«Ես մինչեւ հիմա էլ չեմ հանձնվել: Ես այն ժամանակ էլ ասել եմ, եթե պետք լինի` մանդատս կդնեմ, բայց Նիկոլ Փաշինյանին չեմ ընտրի վարչապետ»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով հարցին`ինչո՞ւ մեկ տարի առաջ ՀՀԿ-ն այդքան հեշտությամբ հանձնվեց: Էդուարդ Շարմազանովը բացատրում է` Նիկոլ Փաշինյանի հետ անձնական խնդիր չունի, պարզապես, նրա մոտ չի տեսել այն գաղափարախոսական հենքը, փորձառությունը եւ իմաստնությունը, կանխատեսելիությունը, որն անհրաժեշտ է պետական առաջնորդին: Ինչպես այն ժամանակ՝ այժմ էլ բանախոսը պնդում է, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղաշրջում եւ իշխանազավթում էր`շանտաժի ու սպառնալիքի միջոցով: Իսկ ՀՀԿ-ական իշխանությունն ասում է գնաց հրաժարականի` արյունահեղությունից խուսափելու համար:
Այլ մանրամասները` տեսանյութում
Համեմատելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական եւ պետական գործիչ անհամեմատորեն զիջում է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Ինքը փոխարեն ձգտի հասնել նրանց մակարդակին, ցանկանում է յուրաքանչյուրին ձգել եւ գցել ներքեւ»: Ասում է` Նիկոլ Փաշինյանը արցախյան հերոսամարտի հետ կապ չունի, մինչդեռ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հաղթանակած նախագահներ են, Սերժ Սարգսյանը` հաղթանակած պաշտպանության նախարար. «Մարդն իր կյանքում, որեւէ համազգային, համապետական բան չի արել, դրա համար, այսօր եկել է իր «դըմփ-դըմփ, հու»-ի հեղաշրջումը փորձում է հավասարեցնել Սարդարապատին կամ արցախյան հերոսամարտին»: Այս համատեքստում է նա դիտարկում նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60-ամյակը եւ նկատում, որ արցախյան հերոսների ձերբակալություններից Ադրբեջանում ցնծում են: Ինչեւէ, վստահ է, ժամանակն ամենն իր տեղը կդնի. «Կոմունիստներն էլ 70 տարի Նժդեհին էին ջնջում, Արամ Մանուկյանին, Քաջազնունուն, մեր հերոսներին, հիմա…»
Կարդացեք նաև
Հարցին`ի վերջո, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ճիշտ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Առիթ կլինի, պարոն նախագահը կասի»: Ե՞րբ կխոսի Սերժ Սարգսյանը` բանախոսը վստահեցրեց. «2019 թվականին Սերժ Սարգսյանը կխոսի եւ կխոսի ոչ մեկ անգամ: Ասել եմ`շուտով: Շուտովը կգա`կխոսի: Շատ ուրախ եմ, որ նախագահ Սարգսյանի խոսքի սպասումը եւ անհրաժեշտությունը մեծ է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ