Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ինչ որ մեկի մտքով կանցնի երկրորդ Բերձոր կազմակերպել, թող ինքը լավ մտածի»

Ապրիլ 19,2019 15:30

Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» կուսակցության՝ դեպի Արցախ ավտոերթը կլինի ապրիլի 25-ին

«Դավիթ Շահնազարյանի ամբողջ կենսագրությունը, թե ինչպես է ընդդիմադիր արեւմտամետ գործչից անցում կատարում պրոռուսական գործչի, շատ լավ երեւաց նախընտրական շրջանում: Ես իր բարոյական նկարագիրը չեմ ուզում մեկ անգամ եւս տալ»,-«Առավոտի» հիշեցմանը՝ Դավիթ Շահնազարյանը բավականին կոշտ արտահայտվեց «Սասնա ծռեր» կուսակցության՝ ծրագրերի եւ սկզբունքների մասին, մասնավորապես դեպի Արցախ ավտոերթն անվանեց թիկունքից հարված Արցախին, այսպես պատասխանեց «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Հիշեցնենք՝ 1992-95թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր՝ «Սասնա ծռեր» կուսակցության ողջ նպատակներն ու գործողությունները ընդգծված ծայրահեղական են եւ որ այդ ավտոերթը թիկունքից հարված է Արցախին:

Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» կուսակցության՝ դեպի Արցախ ավտոերթը կլինի ապրիլի 25-ին: Այնուհետեւ ասաց, որ չպետք է ձեւակերպել, թե արձագանքը կոշտ է, քանի որ իրենց հարցախույզը ցույց է տվել, որ Արցախի քաղաքացիները կողմ են ավտոերթին. «Եղել է դրական արձագանք հենց Արցախից, ոչ միան իշխող կուսակցական համակարգի, այլեւ այլ կուսակցությունների եւ հասարակ ժողովրդի կողմից»:

Նշեցինք, որ բավականին կոշտ է արտահայտվել նաեւ Վիտալի Բալասանյանը՝ հայտարարելով, թե Արցախը մարզ համարողներն իրավունք չունեն Արցախ ոտք դնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն անհեթեթությունը, ինչ հնչել է Վիտալի Բալասանյանի կողմից, այն պարագայում է, երբ բոլորի համար ակնհայտ է, որ հենց Վիտալի Բալասանյանը ՀՀ քաղաքացու անձնագրով է աշխարհում ճամփորդում: Սա արդեն լուրջ հարց է տալիս, թե ինչպես կարող է մարդ այդ դեպքում նման անհեթեթություն ասել, որ գտնում է՝ մարդ, եթե Արցախը մարզ է համարում, իրավունք չունի մուտք գործել Արցախ: Ինքը պատրա՞ստ է իր անձնագիրը վայր դնել, այդ իմաստով իրեն չհամարել ՀՀ քաղաքացի: Հասկանում ենք՝ հարցն իհարկե նոր չի առաջացել՝ այս երկակիությունը, որ կա Արցախի հետ կապված: Վերջին տարիներին այդ անհեթեթ դասակարգումը՝ ՀՀ, Արցախ, Սփյուռք, հասկանալի է, որ մարդիկ իներցիայի մեջ են ընկել, թե այդպես եկել է, թող գնա»:
Ըստ «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամի՝ իրավիճակը կտրուկ փոխվել է Արցախում: Նրա խոսքով, եթե 30 տարի առաջ կարող էինք այդ ծուղակն ընկնել մեր քաղաքական անբավարար պատրաստվածությամբ, այսօր ակնհայտ է դառնում, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է առաջանում՝ կապված ԵՏՄ ողնաշարի ստեղծման հետ. «Այդ ողնաշարն անցնում է նաեւ Հարավային Կովկասով՝ Չինաստանից, Եվրոպայից ձգվող մի գոտի, մի ճանապարհի ծրագիրը եւ ուղղակիորեն այդ երեք ճանապարհներից մեկն անցնում է Կովկասով, մյուսն Իրանով: Այն, որ ՌԴ-ն եւ Իրանը պատժամիջոցների տակ են ընկնում, երրորդ ճանապարհը կարեւոր նշանակություն է ստանում: Այդ ճանապարհն անցնում է ուղղակի Արցախի նշանակության տակ՝ Գանձակով: Բնականաբար աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ նորից հետաքրքրություն է առաջանում հայկական նշանառությունից վերցնել այդ նշանառությունը եւ դնել ռուսական նշանառության տակ: Դրանից ծնվում են ռուսական մանդատի մասին խոսակցությունները, Արցախը ՀՀ մարզ չլինելու խոսակցություններ ներհայկական քննարկումների ժամանակ: Այդ մարդիկ կամա թե ակամա այսպիսի դավաճանական քայլերի սայթաքուն ճանապարհն են մտնում»:

Մեր հստակեցմանը՝ հիմա Վիտալի Բալասանյանն ա՞յդ ճանապարհի վրա է, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց. «Ցավոք, այդ սայթաքուն ճանապարհը կարող է հանգեցնել դեպի այդ վտանգավոր եզրագծին: Ժամանակահատվածը համընկել է Արցախում ընտրությունների հետ, եւ Վիտալի Բալասանյանն ինքն ուզում է իր համար աշխարհաքաղաքական հովանավոր գտնել»:

Մեր հարցին՝ չե՞ն վախենում, որ ապրիլի 25-ի ավտոերթին կրկին բախումներ կլինեն, ինչպես նախորդ անգամ, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց. «Արցախում ոչ ոք այդպես չի մտածում: Միայն Վիտալի Բալասանյանի վառ երեւակայությունն է. ոչ մի բախում լինել չի կարող: Իսկ եթե ինչ որ մեկի մտքով կանցնի երկրորդ Բերձոր կազմակերպել, թող ինքը լավ մտածի՝ դրա հետեւանքները ինչ կլինեն»:

Այն կարծիքներին, թե «Սասնա ծռերը» ցանկանում են հեղափոխությունը տանել Արցախ, Գարեգին Չուգասզյանն արձագանքեց. «Պարզ է՝ Արցախի այսօրվա ղեկավարները նախկին ՀՀ ռեժիմի մարզային մնացորդն են: Դա պիտի փոխվի»:

Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց՝ Արցախում նախատեսում են հանդիպումներ ժողովրդի հետ, քննարկումներ, իրազեկում: Նա նշեց, որ սկսել ենք ստորագրահավաք Արցախի՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող անձանց ընտրական իրավունքի վերականգնման հարցով: Այդ նախաձեռնությունը եւս կլինի արցախյան օրակարգում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930