Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ադյան. Ինչ-որ անհայտ «Զորաշեն» ՍՊԸ երբեք չէր կարող Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին հետաքրքրեր. «Հրապարակ»

Ապրիլ 19,2019 12:16

Երկու օր առաջ տեղեկացել էինք, որ Դավիթ Սանասարյանի ու Սամվել Ադյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել։ Ադյանն ասել է՝ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշենով» գործ ենք անում», եւ զարմանք է արտահայտել, թե ինչու են միայն իրեն բռնել։ Սամվել Ադյանի եղբայրը՝ Դավիթ Ադյանը, որը ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության բաժնի պետն է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ չգիտի՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ, եւ ինչ են իրականում նշանակում «Զորաշենով» գործ ենք անում» բառերը։ «Ինձ համար էլ է հարցական, թե որտեղից է այդ տեղեկությունը։ Առերեսման ժամանակ եղել են երկու հոգի եւ ԱԱԾ-ի քննիչը, երեւի։ Ո՞վ գիտի, թե այնտեղ ինչ են խոսել այդ մարդիկ»,- ասաց նա՝ չհերքելով առերեսման փաստը։

Ըստ նրա՝ Պիվազյանը տասնյակ տարիներ մրցույթների միակ հաղթողն է եղել, եւ ՊՎԾ-ն, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին առաջարկելով փոխել դիալիզի սարքավորումների տեխնիկական բնութագիրը, ընդամենը վերացրել է Պիվազյանի մենաշնորհն այդ շուկայում։

«Գործողությունը, որը տարբեր մարմիններ եւ մամուլը որակում են որպես միջամտություն, իրականում եղել է պատշաճ, իրավաչափ հիմքերով ներկայացված առաջարկություն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին, որ քանի դեռ ձեր տեխնիկական բնութագրերն այնպես եք սահմանում, որ դուք միակ անձի եք թույլ տալիս մասնակցել տենդերին, այլընտրանք չեք թողնում այլ իրավաբանական անձանց համար եւ դրանով իսկ խախտում եք գնումների մասին օրենքի, գնումների կազմակերպման կարգի համապատասխան կետերը, ձեզ առաջարկում ենք այնպիսի տեխնիկական բնութագիր սահմանել, որ բացի այդ «Ֆրեզենի»՝ Հրանտ Պիվազյանի կազմակերպությունից, այլոք էլ կարողանան մասնակցել մրցույթին»,- ասում է Դավիթ Ադյանը։

ՊՎԾ-ն իր կայքում հրապարակել է Պիվազյանի կատարած գործարքների մանրամասները։ Դավիթ Ադյանը հիշեցնում է նրա մենաշնորհի բացասական հետեւանքները։ «Քանի որ տարիներ շարունակ միայն ինքն է մատակարարել, ու մրցակցություն չի եղել, նա, եթե չեմ սխալվում, շուրջ 700 մլն դրամի ինքնարժեքով ապրանքը երկու ԲԿ-ների վրա վաճառել է 1 մլրդ 700 մլն դրամով։ ՊՎԾ-ի այդ առաջարկն ընդունվել է, ու դրանից հետո պատմության մեջ առաջին անգամ մրցույթին բոլոր չափաբաժիններով մասնակցել է 4-5 ընկերություն։ Առաջին անգամ մրցակցային գնում է եղել, նախկինի համեմատ 30 տոկոսով ավելի էժան գին է առաջարկվել, եւ այդ նույն Պիվազյանը երբ տեսել է, որ մրցակցային գնում է լինելու, իջեցրել է գինը»,- նշում է սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետը։ Եվ փոխանակ գնահատվի այս հաղթանակը, սկսվեց քրեական գործ։ Մենք նրան մի քանի հարց էլ տվեցինք։

– Համընդհանուր կարծիքն այն է, որ Սանասարյանը «Զորաշեն» ընկերությանն արտոնություն տալու համար է փոխել տվել սարքավորումների տեխնիկական բնութագիրը։

– «Զորաշեն» ՍՊԸ-ին որեւէ արտոնություն չի տրվել։ Նրա առաջարկածծառայությունը նույնիսկ իմ ասած այդ փոփոխված բնութագրին չի համապատասխանել, եւ նույնիսկ 100 դրամի մրցույթ «Զորաշենը» չի հաղթել։

– Այլ կերպ ասած՝ Դուք բացառո՞ւմ եք, որ Դավիթ Սանասարյանը, անձնական կապեր ունենալով, աջակցել է «Զորաշեն» ՍՊԸ-ին։

– Եթե իմ կարծիքն եք ուզում, ուրեմն, այո, ինչ-որ անհայտ «Զորաշեն» ՍՊԸ երբեք չէր կարող Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին հետաքրքրեր։ Այդ ՍՊԸ-ն միջինից ցածր, տարեկան, երեւի, մի 50 մլն շրջանառություն ունեցող փոքրիկ ընկերություն է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930