Դեռեւս անցած տարվա օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այդքան լավ մակարդակի վրա չեն եղել: ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սկզբում ուրախացել է այդ հայտարարությունից, բայց հիմա տարակուսում է`Փաշինյանը կամ էյֆորիայի տակ է, կամ էլ`հումոր է արել: Իր տարակուսանքները նա այսօր բարձրաձայնեց «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում. «Բա ինչո՞ւ գազը թանկացավ, ինչո՞ւ են Փաշինյանի խմբակցության ներկայացուցիչները հարց բարձրացնում`ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակումը Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու, ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցները չպաշտպանեցին Հայաստանի թեկնածուին`ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում ոչ Վլադիմիր Պուտինի, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի պետական այցեր չեն եղել եւ այլն»:
Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին քաղաքականության մասին խոսելիս, նախկին իշխանավորը նաեւ հարց է հնչեցնում. «Կարո՞ղ եք պատկերացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին`ապրիլին, ելույթ ունենան Ստրասբուրգում ԵԽԽՎ գլխավոր ամբիոնից եւ որեւէ ստորակետ, ծպտուն`Հայոց ցեղասպանության դատապարտման մասին չասեն: Ցեղասպանություն վերապրած պետության եւ ազգի առաջնորդը, ոչ բարով, գնա Ստրասբուրգի ամբիոնից ապրիլին խոսի եւ առավոտից-իրիկուն իր «դըմփ-դըմփ, հու»-ից խոսա՞: Ես կարծում եմ, սա աննորմալություն է»: Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, երբ Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը չեն եղել պետական քաղաքականության առաջնահերթություններից, նման վարքագիծ չի դրսեւորվել:
Այլ մանրամասները`շուտով՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արցախի հարցում, բանախոսի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը գնացել է բացահայտ պոպուլիզմի: Հիշեցնում է, որ անցյալ տարի, մայիսի 9-ին նա Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքն անելու է ամեն ինչ, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղան: Հետեւելով վերջերս Վիեննայում կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպմանը`ասում է. «Մտնում է Փաշինյանը, գալիս է Ալիեւը… սաղ ազգով սպասում ենք, որ հեսա Բակո Սահակյանն է գալու: Չկա Բակո Սահակյանը: Այ պարոն Փաշինյան ջան, բա դու ես ասել`ամեն ինչ պետք է անել, որ Բակո Սահակյանը մասնակցի: Բա ո՞ւր է»: Էդուարդ Շարմազանովը բացատրությունն ունի` նոր իշխանությունների մոտ ամենը ձեւն է, բովանդակությունը`զրո: Այս համատեքստում, նա համեմատում է Փաշինյանին եւ հին հռոմեական կայսրերին. «Հին Հռոմում տալիս էին հաց եւ տեսարաններ, բայց տեսարաններն էլ ճաշակով էին տալիս: Մեզ մոտ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի հաց, որ տա ժողովրդին, հացը մենակ իրենց համար է`պարգեւավճարների տեսքով: Տեսարաններ`ինչքան ուզես, այն էլ`անճաշակ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ