ՀՀ վարչապետի և նախագահի հարաբերությունները՝ պայմանավորված մի շարք դրվագներով ու իրադարձություններով, հատկապես վերջին շրջանում քննարկումների առիթ են դառնում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դեռ չի շտապում այդ հարաբերությունները դիտարկել հնարավոր հակասության տիրույթում, բայց մատնանշում է քաղաքական խանդի նախնական տարրերի մասին:
Խոսելով գրեթե մեկ տարի առաջվա հարաբերությունների մասին՝ նա հավելեց. «Այն ժամանակ շարժումը ղեկավարողի և նախագահի միջև բարիդրացիական հարաբերություններ կային, որովհետև կար մեկ ուղղությամբ համընդհանուր գնալու գործողությունների նպատակ: Եվ, բնականաբար, այն ժամանակ շարժման ղեկավարին ու այսօր արդեն վարչապետին դա ձեռք էր տալիս: Բայց անցել է մեկ տարի, իսկ այն ժամանակ նորմալ գործընկերային հարաբերությունները իրավիճակային էին: Հիմա տեսնում ենք, որ գալով իշխանության՝ վարչապետը չի կարողանում իրականացնել այն սպասելիքները, որ ուներ հասարակությունը: Ըստ այդմ, նրա վարկանիշը, ի տարբերություն նախագահի, կտրուկ անկում է ունենում: Իհարկե, նախագահը չէր կարող նման խոստումներ տալ, նա չունի մեծ ու արմատական փոփոխություններ իրականացնելու լիազորություններ, որովհետև այդ պաշտոնն արարողակարգային է: Այդուհանդերձ, քանի որ մենք երկար ժամանակ նախագահական կառավարման համակարգ ենք ունեցել, բնակչության մոտ այդ երկու ղեկավարների գործունեության և վարկանիշների գնահատական է տեղի ունենում: Այդ գնահատականը հօգուտ նախագահի է: Բնականաբար, հօգուտ նախագահի վարկանիշային տարբերությունը իշխող քաղաքական թիմին այդքան էլ դուր չի գալիս»,-ասաց նա: Քաղտեխնոլոգը շեշտեց, որ իշխող թիմը, այսպես, թե այնպես, վարկանիշ չունի, ուղղակի վարչապետի վարկանիշն է տարածվում թիմի վրա:
«Իսկ երբ վարկանիշների տարբերությունն ավելի մեծանա, շատ հնարավոր է, որ վարչապետի և նախագահի հարաբերություններն ավելի սառեն: Սառնությունը կարող է ավելի ուժեղանալ, որովհետև իշխող քաղաքական թիմի մոտ, այսպես, թե այնպես, կարող են քաղաքական խանդի տեսարաններ առաջանալ՝ մտքում ունենալով այն, որ նախագահը կարող է միավորող դեր ունենալ հասարակության տարբեր քաղաքական, հասարակական խմբավորումների համար և դառնալ իրենց անուղղակի մրցակիցը: Նախագահի՝ արարողակարգային պաշտոնը իրավական կարգավիճակ է: Շատ դեպքերում քաղաքական կարգավիճակն ավելի ծանրակշիռ է, քան իրավականը: Նախագահը իրավական կարգավիճակով փոքր լիազորություններ ունի, բայց նրա քաղաքական կարգավիճակը սկսում է ուժեղանալ»,-եզրափակեց Ա. Բադալյանը՝ ընդգծելով, որ քաղաքական խանդի նախնական տարրերն արդեն ակնհայտ են:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: