Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանական հումքով ցեմենտն արագ է չորանում, բայց միկրոճեղքեր ունի. երկրաշարժ տեսած ազգ ենք». Բագրատյան

Ապրիլ 19,2019 11:39

ԱԺ-ում այսօր շարունակում են քննարկել «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը, հիշեցնենք, Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը:

Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի բարի կամքի արդյունքում՝ նախորդ տարվա հեղափոխությունից հետո, ՀՀ-ում ցեմենտն էժանացավ 10 000 դրամով: ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը դրա հետ չհամաձայնեց. «Երբ «Արարատ ցեմենտ»-ը (մտնում է Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի մեջ) 10.000 դրամով էժանացրեց ցեմենտի մեկ տոննան, դա հենց Գագիկ Ծառուկյանի բարի կամքի դրսեւորումն էր եւ ոչ միայն: Դա առաջին շոշափելի քայլն էր՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու: Մենք հասկանում ենք, որ ցեմենտը շինարարություն է: Դա առաջին իրական քայլն էր, որը թույլ էր տալիս ասել, որ ՀՀ-ում շինարարությունը խրախուսվում է բարի կամքի դրսեւորմամբ»:

Արման Աբովյանը համաձայն չէ նաեւ Հայկ Սարգսյանի այն դիտարկման հետ, որ ներմուծվող իրանական ցեմենտի համար եւս պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն. «Պետք է խրախուսել տեղական արտադրությունը, ոչ թե ասել, թե ներմուծվողն էժան է: Ներմուծված ապրանքը վերացնում է տեղի արտադրողի դաշտը, գինը կտրուկ աճում է: Էլ չասեմ այն մարդկանց մասին, որոնք առանց աշխատանքի կմնան»:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նկատեց՝ «Արարատ ցեմենտն»-ն ունի 1400 աշխատող+500 վարորդ, իսկ Հրազդանի ցեմենտի գործարանը՝ 400 աշխատող. «Նրանք արտադրում են 80% արտադրանք: Եթե սահմանի վրա իրանական ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ «կլինկերի» հումքը նույն գինն ունեն, հումքի վրա եւս պետտուրք պետք է դրվի, այլապես տեղական ցեմենտ արտադրողները կսկսեն առավելապես հումքը ներմուծել, ոչ թե արտադրել»:

Ըստ Մելքումյանի՝ այս կերպ տեղական ընկերությունները ցեմենտ արտադրողներից կվերածվեն ցեմենտ աղացողների, կխաթարվի նրանց արտադրական շղթան, որը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունի:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ համաձայնեց Մելքումյանի մտահոգության հետ՝ շեշտելով, որ Իրանից ներմուծվող «կլինկերը» ՀՀ-ում փորձաքննության չի ենթարկվել. «Դրանից ստացված ցեմենտն ավելի արագ է չորանում, բայց ես խոսել եմ մասնագետների հետ եւ պարզել, որ ժամանակի ընթացքում դրանում միկրոճեղքեր են առաջանում. երկրաշարժ տեսած ազգ ենք…»:

ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն էլ վստահեցրեց, որ այս խնդրում Գագիկ Ծառուկյանի անձը չէ, եւ իրենց խմբակցությունը մտահոգ է աշխատատեղերի հնարավոր կրճատման հարցով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930