Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է փոխվել, ինչը՝ ոչ

Ապրիլ 19,2019 10:00

Հայաստանում հետհեղափոխական իրավիճակը գնահատելիս հաճախ հնչում է երկու ծայրահեղական կարծիք.

1/ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մի տարի առաջ պայմանավորված էր («խոսացած էր»), ամեն ինչ հիմնված է խաբեության վրա,

2/ հեղափոխության շնորհիվ մենք այժմ ապրում ենք դրախտում, հրեշտակատիպ ղեկավարների հոգատար հովանավորության ներքո:

Իրականում փոխվել է շատ կարեւոր բան՝ խորհրդարանի, կառավարության, ընդհանրապես իշխանության լեգիտիմության վրա այս պահին ոչ ոք չի կասկածում: Ինքը՝ խորհրդարանը, նույնպես փոխվել է: Եթե նախորդ գումարման խորհրդարաններում Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն միանգամայն «օրգանական» էին թվում, ապա այսօր դա այդպես չէ: Բանն այն է, որ 1995 թվականից սկսած խորհրդարան բացի քաղաքական գործիչներից (լավ թե վատ), գալիս էին մարդիկ, որոնց միակ նպատակն էր իրենց բիզնես շահերը պաշտպանելը: Օրինակ, նախորդ խորհրդարանում, բացի Ծառուկյանից եւ նրա խմբակցությունից, որոնք գոնե ֆորմալ առումով ընդդիմություն էին, մեծամասնությունում նույնպես բազմաթիվ էին զուտ բիզնեսով զբաղվողները, եւ ԲՀԿ-ի ներկայությունն այնտեղ ոչ միայն բնական էր, այլեւ ինչ-որ տեղ արդարացված, ցանկալի, քանի որ հավասարակշռում էր ՀՀԿ-ական բիզնեսմեններին: Այսօրվա ԱԺ-ում 88 հոգանոց մեծամասնությունը, անկախ նրանից, թե ով ինչպես է նրան վերաբերվում, եկել է խորհրդարան ինչ-որ գաղափարներ իրագործելու համար: Դարձյալ կարեւոր չէ, թե որքան են այդ գաղափարները ճիշտ կամ սխալ, որքանով են մեծամասնության պատգամավորները փորձված կամ անփորձ, պատրաստված կամ անպատրաստ, նրանց գործառույթը, ինչպես եւ «Լուսավոր Հայաստանինը», քաղաքական է: Այդ ֆոնի վրա «չի նայվում» մի խմբակցություն, որի հիմնական գործառույթն իրենց ղեկավարի բիզնես շահերը (ցեմենտի գործարանը, «Առինջ մոլը» եւ այլն) առաջ տանելն է: Դա խորհրդարանական աշխատանքի հնացած մոդել է՝ որքան էլ ԲՀԿ խմբակցության մեջ խելացի եւ հարգարժան մարդիկ լինեն:

Չի փոխվել մեկ այլ բան, որն, ի դեպ, չի փոխվել ոչ միայն անկախ Հայաստանի, այլեւ խորհրդային շրջանից: Հիշենք, որ Սովետի ժամանակ էլ կառավարման ձեւը խորհրդարանական էր, բայց դա, ինչպես հայտնի է, ձեւականություն էր, եւ ամեն ինչ, այդ թվում՝ կադրային հարցերը, որոշվում էին կուսակցության Կենտկոմում: Հիմա, կարծես թե, այդպես չպիտի լինի՝ որոշ պաշտոններ՝ օրինակ, ԵՊՀ ռեկտոր, Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ, ՍԴ դատավոր եւ այլն, պետք է ստանձնեն ապաքաղաքական մասնագետները:

ՍԴ դատավորի ընտրության դեպքը վերջինն է եւ առավել ցայտունը: Մեծամասնությունը թեկնածուի առջեւ դնում էր քաղաքական հարցեր («թեստեր») եւ պահանջում էր, որ նա պատասխանի այդ մեծամասնության քաղաքական հայացքներին համահունչ: Բայց պարզ է, չէ՞, որ դատավորը (ցանկացած դատավոր, առավել եւս՝ ՍԴ-ի) չի կարող քաղաքական գնահատական տալ որեւէ քրեական գործի, հատկապես «մարտի 1-ին», բա որ կողմերից մեկն այդ գործի որեւէ դրվագով դիմի ՍԴ, ինչպե՞ս է նա դատելու. եթե իշխանությունը («Կենտկոմը») ունի ՍԴ դատավորի իր թեկնածուին, ապա պետք չէ «ժողովրդավարական ընտրության» պատրանք ստեղծել՝ թող դնեն եւ նշանակեն իրենց մարդուն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծաղրանկարը՝ «Մեդիալաբի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անձնական զգացումներս խեղդելով, պարտաւոր կը զգամ դիտել տալու թէ, օրինակի համար՝ ԱՄՆ-ում, դատական գերագոյն ատեանի դատաւորները կը նշանակուին օրուայ գործադիր իշխանութեան պետին կողմէ, քաղաքական եւ գաղափարական բացայայտ նկատառումներով, եւ գործընթացը կը ներառէ օրէնսդրական իշխանութեան միջամտութեան թատերական ձեւակերպութիւն մը:

    Այս նիւթով անցեալ շաբաթ Հայաստանում տեղի ունեցած իրադարձութեան մէջ, տարօրինակն ու մտահոգիչը՝ Վարչապետի եւ Նախագահի միջեւ հանրային տարակարծութիւնն է, բախումն էր: Այդ երկուքը պէտք է որ նախապէս միասին, խորհրդապահական կերպով, համաձայնէին, կամ աւելի ճիշդ՝ Վարչապետը յաջողէր իր կամքը պարտադրել Նախագահին, որպէսզի այդ անճոռնի ու արտառոց երեւոյթը չպարզուէր – եւ այդ պատկառելի, շատ լուրջ, խելացի ու ատակ իրաւաբանն ալ այդպէս հանրային նուաստացումի չենթարկուէր, անգութ ու անարդար վիրաւորանք չստանար – :

    Ասի ըսած, վերոնշեալ օրինակի հիման վրայ, ԱՄՆ-ում, երկրի բարձրագոյն դատարանը տեղաւորւող ոեւէ թեկնածուի իրաւաբանական կարողութիւններուն եւ փորձագիտական մակարդակին վերաբերեալ երբեք խնդիր չկայ: Մինչ ներկայիս Հայաստանում, եթէ Պարոն Փաշինյանի նպատակը այդտեղ տեղադրել է անցեալ անգամ ԱԺ-ի կողմէ մերժուած այդ ակտիվիստ-փաստաբանը, ցաւալի պիտի ըլլայ երկրի դատական համակարգի որակին համար, եւ դեռ վրան ալ՝ գործընթացը ակնյայտօրէն հակասահմանադրական պիտի հանդիսանայ:

    Ի դէպ, վիճելի է այն հաստատումը թէ Հայաստանի այժմու «խորհրդարանի, կառավարության, ընդհանրապես իշխանության լեգիտիմության» վերաբերեալ որեւէ հարցական չի կրնար ըլլալ: Քանզի նախապէս ընտրուած Խորհրդարանի լուծարումը եւ արտահերթ ընտրութիւնները տեղի ունեցան ոչ թէ նախկին պատգամաւորների լիովին ազատ կամքով, այլ էականօրէն՝ փողոցի ուժի հարկադրանքին, սպառնալիքին միջոցաւ: Զօրով: Հիմա եղածը եղած է սակայն, գոնէ հինգ տարի այսպէս թող մնայ հաճիք, Աստուծոյ սիրոյն:

    https://haytougchamlian.blog/

  2. gib.gibindus says:

    Ստեղ են ասել՝ էրեսին կասե՞ս: Խելոք մարդկանց հաշվով եմ նամյոկ տալի, էլի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930