Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ազարյան. «Ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Դատարանների միությունն ընդհանրապես չարձագանքեցին իմ նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին, նույնիսկ սպառնալիքներ եղան». «Հրապարակ»

Ապրիլ 19,2019 11:29

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության իրավունքով կալանքից ազատ արձակած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին հարցրինք՝ դատական համակարգում կարծում են, որ սխալ էր այդ հիմքով ազատ արձակելը, դա փակուղի մտցրեց ՀՔԾ-ին, այ, որոշումից հետո, ըստ էության, պետք է կարճվեր Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը, իսկ իշխանությունն այդ քայլին չէր գնա, ուստի ճիշտ կլիներ կալանքը փոխել մեկ այլ հիմքով, թեկուզ՝ գրավով։ Դա էր պատճառը, որ Ազարյանի որոշումը բեկանվեց, եւ հաջորդ ատյաններն այլեւս չհամարձակվեցին դեմ գնալ իշխանական կամքին ու հաստատեցին կալանքի որոշումը։ Նա հրաժարվեց մեկնաբանել իր որոշումը. «Չեմ կարող մեկնաբանել այլ կարծիքներ, բացի այն, ինչ գրել եմ որոշման մեջ, ուրիշ ավելացնելու բան չունեմ»։

– Դատավորների միությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Ձեր կարծիքով, այստեղ անելիք ունե՞ն, որ անկախանան դատարանները, որովհետեւ հիմա էլ Քոչարյանի պաշտպաններն են ասում, որ քաղաքական հրահանգներ կան։

– Ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Դատարանների միությունն ընդհանրապես չարձագանքեցին իմ նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին, նույնիսկ սպառնալիքներ եղան։ Եթե անելիք ունի, թող անի, տեսնենք՝ ընդունա՞կ են ինչ-որ բանի, թե՞ ոչ։

– Որո՞նք են այն քայլերը, որ պետք է անեն այդ մարմինները՝ անաչառություն ապահովելու, դատական համակարգի անկախությանը նպաստելու համար։

– Մի օրինակ բերեմ. Դավիթ Բալայանի կողմից երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվեց գրավ, եւ դրանից հետո պարոն Բալայանը ենթարկվեց հասարակական ճնշումների, եթե չեմ սխալվում, Դատարանների միությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մոտավորապես միտք արտահայտեց, որ սահմանն արդեն հատել են՝ չի կարելի, դես-դեն։ Ես զարմացած եմ՝ այդ չափը… այսինքն՝ էն հասարակական ճնշումները, սպառնալիքները, որոնք կիրառվեցին իմ նկատմամբ, չափի մեջ էին, պարոն Բալայանի դեպքում՝ ո՛չ. դա է ինձ զարմացնում։

– Ինչո՞ւ Դուք սպառնալիքների վերաբերյալ իրավապահ մարմիններին չդիմեցիք՝ կանխելու հետագայում նման վարքագիծը։

– Ուրեմն քրեական գործ հարուցելու հիմքերը մատնանշված են Քրեական դատավարության օրենսգրքով, եւ եթե դատախազությունը չտեսավ այդ գործողությունների մեջ սպառնալիք կամ քրեական գործ հարուցելու հիմքեր, ես էն անձնավորությունը չեմ, որ ինձ պաշտպանելու համար դիմեմ իրավապահ մարմիններին, եթե իրավապահ մարմինները գտել են, որ բացակայել են հիմքերն ու առիթները, թող այդպես գտնեն։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930