«Հիմնական խնդիրն այն է, որ մենք ոչ թե պայքարում ենք, որ Իրանից ներմուծվող «կլինկերի» (ցեմենտի հումք) վրա էլ անպայման տուրք դրվի, այլ ուզում ենք ասել՝ ձեր ցավը տանեմ, դրեք տուրք ներմուծվող ցեմենտի վրա, որոշման պատասխանատուն «Իմ քայլն» է: Եթե գտնում եք, որ այդպես ճիշտ է եւ ավելի շահութաբեր, դրեք այդ տուրքը: Հիմա ես «կլինկեր» կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ, ի՞նչ խնդիր է: Որեւէ մեկին չենք ուզում նեղացնել կամ վիրավորել: Երեկ խմբակցությանս զգուշացրել եմ, որ որեւէ մեկի հանդեպ անձնական վիրավորանք չլինի, դա պատիվ չի բերում, դա թույլ մարդը կարող է անել միայն: Եթե փորձեն մեզ վիրավորել, տասնապատիկը կստանան»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա խորհրդարան էր եկել՝ ցեմենտի ներմուծման եւ իրեն պատկանող «Արարատ ցեմենտ»-ի հետ կապված պարզաբանումներ տալու:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր քննարկում էին «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը:
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի այսօրվա հայտարարությանը, թե «Արարատ ցեմենտը» ժամանակին ձեռք է բերվել 200 հազար դոլարով. «Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել, ես նվեր կտամ գործարանն այդ հայտարարությունն անողին, եթե կապացուցի դա, այլապես պետք է պատասխան տա, թե ինչու է նման արտահայտություն անում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի ակնարկին, թե մինչեւ իշխանափոխությունն «Արարատ ցեմենտն» ավելի քիչ արտադրանք է վաճառել, քան իշխանափոխությունից հետո, հետեւաբար՝ ստվերում է գործել, Գագիկ Ծառուկյանն այսպես պարզաբանեց. «Ծառուկյանի գործարանից դուրս եկող ամեն մեքենա կշռվում է, թե քանի տոննա է: Ինչ ծախս արել ենք, այդքան էլ ցեմենտ ենք ստացել: Նախորդ տարի գործարանն ավելի շատ է աշխատել՝ մեկ ամիս ավելի, այդ պատճառով ավելի շատ ենք արտադրել: Ձեր ցավը տանե՜մ, ստուգեք գազի եւ հոսանքի ծախսերը, հաշվիչները կան, հարկայինի պլոմբներն էլ՝ հետը»:
Ծառուկյանն անդրադարձավ նաեւ պատգամավորների մի մասի պնդումներին, թե իրանական ցեմենտն ավելի որակյալ է. «Տո՜ ձեր ցավը տանեմ, պարսկական ցեմենտի առավելությունն այն է, որ ավելի շատ գիպս է պարունակում, շուտ է չորանում, բայց ամեն ներկրող իր տան համար մեր մոտից է ցեմենտ առնում: Հիմա մեր եւ պարսկական ցեմենտի գինը նույնն է՝ հինգ հարյուր դրամի տարբերությամբ: Բայց եթե մենք արտադրությունը կանգնեցնենք, գինն աճելու է»:
Գագիկ Ծառուկյանը վերջում հայտարարեց. «Ես իմ ժողովրդին էլի կպահեմ, նոր գործարան եմ կառուցում «Արարատ ցեմենտի» կողքին՝ սիլիցիումի գործարան: Խնդիրներ են ստեղծել իմ համար: Վեց ամիս է՝ ուզում ենք սիլիցիումի արտադրություն դնել, մեկը թուղթը չի տալիս, մյուսը…: Այսօր ամեն ներդրողի համար պետք է նպաստավոր պայման լինի: Եթե մարդը եկել է գումար դնելու, արագ պետք է հնարավորություն տալ կառուցել: Գումարի քսան տոկոսն արդեն փոխանցված է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ