Այսօր «Հայացք ակումբում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին, ասաց. «Իրանք շատ լավ գիտեն իրանք ով են: Էս ցիրկն էլ, որ խաղում են, ցիրկ ա, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցել ուրիշի վրա»:
Aravot.am-ը հարցրեց՝ Մարտի 1-ի գործի մասին ի՞նչ կարծիք ունեք, քննությունը, ըստ ձեզ, ճի՞շտ ուղղությամբ է ընթանում, թե՞ դա էլ է ձեր բառերով ասած՝ «ցիրկ»: Նա պատասխանեց. «Եղել է Մարտի 1-ին 10 սպանություն, ճի՞շտ է, մեզ պետք է այդ տասը սպանությունները ո՞վ է հրահանգ տվել, ով է կատարել եւ ոնց է եղել՝ բացահայտվի, ճի՞շտ է: Կա՞ որեւիցե բան էդ մասով, որ բացահայտվել է, չկա՛: Ես, համենայնդեպս, չգիտեմ: Ներքին գործերի նախարարը, կամ չգիտեմ՝ այլ ուժերի, ո՞վ է այդ հրամանը տվել, որ ժողովրդի վրա կրակեն: Չի երեւում, ապա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից են խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ եւ ուզում եմ հասկանամ: Մինչեւ սա չլինի՝ խոսել Մարտի 1-ի՞ց: Իմ կարծիքով, էդ 10 զոհը եւ հրաման կատարողներն են չէ՞ հետաքրքրում, դրա մասին բան չկա: Երբ որ ես էդ բառն օգտագործում եմ, դուք էլ ձեզ լավ չեք զգում, նկատի ունեմ հենց դա: Մինչեւ դա չլինի, չերեւա, ես մնացածը համարում եմ ձեւական»:
Հարցերի տարափ հնչեց՝ այդ դեպքում ո՞վ արտակարգ դրություն հայտարարեց, ո՞վ էր խորհրդակցություն անցկացնում փետրվարի 23-ին, 0038 հրամանը ինչո՞ւ ընդունվեց, կարծում եք, որ առանց Ռոբերտ Քոչարյանի գիտության, ինչ-որ մեկը կարող էր կրակելու հրամա՞ն տար՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես ոչ թե դա գիտեմ, ես դա վստահ եմ, որ հրամանը չի եղել իրենից: Մնացածը դուք մտածեք»: Հարցրեցինք՝ բա ո՞վ իրավունք ուներ հրաման տար՝ Բաբայանը պատասխանեց. «Մենք, որ ընտրություն էր եղել էդ ժամանակ, արդեն Քոչարյանը հանձնման փուլում էր, 10 օր էլ անցել էր, մնացածը դուք մտածեք»: Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի ուղղությա՞մբ եք տանում սլաքները՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Տեսա՞ք, էլի դուք անունը տալիս եք, հեսա ինձ ասելու են…քննություն է գնում. ես հո չե՞մ ուղղորդելու քննությունը, ասեմ՝ գնացեք սրան քննեք»:
Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք տվել է՝ Սամվել Բաբայանն արձագանքեց. «Լավ է արել, ինձ չի հետաքրքրում ով է ցուցմունք տվել: Քննություն է գնում, թող բացահայտվեն: Քոչարյա՞նն է եղել, ուրեմն թող իր վրա ցուցմունք գրեն, իրեն մեղադրեն: Ո՞վ է հրաման տվել՝ մեկ՝ գլխավորը, կատարողները նախարարներն են, չէ՞, իմանանք ովքեր են էս մարդիկ, ով է ում սպանել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ արտակարգ դրություն ո՞վ հայտարարեց՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես ոչ իշխանության մաս եմ կազմել, ես եղել եմ դեմ էդ իշխանություններին, տեղյակ չեմ ով է ու ինչ է հայտարարել, տեղյակ չեմ՝ ինչի համար են արտակարգ դրություն հայտարարել: Ես Մարտի 1-ի հետ ընդհանրապես որեւիցե կապ չունեմ՝ ոչ աջերի հետ, ոչ ձախերի հետ: Հարցը գնում է Մարտի 1-ի սպանությունների մասին՝ ով է հրաման տվել, ով է սպանել: Դեռ քննություն է գնում, քննչական խումբը օֆիցիալ հայտարարել է, որ սպանությունների հետ էս մարդը գործ չունի: Հիմա ինչի՞ համար եք դատում, եթե գործ չունի: Ասում է՝ սահմանադրական կարգը խախտելու, լավ, բերեք դատարան, տեսնենք էդ ինչի՞ մասին է, որ պատկերացում ունենանք, որովհետեւ ինձ էլ ձերբակալել են, ասում են՝ Վրաստանից ռակետա է բերել»: Նա ասաց, որ մինչեւ հրաման տվողները, սպանությունները կատարողները չբացահայտվեն, սա «ցիրկ» է ու ինքը չի ուզում դրան մասնակցել, որեւէ մեկի կողմը լինել:
Հարցին՝ ասացիք վստահ եք, որ հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել, ձեր այդ վստահությունն ինչի՞ց է գալիս, ինչի՞ հիման վրա է, եթե նա չի, ո՞վ արած կլինի իր նախագահության օրոք՝ նա պատասխանեց. «Դա վստահ եմ, որովհետեւ դա հայտարարել է քննչական խումբը: Եթե ունենար որեւիցե մի կետ, որ հնարավոր է Քոչարյանը աներ, նա չէր հայտարարի: Ինչ վերաբերում է նախագահությանը, նախագահը նոր նախագահ էր ընտրված, գործը գնում էր ՍԴ-ում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է կրել, թե՞ էն մյուսը, Քոչարյան ի շահը այդտեղ ո՞րն էր»: Լրագրողներն ասացին՝ Քոչարյանն աջակցում էր Սերժ Սարգսյանին՝ նա արձագանքեց. «Լավ, աջակցում էր, բայց որ քննությունը գնում է, բոլորը խոսում են կառավարության շենքից, էդ ձեր իմացած կատարողներից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26 են կանչել: Բոլորը խոսում են կառավարության շենքից, իսկ այնտեղ ո՞վ էր նստած: Վերցրեք քննությունը նայեք, մեկը չկար, որ ասի՝ Բաղրամյան 26 ինձ հրավիրեցին էս հարցի շուրջ: Չեմ ուզում անուններ տալ, ես քննիչ չեմ, հարցաքննության չեմ մասնակցում, Ռոբերտ Քոչարյանը կառավարության շենքում նստած չի եղել, հրամանը կառավարության շենքից են տվել»:
Մենք հարցրեցինք՝ այդ դեպքում ո՞վ էր, որ Մարտի 1-ից հետո դուրս եկավ եթեր ու ասաց, որ ցուցարարներն են կրակել, ինչ վիճակ է եղել, ինչու են արտակարգ դրություն հայտարարել, դա ո՞վ էր: Բաբայանի պատասխանը եւ մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ