«Ձեր ղեկավարման ստաժը չի բավարարում օրենքի պահանջին: Դիմել եմ վարչապետին՝ ձեր թեկնածությունը հետ կանչելու համար: Պարզվեց, որ մեր դիմումից հետո դուք շատ արագ դիմել եք վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին եւ պարզաբանում խնդրել: Գարուշ Դավթյանը պարզաբանել է՝ չունենալով պարզաբանելու իրավունք, իսկ պարզաբանումն էլ չի համապատասխանում «Նորմատիվ-իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին: Որեւէ պարզաբանում եւ հիմք չկա առ այն, որ դուք կարող եք լինել թեկնածու»,-ԱԺ այսօրվա նիստում դիմելով ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գեւորգյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը:
Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գեղամ Գեւորգյանն օրենքով չի կարող լինել այդ հանձնաժողովի նախագահի թեկնածու. «Սրանով հանձնաժողովի տակ ռումբ ենք դնում: Դատարանում կարող է հանգիստ ասվել, որ հանձնաժողովը չի կազմավորվել օրենքի հիման վրա, ուստի հանձնաժողովի ցանկացած որոշում կարող է վիճարկվել: Ավելի լավ էր այլ թեկնածու ներկայացվեր: Ես տիկին Մակունցին կարող եմ փաստաթղթերով ապացուցել ասածս, սա լուրջ խնդիր է դառնալու: ՏՄՊՊՀ նախագահ չի կարող ընտրվել օրենքին չհամապատասխանող անձը»:
Գեղամ Գեւորգյանը բացատրեց, որ ԱԺ աշխատակազմին է ուղարկել բոլոր իրավական ակտերը եւ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ինքը զբաղեցրել է այս կամ այն պաշտոնը. «Թյուր կարծիք չստեղծվի, թե իմ ստաժը չի համապատասխանում օրենքով սահմանվածին»:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը սակայն, պնդեց, որ Գեղամ Գեւորգյանը ստորաբաժանում ղեկավարելու երեքամյա ստաժ չունի, ինչպես օրենքն է պահանջում. «Այն մարմինը, որից դուք պարզաբանում եք ստացել այդ հարցի առնչությամբ, չի կարող համարվել պաշտոնական պարզաբանում: Պնդում եմ, որ դուք չեք կարող ընտրվել ՏՄՊՊՀ նախագահ, ով ուզի՝ կհիմնավորեմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ