Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքի տրամաբանությունից հետեւում է, որ արտակարգ դրությունը հայտարարվել է 2008 թվականի մարտի 1-ի ժամը մինչեւ 16։30-ի սահմաններում. «Ժողովուրդ»

Ապրիլ 19,2019 12:11

Ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Մարտի 1»-ի գործով ցուցմունքների շարունակությունը, որը 1997թ.-ից մինչեւ 2008 թվականը ՀՀ ռազմական ոստիկանության պետն էր։ Նշենք, որ նա մանրամասն ցուցմունքներ է տվել գործով եւ հայտնել էր. «Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովելու կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը… 100 ծառայող է եկել»։

ՀԱՐՑ. Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 16։09-ին, 16։ 11-ին եւ 16։27-ին, համապատասխանաբար Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցում գտնվող շուկայի դիմաց եւ Մելիք-Ադամյան փողոցում տեղակայվել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումները։ Վերջինիս մասին նաեւ Դուք նշեցիք։ Ասացեք կոնկրետ՝ որ ստորաբաժանումներն են նշված փողոցներում տեղակայվել, ում հրամանով, ում ենթակայության տակ, ինչ միջոցառումների իրականացման նպատակով են ներգրավված եղել եւ կոնկրետ ինչ գործողություններ են կատարել։

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւի, ոնց որ 2008 թվականի մարտի 1-ին՝ երեկոյան՝ այդ ժամերին՝ 16։30-ի կողմերը, այո, Մելիք- Ադամյան փողոցում եղել են զինծառայողներ, երեւի մի 15, 17 մեքենա։ Զինված են եղել, թե ոչ, չեմ կարող ասել, կոնկրետ ես զինված զինծառայող չեմ տեսել, միգուցե զինված են եղել, բայց զենքերը պահել են իրենց մեքենաներում։ Մենակ Ռազմական ոստիկանության մեր ծառայողների մի մասն են եղել զինված, հատուկ ջոկատայինները՝ կարճ ինքնաձիգներով։ Ուզում եմ նշել, որ իմ հայրական տները գտնվում են Լեոյի փողոցում։ Մարտի լույս 2-ի գիշերը՝ երեւի ժամը 3-ի սահմաններում, գնացել եմ այդ փողոց՝ ծնողներիս հանդիպելու, նրանց որպիսությունը իմանալու։ Ծնողներս լավ էին։ Տեղեկացա, որ այդ փողոցում բնակիչներից մեր հարեւան Հովոյի տղան էր հրազենային վիրավորում ստացել, գլխի կողմից, թե աչքի կողմից, ստույգ չեմ հիշում։ Նրան տարել էին հիվանդանոց, ողջ էր մնացել։ Հետո լրատվությունից եմ տեղեկացել, որ դուրս է եկել բալկոն, թե դուրս է եկել փողոց ու վիրավորում է ստացել։ Պատմում էին, որ այդտեղ զինվորներ, ոստիկաններ են եղել։ Պատմեցին, որ այդ փողոցում ու Պռոշյանի խաչմերուկներում կրակոցներ, բախումներ են տեղի ունեցել, որից մոտ 40-50 րոպե անց եմ մեկնել այդ փողոց։ Լեոյի փողոցում եղած ժամանակ արդեն ամեն ինչ հանդարտ էր։ Խումբ-Խումբ կանգնած էին ոստիկանության ծառայողներ, բայց քաղաքացիներ չկային։

ՀԱՐՑ. Ձեր ցուցմունքի տրամաբանությունից հետեւում է, որ արտակարգ դրությունը հայտարարվել է 2008 թվականի մարտի 1-ի ժամը մինչեւ 16։30-ի սահմաններում։

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւի այո, մարտի 1-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։

ՀԱՐՑ. Քննության տվյալների համաձայն՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 22-ի սահմաններում։ Մինչդեռ Դուք նշեցիք, որ բանակը Երեւան քաղաքում՝ Մելիք-Ադամյան փողոցում է եղել նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում։ Ստացվում է, որ բանակը Երեւան քաղաք է բերվել մինչեւ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը հրապարակվելը։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես գնացել եմ կառավարության շենք, օրվա երկրորդ կեսն էր։ Իհարկե, ռազմական ոստիկանները մինչ այդ իմ հրահանգով մեկնել էին։ Կառավարության շենքում՝ շտաբում, քարտեզ են դրել, փողոցներն էին նայում։ Ես չգիտեմ, թե ինչքան է տեւել, 10-20 հոգի հավաքված են եղել, ինչ-որ բաներ էին քննարկում, Խաչատուրովից հետաքրքրվել եմ իմ ստորաբաժանման անելիքը, նա ասել է՝ կառավարության շենքը պահեք, մենք էլ անցել ենք գործի։ Երբ ես դուրս եմ եկել շրջելու կառավարության շենքի մոտ, շրջագայել եմ, արդեն մթնշաղ էր։ Չեմ կարող ասել, թե ժամը քանիսն էր։ Միգուցե այդ զինվորները ավելի շուտ են եղել այդտեղ, բայց տեսել եմ նրանց, երբ արդեն մթնշաղ էր։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930