Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցեմենտ ներմուծողները վրդովված են, արտադրողները՝ տագնապած. ցեմենտի խնդիրը կրկին ԱԺ-ում է

Ապրիլ 19,2019 10:52

ԱԺ-ում այսօր շարունակում են քննարկել «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը, հիշեցնենք, Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը:

Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց. «Երեւանի ցեմենտ արտադրող ընկերության մեկ տոննա արտադրանքի գինը 40.000 է, Արարատինը՝ 41.000, իսկ Հրազդանինը՝ 48.000 դրամ: 2018թ.-ի հեղափոխությունից հետո իրանական ցեմենտը մուտք գործեց հայկական շուկա: ՀՀ սահմանին իրանական ցեմենտը 8-10.000 դրամ է՝ չորս անգամ մատչելի»:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ եթե կառավարությունը քայլ չձեռնարկեր, տեղական երեք գործարաններն էլ շատ արագ կփակվեին. «Ուստի նախորդ տարի սահմանվեց հսկիչ գին եւ իրանական ցեմենտը ներմուծվեց 32.000 դրամ հարկով: Սա կանխեց մեծաքանակ ներմուծումը: Իրանական ցեմենտի մուտքից հետո ՀՀ-ում ցեմենտի գները նվազել են 10.000 դրամով՝ ոչ թե արտադրողների բարի կամքի, այլ կառավարության ղեկավարի բարի կամքի արդյունքում. առաջացավ բնական մրցակցություն: Հեղափոխությունից հետո ցեմենտը ՀՀ-ում 10.000 դրամով ավելի մատչելի է: Առաջիկայում հսկիչ գին կիրառել այլեւս հնարավոր չի լինի, ուստի նշյալ նախագծով կառավարությունն առաջարկում է 22.000 տուրք վճարել իրանական ցեմենտի ամեն տոննայի համար»:

Հայկ Սարգսյանը նշեց, որ այդ տուրքը վրդովվեցրել է ցեմենտ ներմուծողներին, իսկ արտադրող գործարաններն ուզում են, որ պետտուրքն ավելի բարձր լինի, որպեսզի իրանական ցեմենտի հետ ավելի հեշտ մրցակցեն. «Այդ տուրքը կհավասարակշռի իրավիճակը, ցեմենտի գներն էլ գուցե նվազեն բնական մրցակցության արդյունքում: Այո, իրանական ցեմենտը եւս պետք է ներմուծվի ՀՀ: Ի դեպ, իրանական ցեմենտ ներմուծողները նախորդ տարի վճարել են 4 միլիարդ դրամի հարկ, քանի որ իրեն ներմուծման ծավալը 25% է: Իսկ տեղական արտադրողները վճարում են տարեկան 3.3 միլիարդ դրամի հարկ»:

Ապա Հայկ Սարգսյանը տեղեկացրեց՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, որի անդամ է ինքը, հանդիպումներ նախաձեռնեց տեղական ցեմենտ արտադրող երեք ընկերությունների հետ, որպեսզի խնդիրը բազմակողմանի քննարկեն, սակայն անհարկի խոսակցություններ եղան, թե դա դավադրություն է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ. «Արարատ ցեմենտ»-ը պատկանում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ին, որի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: Շատ եմ հարգում նրան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զրոյից հաջողության հասած գործարար է: Ունեմ մտերիմ հարաբերություններ, որոնք առաջիկա հինգ տարում, կարծում եմ, կբարելավվեն: Բնական է, որ մենք պետք է հանդիպեինք ցեմենտ արտադրողների հետ: Եթե չհանդիպեինք, ԶԼՄ-ները կասեին, թե ինչո՞ւ չեն հանդիպել, երեւի Ծառուկյանը նրանց «Նիվա» է նվիրել…»:

Հայկ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ շուտով կստեղծվի աշխատանքային խումբ՝ կառավարության անդամների, ցեմենտ արտադրող, ներկրող եւ սպառող ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, որպեսզի քննարկեն պետտուրքի չափի հարցը:

Հավելենք, որ այս նախագիծն ԱԺ-ում դեռ պետք է անցնի առաջին ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930