Վերջին շրջանում քննարկվում է Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու հարցը: Այս առնչությամբ այսօր «Հայացք» ակումբում Սամվել Բաբայանն ասաց, որ ճանապարհային քարտեզ վաղուց պետք է լիներ, բացի այդ, եթե կարողանային պայմանագրային զինծառայողներ շատ ներգրավել, նախ, հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը չէր լինի, բնակչության թիվն էլ հնարավոր կլիներ առնվազն կրկնապատկել. «Նորեկներից, որ խոսում են՝ բա դուք այստեղի քաղաքացի չեք, կամ Հայաստանից վերաբնակեցման են գնում ազատագրված հողերում, իրենց վկայական չեն տալիս, հարց է ծագում՝ ինչի՞ համար վկայական չեք տալիս, ղարաբաղցի-հայաստանցի՞ եք ընտրում, թե՞ պատճառն ուրիշ է: Ձեւական ասել, որ մենք մի ժողովուրդ ենք, մի երկիր ենք, բայց ձեւական խոչընդոտներ ստեղծել, օրենսդրական, ես համարում եմ, որ ճիշտ չի»:
Արցախը Հայաստանին միացումը, ըստ Բաբայանի, այս փուլում սխալ է: Անդրադառնալով բանակցություններին՝ Սամվել Բաբայանն ասաց. «Խնդիրը էդ ֆորմատով, էդ մադրիդյան սկզբունքներով անհնար է լուծել: Ես որ մի բան եմ ասում, ասում եք՝ անցավ էս մի «լագեր», էս մեկին է Բաբայանը պաշտպանում: Բաբայանը ոչ մեկին չի եղել ժամանակ, որ պաշտպանի: Չորրորդ իշխանություն է, չեմ պաշտպանել, չեմ պաշտպանում, միշտ հիշեք դա: Ռեալ ասում եմ՝ Լաչինի միջանցքով անհնարին է էդ հարցը լուծես, դու պետք է ղարաբաղցիներին նախապես ասես՝ «վեշերդ» կապեք, տեղափոխվեք էս կողմ: Տաս Ադրբեջանին՝ դա անհնարին է: Եթե մյուս կողմը պնդում է էդ կածանի վրա ու էդ մադրիդյան սկզբունքների շուրջ ու վերադառնում ենք, վերջը Ադրբեջանի հայտարարությունն է լինում, որ մենք կազանյան 2011-ի փաստաթղթի շուրջ ենք խոսում: Ես ուղղակի իմ հայտարարություններով ասել եմ՝ 3 նախագահը ոտներն էլ ջարդել են, էս վարչապետն էլ չի՞ ոտը ջարդի: Ասել եմ՝ կա՛նգ առեք, էդ ֆորմատով էդ սկզբունքների շուրջ անհնարին է: Հիմա չես լսում, գնում ես ոտդ ջարդելու՝ գնացեք, չեմ խանգարում: Բայց իրավունք ունեմ, չէ՞, գոնե տեսակետ ասելու»:
Թե ի՞նչ է առաջարկում, որպես այլընտրանք՝ Բաբայանն ասաց, որ ինքը դրան ասում է «մանդատային տարածք», բայց անունը ինչ էլ դնեք՝ նույնն է. «Մենք ունենք 2 փուլով խնդրի լուծում: Եթե համարենք, որ վաղը Ադրբեջանը Ղարաբաղը ճանաչում է՝ որպես անկախ պետություն, ի՞նչ տարածքների վրա է անում, ինչ Սովետի ժամանակ ունեցել է, համաձա՞յն եք, իհարկե, ոչ: Մենք խնդիր ունենք մեր քարտեզը փոխելու, անվտանգությունն ապահովելու, որովհետեւ 500 հազար Ադրբեջանի հայեր տեղահանվել են, եթե Ադրբեջանն իր 100 հոգին, որ Շուշիի շրջանից տեղահանվել է, պարտադրում է որ պիտի վերադառնա, ապա հարց է ծագում՝ 500 հազարն էլ ցանկանո՞ւմ են վերադառնան այդտեղ, որ տեղահանել եք: Նույն Սովետական Ադրբեջանի քաղաքացին է եղել: Բերեք առաջին հերթին մարդկային խնդիրները լուծենք, փոխանակենք, այնուհետեւ անցնենք երկրորդ քայլին՝ օրինականացնենք: Երրորդ կողմը, որը այսօր դատավորի դիրքում է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն, էս մարդիկ կողքից նստել են, մենք իրար ծեծում ենք, իրենք ասում են՝ որ դուք համաձայնեք, մենք պաշտպանելու ենք այդ դիրքորոշումը: Ես առաջարկում եմ՝ կամ դուք՝ երրորդ կողմդ, պատասխանատվություն եք վերցնում, որ այդ տարածքը, որը կգծվի ու Ադրբեջանը նորից կսկսի պատերազմ, դուք նրան պատժելու եք, ոնց որ Սերբիային եք արել, կա՛մ Ղարաբաղը հանում ես պատերազմային գոտուց՝ էն կտորը, որին ղարաբաղցիները, որ այնտեղ ապրում են, համաձայնության կգան: Ընթացքում միջանկյալ կարգավիճակ ու իհարկե, վերջնական հարցը՝ հանրաքվե: Ես սա եմ առաջարկում: Եթե մարդիկ իմ բերած օրինակի վրա կանգնում ասում են՝ Ռուսաստան, այդտեղ կա՞ Ռուսաստան բառը, ճիշտ հակառակը, պետք է ՌԴ, ԱՄՆ գործոնն այստեղ չգործի, հակառակ դեպքում մենք ունենալու ենք կոնֆլիկտներ»:
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանը դիմեց ամպագոռգոռ հայտարարություններ անողներին, մասնավորապես՝ «Սասնա ծռերին». «Խորհուրդ կտամ, լավ լսեք, որ մադրիդյան սկզբունք են բանակցում, լավ ընթերցում են չէ՞ իրենք էդ 7 շրջանը ոնց պիտի հանձնեն, թող հայտարարեն իրենց դիրքորոշումը, բացատրեն, որ իրենք դեմ են դրան, որ կոչ են անում բոլորին, որ չմասնակցեն էլ բանակցություններին, բա խի՞ չեն ձեն հանում: Հա, էդ ուղղությունից են փող ստանում երեւի»:
Բաբայանն ասաց, որ բանակցությունների սեղանին կազանյան փաստաթուղթն է, որը հենց մադրիդյան սկզբունքներն են՝ մի ստորակետ առաջ, մեկը՝ հետ. «Երբ որ դու էն դռնով մտնում ես, արդեն պայմանը դրած է, որ 7 շրջան պիտի հանձնես, ապա ես ինչի՞ց եմ բանակցում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը»:
Դիմելով այն մարդկանց, որոնք հայտարարում են, որ «մի թիզ հող զիջելու չունենք», Սամվել Բաբայանն ասաց. «Էդ մարդկանց հարց եմ տալիս՝ մադրիդյան սկզբունք են նստում բանակցում, իրենց իշխանություններին խի՞ չեն ցույց անում, ասում՝ մենք հող չունենք տալու: Կամ Ղարաբաղում իշխանության մեջ էլ կան մարդիկ, ասում են՝ մենք էն ժամանակ ենք զիջել, որ կանգնել ենք, բայց նստում են Անվտանգության խորհրդում կոնկրետ էդ 3 սկզբունքը, 6 կետը, դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ մենք հատուկ բանակցում ենք մի բան, որ չի լինելու, օրեցօր հրահրելով տանում ենք մեր հասարակությանը պատերազմի, հա՞, դա՞ ենք ուզում, դա՞ է մեր ասածը»: Ըստ նրա, ամեն կերպ պետք է խուսափել պատերազմից: Էդ մարդիկ, որ հայտարարում են, որ մի թիզ հող չեն տալու, հարց է ծագում՝ ի՞նչ բանակցություններ են ընթանում: Բանակցություն չկա, ոչ մի բան չունես, Ադրբեջանը քեզանից մենակ հող է ուզում, ուրիշ բան չի ուզում, եթե չունես տալու, ապա ինչի՞ եք նստում հետները խոսում, մի՛ խոսեք անիմաստ: Իմ դիրքորոշումն է փոխզիջման գնալ, փորձել լուծել խաղաղ ճանապարհով, բայց առաջին հերթին անվտանգությունն ապահովել: Ընթացքում, եթե հակառակորդը որոշի խախտի՝ անհնարին լինի: Պարզ է, մեր շուրջ ցեղերն են ու չի կարելի վստահել»:
Սամվել Բաբայանը նշեց, որ եթե Երեւանը իրոք ցանկանում է, որ Ղարաբաղն ինքնուրույն խաղա այդ դաշտում, պետք է հնարավորություն տա, որ այդ ժողովուրդն իր լիդերին ընտրի, որի հետ ինքը գործելու է. «Եթե չէ, եթե նշանակում ենք смотрящий, ոնց որ առաջներում եղել է եւ հերթով գալիս է, Ղարաբաղում մի նեղացեք, որ Ադրբեջանը հետը չի բանակցում: Չիմանաք իրենց ինֆորմացիա չունեն, չգիտեն ինչի համար է այնտեղ, ում կողմից է, ժողովրդի՞ շահերն է պաշտպանում, թե՞ մի այլ քայլ է անում: Դրա համար եմ ասում՝ թողեք ժողովուրդը ընտրի, ում կընտրի, ինձ թվում է դրանից Երեւանը պրոբլեմ չի ունենալու, թողեք հանգիստ ընտրեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ