Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը ուշագրավ հայտարարություն արեց Հոկտեմբերի 27-ի մասին. «Հերթով մտնելու են կամերա…Ասեք՝ կամերայի դուռը բաց է, գնացեք բանտի դուռը ծեծեք»

Ապրիլ 19,2019 14:13

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր «Հայացք» ակումբում, պատասխանելով Մեղրիի տարբերակի, Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված մեր հարցին՝ հայտարարեց. «Հայաստանում Սարգսյան Վազգենը, բացի նախարար լինելուց, եղել է որոշիչ դեր խաղացող, Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու՝ անգամ նստի բանակցությունների այդ հարցով: Ասեմ, որ պարզ լինի, դա էդպես չի եղել: Թե ինչ է ասում Վաղարշակ Հարությունյանը ինչ բանակցություն, որտեղ է եղել ինքը, ես տեղյակ չեմ, չգիտեմ ինչից է խոսում: Ես ասում եմ այն, ինչ իրականությունն է: Պարոն Քոչարյանը, առանց Սարգսյան Վազգենի հետ պայմանավորվելու՝ չէր կարող գնալ նման բանակցությունների: Թե արդեն համաձայնեցրել էին, չէին համաձայնեցրել՝ դա արդեն այլ խնդիր է»:

Մենք հարցրեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ եղավ Հոկտեմբերի 27-ը, եթե ոչ ներքաղաքական գզվռտոցի եւ այդ խնդրի պատճառով՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի կատարողը՝ գլխավոր դերակատարը ողջ-առողջ է, չէ՞: Նույն դատախազությունը, նույն քննիչները, բոլորը այնտեղ են, նորից քննություն սկսեն՝ ազատ: Հիմա էլ ոչ մեկը չկա, չէ՞, որ իրենց խանգարի: Քննություն սկսեն, պարզեն մեղավորներին: Ինձ թվում է, որ եթե իրոք անկեղծ քննություն սկսեն, այ էն, ով որ գոռում է, իրանք հերթով մտնելու են էն կամերան, ես ձեզ լուրջ եմ ասում: Այ ձեր ասած անուններից մի քանիսը, ով էդ տղայի հետ հանդիպել է՝ մինչեւ էդ դեպքերը, ովքեր հանդիպել են, հերթով պիտի գնան էն կամերան: Ճշտեք ովքեր են հանդիպած 99-ին ասեք՝ կամերայի դուռը բաց է, գնացեք բանտի դուռը ծեծեք»:

Հարցին՝ ո՞ւմ նկատի ունեք, ո՞ւմ հետ է հանդիպել Նաիրի Հունանյանը՝ Բաբայանը պատասխանեց՝ «Նկատի ունեմ, գործով էլ երեւում է, ովքեր են հանդիպել էդ անձի հետ, ով որ կատարել է էդ հանցագործությունը: Ումից դուք քիչ առաջ խոսում էիք, նա էլ տեղեկություն ունի, գնացեք իրեն հարցրեք: Մարդը եկել է դրսից, շփվել է մի շարք քաղաքական եւ պետական գործիչների հետ: Ովքեր են եղել այդ մարդիկ, ինչից են խոսել, ինչի՞ մասին են քննարկել, հենց էդ հարցերի պատասխանը տան իրանք, տեսնելու ես, որ դրդիչներն էլ իրանք են, հերթով մտնելու են կամերա»:

Բաբայանն ասաց, որ իրեն մեկ-մեկ ջղայնացնում ենք, որ հերթով դնի ու մեկ առ մեկ ասի. «Իրանք շատ լավ գիտեն իրանք ով են: Էս ցիրկն էլ, որ խաղում են, ցիրկ ա, ոչ մի բան չկա, փորձում են իրանց արածը գցել ուրիշի վրա: Նորից եմ ասում՝ էդ մարդը դրսից եկել է, փորձել է շփվել ոչ թե շարքայինների հետ՝ ձեր նման, այլ ղեկավար մարմինների հետ: Ինչից են խոսել, ինչի՞ է ինքը խփում, պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, ժողովրդին հանեք եւ այլն, ինչի՞ց: Մինչեւ էդ ո՞ւմ հետ է հանդիպել, ինչի՞ց են խոսել, սա որ պարզեք, հասկանալու եք դրդիչը ով է, ինչի՞ են արել եւ ո՞ւր են գնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930