Այո՛, Բաքուն պատրաստվել է ու պատրաստվում է պատերազմի, և դա նորություն չէ: Եվ պատրաստվելու է՝ անկախ ամեն ինչից: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է խոսի խաղաղ գոյակցության հնարավորության մասին և ձգտի հասնել իրավիճակի, որը կապահովի թեկուզ հարաբերական խաղաղություն: Եվ դա էլ իր հերթին չի նշանակում, որ Հայաստանն այդպիսով դադարում է պատերազմի պատրաստվելուց՝ Ադրբեջանին զսպելու նպատակով: Չէ՞ որ, ի վերջո, նույն կերպ ադրբեջանցիները կարող են իրենց հարց տալ, որ Հայաստանն այս ժամանակն օգտագործում է պատերազմի պատրաստվելու համար: Առնվազն տեսականորեն կարող են տալ այդ հարցը:
Այլ կերպ ասած՝ սրա վերաբերյալ հայկական դիսկուրսը տեղին կարող է լինել մի դեպքում միայն, և դա ոչ թե խաղաղության մասին խոսելու և խաղաղության միջավայր ձևավորելու հարցում Բաքվին սեղանի շուրջ նստեցնելու դեպքն է, այլ կարող է լինել այն դեպքը, երբ լինեն լուրջ կասկածներ, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, և որևէ հավասարակշռություն է խախտվում հօգուտ Բաքվի: Մինչդեռ, ոչ միայն չկա այդպիսի բան, այլ նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարն է անում աննախադեպ հայտարարություններ, որոնք չեն հնչել Հայաստանի և ոչ մի պաշտպանության նախարարի շուրթերից: Ըստ այդմ՝ խնդիրը շատ պարզ է՝ մեզ պետք է անհանգստացնի ոչ թե խաղաղության շրջանը, այլ որևէ հիմնավոր կասկած, որ մենք այդ շրջանն օգտագործում ենք մեր պետական դիմադրությունը բարձրացնելու ոչ բավարար արդյունավետությամբ: Կա՞ն այդպիսի հիմնավոր կասկածներ, դրանց մասին պետք է խոսել, բայց առարկայորեն, ոչ վերացական և քնարական:
Միաժամանակ, դա մի թեմա է, որի ասպեկտների մի զգալի մասը պահանջում է շատ փակ, շատ նեղ շրջանակի խոսակցություն, և այդ իմաստով թերևս չէր խանգարի, որպեսզի հասարակական-քաղաքական մանիպուլյացիաներից խուսափելու համար նախաձեռնվեին տարբեր խմբեր և ֆորմատներ, որտեղ նեղ և լուրջ շրջանակում կլինեն քննարկումներ այդ թեմայով, գլոբալ թեման ավելորդ մանիպուլյացիաներից պաշտպանելու և հակառակը՝ ժամանակի օգտագործման էֆեկտիվության բարձրացմանը նպաստելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: