Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Լավրովին ապրիլյան պատերազմից մի քանի օր անց հարցրեց՝ «ինչո՞ւ դա պատահեց»
Ապրիլյան պատերազմից հետո տեւական ժամանակ քննարկվում էր «Լավրովյան պլանի» առկայությունը: Պաշտոնական Երեւանը համառորեն հերքում էր դրա գոյությունը, որը թույլ էր տալիս եզրակացնել, որ հայկական կողմի համար դա այնքան անընդունելի էր եղել, որ պաշտոնական Երեւանը նախընտրեց դրա առկայությունը հերքել: Ի վերջո, տեւական ժամանակ անց պաշտոնական Մոսկվան էլ ստիպված եղավ հրապարակավ հայտարարել, որ այդպիսի պլան գոյություն չունի:
Անցավ բավական ժամանակ: Հայաստանում իշխանություն է փոխվել: Արցախյան թեմայով բանակցությունները նոր թափ են առել, միջազգային հանրությունը սպասումներ ունի Փաշինյան-Ալիեւ հանդիպումներից:
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի երկու համանախագահները, ըստ ամենայնի, ոչ պատահականորեն, վերջին մի քանի ամիսներին թարմացրեցին «Լավրովյան պլանի» առկայության թեման: Անցյալ տարի հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի՝ «Սառեցված հակամարտություններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավեճի ընթացքում հիշատակեց այդ պլանը: Իսկ այս տարվա փետրվարին ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձավ «Լավրովյան պլանին»:
Կարդացեք նաև
Մինչ Հայաստանում փորձում են հասկանալ, թե կարգավորման ի՞նչ տարբերակ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը, կամ՝ պաշտոնական Երեւանը ի՞նչ նոր մոտեցումներ է դրել բանակցությունների սեղանին, հանկարծ պաշտոնական Բաքուն օրերս Մոսկվայում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ուշագրավ տեղեկություն է հրապարակ նետում:
Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվել են մի քանի առաջարկներ եւ ընդունվել են հստակ որոշումներ, ըստ ադրբեջանական լրատվական կայքերի՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ «Հստակորեն քննարկվել են հարցեր, որոնք մինչեւ այժմ խոչընդոտել են բանակցությունների առաջընթացը։ Չեմ կարող խոսել լիարժեք առաջընթացի մասին, սակայն մեզ հաջողվել է ավելի մանրակրկիտ եւ խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ էին առաջացնում հայկական կողմի հետ»,- նշել է Մամեդյարովը՝ հավելելով, որ ընդհանուր քննարկումները ծավալվել են այն պլանի շուրջ, որը 2016-ին առաջարկել էր Ռուսաստանը։ «Իհարկե, մի հանդիպմամբ բոլոր հարցերը չես լուծի։ Տվյալ հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք, թե ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ է պետք լուծել։ Օրինակ, Հայաստանը առաջ է քաշում կարգավիճակի եւ անվտանգության հարցեր։ Մենք էլ առաջին հերթին շեշտադրում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերումն ու տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր։ Քննարկումներն անցկացվել են այս չորս հարցերի շուրջ, եւ որոշվել է շարունակել բանակցությունները»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Մամեդյարովը նաեւ ասել է, որ հանդիպման ընթացքում որոշ առաջարկներ են հնչել. «Դրանք հնչել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մյուս համանախագահ երկրների եւ Ադրբեջանի ու Հայաստանի կողմից։ Այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատանքը»։
Մամեդյարովի խոսքը լրացուցիչ պարզաբանելու, վերծանելու անհրաժեշտություն չի զգացվում, ամեն ինչ առավել քան պարզ է, իհարկե, չի կարելի բացառել, որ նա քարոզչական նկատառումներից ելնելով է այս թեման թեժացնում: Բայց, այնուամենայնիվ, եզրակացությունը մեկն է՝ Մոսկվան ու Բաքուն միահամուռ ուժերով վերակենդանացնում են «Լավրովյան պլանը»: Կամ էլ արդեն բանակցային ներկա փուլն ընթանում է «Լավրովյան պլանին» համահունչ, գուցե որոշակի նոր մոտեցումներով:
Ինչո՞ւ է ծնվել «Լավրովյան պլանը»: Վերջին երեք տարիներին այս հարցին պատասխանելիս եղել են բազմաթիվ վերլուծություններ ու մեկնաբանություններ, որպես վարկած անգամ 2016թ. ապրիլյան պատերազմն է կապվել ռուսական այդ պլանի գոյության հետ:
Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց, երբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Երեւան ժամանեց, «Լավրովյան պլանի» մասին խոսակցությունները հենց այդ օրերից սկսած շրջանառվեցին: Արժե վերհիշել Սերժ Սարգսյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումից մի ուշագրավ դրվագ: 2016թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանն ընդունել էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Պաշտոնական հաղորդագրությունում, ինչպես նաեւ տեսագրությունում մի ուշագրավ դրվագ կար, երբ Սերժ Սարգսյանը Լավրովին իր խոսքն ուղղել էր: «…Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ: Մենք մշտապես այդ գործընթացում կառուցողական ենք եղել, մշտապես վստահ ենք եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջիվերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից: Բայց, ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռեւս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագրերը եւ այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատեւ բանակցությունների ընթացքում: Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,-ասել էր Սերժ Սարգսյանը:
(Դիտել տեսանյութի 3-րդ րոպեից)
Սերժ Սարգսյանը Լավրովին ուղիղ հարցրել էր՝ ինչո՞ւ Ադրբեջանը պատերազմ սկսեց ապրիլին: Տեսագրությունում նկատվում է, թե ինչպես Լավրովի համար այս հարցն անսպասելի դարձավ: Այդ հարցը ուղղվեց ինչպես հռետորական, այնպես էլ միաժամանակ հստակ պատասխան ստանալու ակնկալիքով:
Անցյալ տարի հուլիսի 20-ին հրավիրված մամլո ասուլիսում «Առավոտը» վարչապետ Նիկոլ Փաշինյանին շփման գծում լարվածության վերաբերյալ հարց էր ուղղել՝ հետեւյալ դիտարկումն անելով, որ Ռուսաստանի եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ-ն փորձում է վերակենդանացնել «Լավրովյան պլանը», Հայաստանին պատերազմ է սպառնում։
Փաշինյանն այդ օրը ուշագրավ մի հայտարարություն արեց, որի մասին այսօր շատերը չեն հիշում: Նա անուղղակիորեն Արցախում պատերազմի բռնկման պատասխանատվությունն այդ օրը դրեց Ռուսաստանի ուսերին՝ այսպես պատասխանելով «Առավոտի» դիտարկմանը. «Բոլորս ենք հասկանում, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող դրան հավատալ։ Էլի եմ ասում, ես համոզված եմ եւ կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետեւաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»։
Գիտե՞ր արդեն, կանխատեսո՞ւմ էր Փաշինյանն անցյալ տարվա ամռանից, որ «Լավրովյան պլանը» կարող է վերակենդանանալ ու այն հայկական կողմից մերժվելու դեպքում Ռուսաստանը կարող է Ադրբեջանին պատերազմ սանձազերծելու «դաբրո» տալ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 18.04.2019