Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քոչարյանը, առանց Սարգսյան Վազգենի հետ պայմանավորվելու՝ չէր կարող գնալ նման բանակցությունների». Սամվել Բաբայանը հերքում է Մեղրիի տարբերակը եւ Շիրխանյանին

Ապրիլ 19,2019 13:32

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին այսօր Aravot.am-ը հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը կարդացե՞լ է, հատկապես Հոկտեմբերի 27-ի հատվածը: Նա պատասխանեց, որ չի ընթերցել:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե Վահան Շիրխանյանի՝ Քոչարյանին ուղղված նամակին ծանո՞թ է, ի՞նչ տեսակետ ունի: Բաբայանն ի պատասխան՝ խոսեց նամակում արծարծված Մեղրիի տարբերակի մասին ու ուշագրավ հայտարարություններ արեց. «Մեղրին 49 կմ հատվածում իր, Ղարաբաղի հսկողությունը 110 կմ է, եթե բանակցություններ էր գնում 99-ին, ոնց որ ինքն է ասում, որ 49 կմ-ը հանձնեին, ապա առանց ինձ էն 110 կմ-ը կարողանալո՞ւ էին հանձնեին: Իմ հետ պիտի բանակցեին, չէ՞: Իմ հետ որեւիցե մեկը բանակցություն չի արել, Մեղրու հարց էլ չի եղել, որ քննարկեին: Չեմ էլ պատկերացնում, չի կարող Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարցով բանակցեր ու չասեր»:

Երբ ճշտեցինք՝ բանակցել է այդ հարցով ոչ թե Վազգեն Սարգսյանը, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ Բաբայանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը, իրենց ասելով, բանակցել է արտաքին արենայում, հետո եղել է Վազգեն Սարգսյանին տեղյակ է պահել, Վազգեն Սարգսյանից էլ իմացել է ձեր ասած անձնավորությունը, ճի՞շտ եմ հասկանում, թե՞ չէ: Այսինքն, Շիրխանյանի Վահանի տակ զո՞րք կար, պիտի ի՞ր հետ բանակցեին, թե չէ առանց իրեն չէ՞ր լինելու էդ փոխզիջումը, այսինքն, եթե պիտի համաձայնեցնեին, իմ հետ պիտի համաձայնեցներ Վազգենը: Եթե չէին համաձայնեցրել, ապա ո՞նց էին հանձնում, ո՞նց կարային հանձնեին: Եթե մի դիպուկահար կրակում է, ինքը գնում է Ադրբեջանի հետ բանակցում է, գալիս է ինձ հետ համաձայնեցնում ոնց, ինչ, ապա կարո՞ղ է Մեղրի, բան հանձնում ենք ու ինձ հետ չեն խոսում, դուք ո՞նց եք պատկերացնում»:

Բաբայանն ասաց, որ իր համար մեծ հաշվով հետաքրքիր էլ չի՝ ինչ են խոսացել: Նա ասաց, որ ինքը ոչ մեկին չի պաշտպանում, ինչ մտածում է՝ դա է ասում ու վստահեցրեց՝ իր հետ նման խոսակցություն չի եղել, թե իրենք իրենցով խոսել են, դա եղել է առանց իրեն. «Մի փորձեք իրենց բաները ինձ փաթաթեք, ես չկամ էդտեղ»:

Բաբայանը փորձում էր հերքել Մեղրիի տարբերակը այն փաստարկով, որ ինքը կիմանար, եթե չեն ասել, ուրեմն չի եղել: Մեր դիտարկմանը, որ մինչեւ ձեզ հասցնելը, Վազգեն Սարգսյանն իր համաձայնությունը չի տվել, այսինքն, առաջին օղակում դրա դեմն առնվել է, բացի այդ, հիշեցրին, որ Մեղրիի տարբերակի մասին ոչ միայն Շիրխանյանն է խոսում, այլ նաեւ՝ Վաղարշակ Հարությունյանը: Սամվել Բաբայանը պատասխանեց. «Առաջինը՝ դա Լեռնային Ղարաբաղի բանակի տարածքն է, նա է հսկում ու առանց նրա հրամանի, ուղղակի իմանաք ձեւը, Պաշտպանության նախարարը իրավունք չունի հրաման տա, ասի էս զորամասը հանիր, տար այնտեղ, զինվորին կարող է ասի, միայն ու միայն գլխավոր գերագույն հրամանատարը կարող է հրաման տալ, որ զորք տեղափոխվի, դա իմանաք: Նախարարին ենթարկվում ես, բացի քաղաքական, տնտեսական մասից, մնացածն ինքնուրույն է հրամանատարը: Բացի այդ, Հայաստանում Սարգսյան Վազգենը, բացի նախարար լինելուց, եղել է որոշիչ դեր խաղացող, Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու՝ անգամ նստի բանակցությունների այդ հարցով, սա՝ երկու: Ասեմ, որ պարզ լինի, դա էդպես չի եղել: Թե ինչ է ասում Վաղարշակը ինչ բանակցություն, որտեղ է եղել ինքը, ես տեղյակ չեմ, չգիտեմ ինչից է խոսում: Ես ասում եմ այն, ինչ իրականությունն է: Պարոն Քոչարյանը, առանց Սարգսյան Վազգենի հետ պայմանավորվելու՝ չէր կարող գնալ նման բանակցությունների: Թե արդեն համաձայնեցրել էին, չէին համաձայնեցրել՝ դա արդեն այլ խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930