«Ժողովուրդ» օրաթերթը «Ցուցահանդեսային կենտրոն»-ի նախկին տնօրեն Խաչատուր Աբրահամյանին հարցրեց՝ Մշակույթի նախարարությունը տեղյակ եղել է արդյոք 626 անուն մշակութային արժեքների բացակայության մասին։ «Այո՛, տեղյակ եղել է. անձամբ ես իմ վերադասներին պարբերաբար զեկուցել եմ այդ մասին։ Աշխատանքները կորել են դեռեւս խորհրդային տարիներին։ Որքանով տեղյակ եմ, դրանց հետ կապված պարբերաբար քրեական գործեր են հարուցվել։ Ինքս բազմիցս ուղիներ եմ փնտրել այդ արժեքները վերադարձնելու համար, այդ մասին նամակագրական փաստեր էլ ունեմ։ Օրինակ՝ նկարիչներից ոմանք նախկին տնօրենների օրոք ստացականով վերցրել էին իրենց կտավները, տարել ցուցահանդեսների եւ այլեւս չէին վերադարձրել։ Մենք գտել ենք, հետ բերել։ Բայց եղել է նաեւ այնպես, որ, օրինակ, ժառանգներն ասել են, թե տեղյակ չեն՝ որտեղ են այդ արժեքները, կամ պարզվել է, որ դրանք խորհրդային տարիներին գտնվել են որեւէ գործարանում, դպրոցում, որոնք այսօր արդեն գոյություն չունեն»,- մեկնաբանեց նա։
«Ժողովուրդ» օրաթերթը Մշակույթի նախարարությանը հարցրեց՝ եթե գերատեսչությունում այսքան տարիներ տեղյակ են եղել կորած մշակութային արժեքների մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկել դրանք վերադարձնելու ուղղությամբ։ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաքածուում առկա առարկաների փաստացի առկայության ստուգում եւ ներկայացրել տեղեկատվություն՝ բացակայող թվով 619 առարկաների վերաբերյալ։ Բացակայող առարկաների հայտնաբերման նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը սահմանված կարգով դիմել է իրավապահ մարմիններին։ ՀՀ քննչական կոմիտեն, հարուցված գործի հիման վրա, իրականացնում է հետաքննություն»,- ասված է Տիգրան Գալստյանի պատասխանում։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում