գրոհը: Կարճատև դադարը նպատակային օգտագործելուց, ինչպես նաև օգնության եկած ջոկատների հրամանատարների հետ անսպասելի հակագրոհի համարձակ պլան մշակելուց և ուժերի վերադասավորում կատարելուց հետո, հաջորդ առավոտյան Յուրան թշնամուց ետ վերցրած բարձունքից հպարտորեն նայում է անկանոն նահանջող ազերիներին:

Տեր Գրիգորի հետ վաղուց մտերմացած Յուրան նրա մասին առանձնակի ակնածանքով ու հարգանքով էր խոսում, իսկ մի այլ հոգևորականի հետ մինչ այդ… շատ դաժան էր վարվել: Մեկ տարի առաջ, կեսգիշերին մոտ, դիրքերը ստուգելուց մեքենայով վերադառնալիս, նկատում է ճանապարհի եզրով քայլող մի վանականի և վարորդին կարգադրում է կանգնել, նրան նույնպես վերցնել: Զրուցասեր Յուրան խոսքուզրույց է սկսում, հետաքրքրվում, թե ուշ ժամին վանահայրը որտեղից է գալիս և ուր է գնում, ապա սկսում է հարցերի տեղատարափը` Արցախում գտնվող վանքերի մասին: Անծանոթը մի քանի կցկտուր պատասխաններ է տալիս, ապա խորհրդավոր լռում` տարակուսանքով նայելով զինվորական համազգեստով զրուցակցին և մեծամտորեն ասում.

-Քո գործը կռվելն է, ոչ թե եկեղեցիների պատմությամբ հետաքրքրվելը:

-Աջ քաշիր և կանգնիր,- վարորդին անմիջապես կարգադրում է նաև հայոց եկեղեցու պատմությանը քաջատեղյակ Յուրան, ապա թեքվում և վանահորն ասում,- տեղ ես հասել, իջի՛ր:

-Ինչո՞ւ,- տարակուսանքով հարցնում է վանահայրը:

-Եթե դու Ղազանչեցոց ու Գանձասարի նշանավոր եկեղեցիների մասին պատկերացում անգամ չունես, մեզ ինչ-որ հեքիաթներ ես հրամցնում, հաստատ մյուս վանքերի ու հայոց կրոնի մասին տարրական գիտելիքներ էլ չես ունենա: Ես կիսագրագետ քահանայի հետ ճանապարհ գնալ չեմ կարող: Ոտքով տեղ կհասնես, ժամանակ շատ ունես, ճանապարհին կմտածես, թե ինչով ես զբաղվելու հետագայում: Չմոռանաս նաև մեղքերիդ համար թողություն անել…,- շշպռում է Յուրան:

Գունատված վանականը ստիպված է լինում մեքենայից իջնել: Յուրան տանել չէր կարողանում պարծենկոտությունն ու ստախոսությունը և այդպես է պատժում նրան: Նա տանել չէր կարողանում սուտն ու պարծենկոտությունը, դատարկամիտ կիսագրագետներին ու մեծամիտներին: ,,Եթե ստելու ես, ուրեմն առաջինն ինքդ քեզ խաբիր ու հայելու առաջ կանգնիր, անթարթ հայացքով նայիր աչքերիդ մեջ, թե քո տմարդի արարքից ամաչեցիր, հաջորդ անգամ չես խաբի,,- այսպիսի սկզբունք ուներ նա և դրանով էր առաջնորդվում:

Արթուր Փափազյանի հետ Երևանից Արցախ վերադառնալիս Գորիսում կարճատև դադար են առնում, որից հետո Արթուրը խնդրում է իր ընկերոջն ու նրա կնոջը հետները վերցնել:

-Ստեփանակերտի ճարտարապետն է, զրուցելով կգնանք, ժամանակն աննկատ կանցնի,- ասում է Արթուրը:

Յուրան չի առարկում: Երբ Գորիսից դուրս են գալիս, Յուրան խորամանկ հայացքով ու մեղմ ժպիտով նայում է ընկերոջը՝ հասկացնելով, որ ճարտարապետից «քննություն» պետք է ընդունի: Արթուրը վստահ է լինում, որ ստեփանակերտցի ընկերը Յուրայի հարցասիրությունը կբավարարի, սակայն կարճ ժամանակ անց խորը հիասթափություն է ապրում՝ նրա կցկտուր պատասխանները լսելով: Յուրան իր հարցերին մեծամասամբ ինքն էր պատասխանում կամ լրացումներ անում՝ անհարմար դրության մեջ դնելով ճարտարապետին: Ի վերջո նրա համբերության բաժակը լցվում է, երբ հերթական հարցի կիսատ-պռատ պատասխանն է լսում:

-Ասում եք Շահումյանի շրջանը գերազանց գիտեք, Չարեքդար գյուղում պատմամշակութային ի՞նչ հուշարձաններ կան և ի՞նչ է նշանակում գյուղի անունը,- հարցնում է Յուրան:

-Մի քանի խաչքար ու կիսավեր վանք կա, գյուղի անունն էլ չորրորդ դար է նշանակում, ասել կուզի, այդքան հին գյուղ է,- ինքնավստահ պատասխանում է ճարտարապետը՝ համոզված, որ այս անգամ զրուցակիցը գոհ կմնա:

-Ինքնուս ճարտարապետ, նախ գյուղի անունը սխալ մեկնաբանեցիք, չարեքդարը չորրորդ դարի հետ բացարձակապես կապ չունի, մեկ քառորդ է նշանակում, իսկ գյուղը հայտնի է 12-13-րդ դարերում կառուցված հինավուրց վանքով և նրա շրջակայքում գտնվող նույն դարերի հրաշակերտ խաչքարերով,- բարկանում է Յուրան և խոժոռված հայացքով նայում հիմար դրության մեջ հայտնված ճարտարապետին:

Լաչին չհասած նա կանգնեցնում ավտոմեքենան, Արթուրից ներողություն խնդրում, իսկ ուղևոր ամուսիններին պահանջում իջնել և որևէ պատահական մեքենայով ճանապարհը շարունակել, անպայման լինել Չաեքդարում, ուսումնասիրել թե եկեղեցին, թե խաչքարերը: Արթուրը մեղավոր հայացքով նայում է իր ծանոթներին՝ հասկացնելով, որ Յուրան ոչ միայն իրավացի է, այլև որոշումը չի փոխի:

…Ազերիները բարձրադիր Շուշիից իրենց հսկողության տակ էին պահում շրջակա բնակավայրերը և գիշեր ու զօր կրակե հեղեղ էին թափում հատկապես Ստեփանակերտի վրա` ավերածությունների ու զոհերի թիվն օրեցօր ավելացնելով: Մայրաքաղաքում տագնապալի օրերը հաջորդում էին միմյանց, ոչ ոք հստակ չգիտեր, թե հերթական հրետակոծությունը երբ էր սկսվելու: Թշնամու կրակակետերը ժամ առաջ լռեցնելն օրախնդիր հարց էր: Հրամանատարական հերթական խորհրդակցության ավարտին Կոմանդոսը Յուրային հանձնարարում է մի խումբ մարտիկների հետ անմիջապես հետախուզության գնալ Շուշիից տասնութ կիլոմետր հեռավորությամբ գտնվող Լիսագոր, տեղում աննկատ ծանոթանալ հակառակորդի ջոկատների, ուժերին, սպառազինությանն ու դասավորությանը, որպեսզի հաջորդ օրը կեսօրին ազատագրեն գյուղը:

Յուրան փորձառու հետախույզի համբավ ուներ, ինչում Կոմանդոսը համոզվել էր դեռևս 1990 թվականի ամռանը: Թթուջուրի ինքնապաշտպանության առաջին օրերն էին, երբ տեղեկություն ստացան, որ ազերի հրոսակները հերթական ոտնձգությունն էին կատարել՝ սպանելով գյուղի հովիվներին և հոտը սահմանն անցկացրել: Սահմանամերձ բնակավայրերում տագնապն ահագնացել էր: Նենգ թշնամուն արժանի պատիժ հասցնելու և նոր ոտնձգությունները կանխելու հանձնարարություն ստացած հետախուզական ջոկատի հրամանատար Յուրան զինավառ տղաների հետ եղավ դեպքի վայրում, սովորության համաձայն տեղանքը լիովին և բծախնդրորեն ուսումնասիրեց ու համոզվեց, որ անպատժելիությունից ոգևորված ազերիներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Ոստիկանական համազգեստով քողարկված ավարառուների անասնագողության հերթական քայլը չուշացավ, սակայն սահմանից մի քանի հարյուր մետր չանցած հայտնվեցին Յուրայի լարած ծուղակում: Ճշգրիտ հաշվարկ կատարելով՝ նա խելամիտ տակտիկա ընտրեց, փոքրաթիվ խմբով հայտնվեց թշնամու թիկունքում, փակեց նրանց նահանջի ճանապարհը, իսկ երբ զինակիցները դիմահար կրակահերթով դիմավորեցին անկոչ հյուրերին, վերջիններիս նահանջի փորձը տխուր ավարտ ունեցավ:

Թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական օրերին Յուրան երբևէ չէր կորցնում իրականության զգացումը, թեկուզ մի ակնթարթում տասնյակ տարիների հուշերն արթնանային մտքում: Նա զգում էր ժամանակի հարաբերականությունը և հավատում էր այն հրաշքին, որ ցանկացած երազ իրականություն կարելի է դարձնել, եթե երազելու համառությանը փոխարինելու է գալիս իրական համառությունը: Հետախույզ Յուրան չափազանց բծախնդիր էր, բայց ոչ մանրախնդիր, որովհետև գիտակցում էր, որ իր աննշան սխալը մարդկային անիմաստ ու անտեղի կորուստների պատճառ կարող էր դառնալ: Ցանկացած իրավիճակից դուրս գալու համար ելքեր էր փնտրում, անվերջ որոնումների ու փնտրտուքների շրջապտույտում էր հայտնվում, մինչև կարողանում էր իր առջև դրված խնդրի լավագույն լուծումը գտնել:

Կոմանդոսից բաժանվելուց հետո, կեսգիշերին, փոքրաթիվ խմբով հետախուզության գնացին: Տեղանքին քաջածանոթ Յուրան տղաներին կրկին հիշեցրեց հանձնարարությունը, իսկ հետո, պայմանավորվածության համաձայն, մարտիկների հետ կարճատև դադարի նստեցին Թթու ջուր աղբյուրի մոտ, համատեղ քննարկեցին ձեռք բերած տվյալները, համադրեցին, որից հետո հրամանատարն անսպասելի և չափազանց համարձակ առաջարկ արեց՝ երկու-երեք հոգանոց փոքրաթիվ խմբեր կազմել, տարբեր ուղղություններով գրոհել և անկասելի հարված հասցնել ազերիներին ու գյուղից դուրս քշել: Հարմար առիթը ձեռքից բաց թողնել չէին կարող: Ջոկատը միահամուռ համաձայնություն տվեց: Մութ գիշերն ազատամարտիկների դաշնակիցն էր: Հաղթահարելով դժվարությունները՝ քողարկված մարտիկները գյուղն առան շրջապատման օղակի մեջ, իսկ կես ժամ չանցած Լիսագորի վրա չորս կողմից կրակի տարափ էր տեղում: Քնահարամ ազերիները հանկարծակիի եկան՝ մտածելով, թե հայկական մեծաթիվ ուժեր են գրոհում, խուճապի մատնվեցին ու անկանոն կրակահերթեր արձակելով փախուստի դիմեցին՝ զենքի ու զինամթերքի հսկայական քանակություն թողնելով գրոհողների ենթակայության տակ: Հաջողությունից ոգևորված տղաները ցանկանում էին հետապնդել թշնամուն, սակայն հրամանատարը կանխեց նրանց.

-Տղերք, թուրքերը դեռ ուշքի չեն եկել, նրանք կարծեցին, թե մեծաթիվ ուժերով ենք գրոհել, պետք չէ խաղաքարտերը բացել, մեր գլխավոր հանձնարարությունը պատվով կատարել ենք: Գյուղ մտնող ճանապարհի եզրերին դիրքեր գրավեք, իսկ ռազմավարը միմյանց միջև բաժանեք: Վախի աչքերը չափազանց մեծ են, նրանք չեն համարձակվի գիշերը ետ վերադառնալ, իսկ ես Կոմանդոսին կարթնացնեմ քնից:

Կեսգիշերն անց Յուրան քանիցս անհույս փորձեց կապ հաստատել Կոմանդոսի հետ, սակայն ապարդյուն: Անտառապատ լեռներով շրջապատված բնակավայրից զանգելն անհնարին էր: Ժամանակ կորցնել չէր կարող, տղաներին զգուշացրեց, որ կես ժամից կվերադառնան: Գիտեր, որ գյուղից դուրս, բլրի լանջին, աշտարակ կար, որի վրա բարձրանալով միայն կարող էր կապ հաստատել հրամանատարական կետի հետ: Մթության մեջ խարխափելով՝ նեղ արահետ գտավ, հասավ աշտարակին, համարձակորեն բարձրացավ մինչև վերջին աստիճանն ու զանգահարեց:

-Արկադի Իվանիչ, Լիասգորը վերցրել ենք,- ցածրաձայն զեկուցեց Յուրան:

-Что?, что ты сказал?,- լսվեց քնաթաթախ Կոմանդոսի ձայնը: Նա հավանաբար չէր հասկացել, թե Յուրան ինչ մասին է խոսում և բարկացած ավելացրեց,- как взял, так и верни обратно…

-Հրամանատար, արթնացիր քնից, ոչինչ, որ գիշերվա ժամը երեքն է, կրկնում եմ, մենք արդեն Լիսագորում ենք, թշնամուն դուրս են շպրտել, զոհեր չունենք, գյուղը ետ ենք վերցրել, առավոտյան նախատեսված հրետանային նախապատրաստությունը չեղյալ հայտարարեք, եթե չեք ուզում մեզ գնդակոծել:

-Ի՞նչ ես խոսում,- մի քանի վայրկյան լռելուց հետո կոտրտված հայերենով շարունակեց Կոմանդոսը, ապա բարկացավ,- քեզ հրամայված էր վաղը կեսօրին գրոհել, դու դարձյալ խենթություն ես արել:

-Հրամանատար, մի նեղացեք, համարեք, որ ժամերը շփոթել եմ, խոստանում եմ այլևս չի կրկնվի,- կատակեց Յուրան, և երկուստեք լիաթոք ծիծաղեցին:

-Կվերադառնաս ու պատասխան կտաս հրամանը չկատարելու համար,- իր հերթին կատակեց Կոմանդոսը:

…2009 թվականին աշխատում էի <<Հայկական հանրագիտարան>> հրատարակչությունում և բախտ ունեցա ծանոթանալ փառապանծ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հետ: Գիտեի, որ գեներալն անձամբ ճանաչել է ընկերոջս և, օգտվելով պատեհ առիթից, խնդրեցի կարծիք հայտնել Քսանվեցի Յուրայի մասին: Ծերունազարդ գեներալի աչքերում ուրախության ու հպարտության կայծեր նկատեցի:

-Յուրային որտեղի՞ց ես ճանաչում,- մտերմաբար հարցրեց նա:

-Մենք մանկության անբաժան ընկերներ էինք:

Պատասխանս լսելուց հետո ալեհեր գեներալը մի քանի վայրկյան հասկանալիորեն լռեց, հուշերի գիրկն ընկավ:

-Յուրան հայկական բանակի տաղանդավոր զորահրամանատարներից կարող էր դառնալ, ափսոս… Ջոկատների մարտական պատրաստության հերթական ստուգայցի ժամանակ, երբ ինձ զեկուցեցին նրա մտահղացած ու կառուցած դիրքերի մասին, իսկույն ցանկություն հայտնեցի անպայման լինել տեղում, դիտակետերը տեսնել ու ծանոթանալ այդ զարմանահրաշ տղայի հետ: Քչախոս Յուրան անձամբ հակիրճ ներկայացրեց դիրքերի կարևորությունն ու նպատակահարմարությունը: Առաջին իսկ պահից հիացմունքս և հպարտությունս չկարողացա թաքցնել, չնայած մի պահ պարզապես անհավատալի էր, չէի սպասում, որ զինվորական բարձրագույն կրթություն չունեցող երիտասարդը կարող էր Շուշիից Ստեփանակերտն անդադար գնդակոծող թշնամուն դիմակայելու և հենակետերը լռեցնելու նպատակով նման խելամիտ ու բացառիկ մարտավարություն մշակել: Ամեն ինչ հոյակապ էր մտածված և արված: Պատկերացնում եք, ես քրտինքի մեջ կորել էի, երբ նրա տասներկու դիրքերին անձամբ ծանոթացա՝ արահետներով ու կածաններով բարձրանալով, իսկ նա օրվա մեջ մի քանի անգամ հասցնում էր անպայման լինել տեղերում: Տեսնել էր պետք միայն, թե ինչպիսի ոգևորությամբ էր մեզ առաջնորդում դիրքից-դիրք և մանրամասն բացատրություններ տալիս: Հարազատորեն գրկեցի փոքրամարմին հսկային և շնորհակալություն հայտնեցի: Յուրայի նման արիասիրտ ու հայրենասեր տղաների անձնազոհությունը մոտեցրեց մեր փառահեղ հաղթանակը,- իսկապես չթաքցվող հպարտությամբ ասաց նա, ապա առաջարկեց բաժակ բարձրացնել և հոտընկայս խմել հայրենիքի նվիրյալ նահատակների սուրբ կենացը:

Յուրան նման էր մի սերմնացանի, որ վաղ գարնանը սերմը պահ է տալիս պարարտ հողին, իսկ նրա ոտնահետքերի տեղում կանաչ արտ է հասունանում: Նրա հոգու խորխորատներում անվերջ հույսի ծիլեր էին ծլարձակում, իսկ մահացածների փոխարեն ծնվում էին նորերը, ինչի շնորհիվ հուսահատությունը վանում էր իրենից: Ինձ հաճախ թվում էր, թե անհասկանալի պիտի մնա նրա հոգում թաքնված վերածննդի առեղծվածը, մինչդեռ նրա` Հավերժի ճամփորդ դառնալուց հետո հասկացա, որ հավատարիմ ընկերս իր ապրած կյանքով իր անմահությունն էր կերտում: Քսանվեցի Յուրան գարնանային ծաղկի նման կրկին հողի գիրկը վերադարձավ` հավիտյան ծնվող, հավիտյան հառնող, անմեռ ու անմահ` որպես կյանքի հարատևության խորհրդանիշ` ինչպես հայ դիցաբանության մեջ մեռնող ու հառնող առասպելական հերոսները: Նա հաստատուն ու անվարան քայլերով քայլում էր դեպի ճշմարտության ակունք և իր հետ մի ամբողջ տիեզերք, ազգի պատմության անջնջելի էջեր տարավ` փառքի մասին բնավ չմտածելով:

Վաչիկ Ղազարյան

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930