Փաշինյանի բնութագրած՝ «սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ» կարծես չեն պատժվի, ամբողջ աշխատանքները նորից են սկսել
Հայաստանի ճանապարհները տարիներ շարունակ դժգոհությունների տեղիք են տվել. կառուցապատողները պետբյուջեից խոշոր գումարներ էին ստանում, իբրեւ հիմնանորոգում, փոսալցում, կարկատում էին ու մի կողմ քաշվում: Կարճ ժամանակ հետո այդ ճանապարհները քարուքանդ էին լինում, ասֆալտն արագ «մաշվում էր:
«Դրանք իսկապես սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են»,-այսպես էր վերջերս բնութագրել վարչապետը ճանապարհաշինական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ապրիլի 4-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ճանապարհաշինությանն, ասել է՝ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք նորոգել են հայտարարված մրցույթներում հաղթող կազմակերպությունները, բայց դրանք անորակ աշխատանքներ են: Մասնավորապես Տավուշի մարզի Ոսկեպար- Նոյեմբերյան ճանապարհահատվածի շինարարությունը պետք է ավարտված լիներ անցած տարի, բայց քանի որ դրանք անորակ էին, աշխատանքները չեն ընդունվել: «Չնայած ասում են՝ պայմանագրային պարտավորություն է, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն չկա, բայց այդ մարդիկ պետք է պատժվեն: Բավարար չի, որ նրանք նորից նույն աշխատանքը կատարեն: Նրանք պետք է զգան մեր արձագանքը, մեր հակահարվածը պետք է զգան»,- ասել էր վարչապետը: Այդ նիստին կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը վստահեցրել էր՝ ժամկետ է սահմանվել հունիսը, եւ կապալառուն իր միջոցների հաշվին պետք է շտկի թերությունները, հակառակ դեպքում տույժ ու տուգանք կհաշվարկվի, աշխատանքները կխզվեն, կապալառուն կհայտնվի սեւ ցուցակում եւ նոր մրցույթ կհայտարարվի: Փոխնախարարը հավաստիացրել էր՝ պետությունը ֆինանսական վնասներ չի կրի: Սրա հետ վարչապետը չէր համաձայնվել, ասել էր՝ Վրաստանի զբոսաշրջության ոլորտի հայ ներկայացուցիչները դժգոհում են ու չեն կարողանում Հայաստան զբոսաշրջիկ բերել, Փաշինյանի խոսքերով ասած՝ ճանապարհի սարսափելի վիճակի պատճառով եւ եթե այդ ճանապարհը մինչեւ հիմա նույն վիճակում է, Հայաստանը շարունակում է շատ լուրջ ֆինանսական վնասներ կրել:
Կարդացեք նաև
«Իմ ցանկությունը կլինի, որ այդ վնասը հասցրած մարդիկ կրեն կոնկրետ քրեական պատասխանատվություն եւ հայտնվեն բանտում: Շատ ուղիղ եմ ասում: Որովհետեւ էս երեւույթները մեզ համար անհանդուրժելի են……Ճանապարհը Հայաստանում երկար տարիներ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղը: Եվ ոմանց ախորժակը, երեւում է, չի փակվել: Մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք»,- ասել էր Փաշինյանը: Նա նույնիսկ գլխավոր դատախազին էր դիմել, պարզելու՝ ի՞նչ հնարավորություններ կան կապալառուին պատասխանատվության ենթարկել: Վերջինս ասել էր՝ պետք է պայմանգիրն ուսումնասիրվի:
Երեկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ասուլիսն էր. նա ներկայացրեց ճանապարհաշինական աշխատանքները: «Առավոտը» Արշակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի ճանապարհաշինությունը պատշաճ իրականացվի, եւ ի՞նչ փուլում են Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածի շինաշխատանքները: Արշակյանը վստահեցրեց՝ քանի որ աշխատում են հետվճարային համակարգով, պարբերաբար մոնիտորինգ են անում շինարարության ընթացքը, այն դադարեցվել է՝ անորակ աշխատանքների պատճառով: Նախարարն ասաց, որ այդ ճանապարհն անցյալ տարի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում էր իրականացվում, սեզոնային ուշացում կար, հնարավոր չեղավ անցյալ տարի վերականգնել վնասը. «Ու չվճարեցինք, մինչեւ հիմա չենք վճարել, չի ընդունվել ճանապարհը: Շինարարական ընկերությունը պարտավորություն է վերցրել շտկելու ամբողջ ճանապարհի որակի խնդիրները: Սեզոնը մեկնարկելուն պես՝ մայիսի առաջին կեսին, պետք է սկսի շինարարական պրոցեսը: Ամբողջ պրոյեկտը նորից իրականացնելու է: Մենք հսկողություն ենք իրականացնելու ավելի կարճ պարբերականությամբ, որպեսզի համոզվենք, ու խնդիր չառաջանա»:
Դեռ անցյալ տարվա մայիսին «Առավոտն» այս ճանապարհահատվածի քարուքանդ վիճակին անդրադարձել էր: Այս հատվածում շինաշխատանքները կատարում է «Վառմաշ» ընկերությունը, որն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է ՀՀԿ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:
Նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների համար ընկերությունը պետբյուջեից քիչ փող չի ստացել:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ «2018-ին պետական բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 471 միլիոն դրամ՝ Մ-16, Մ-4 Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի 18.9 կմ երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքների համար: Մնացած 40.1 կմ հատվածում կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ: Վերը նշված 59.0 կմ հատվածի համար փոսային նորոգման եւ պահպանման համար անցյալ տարի հատկացվել է 60.9 միլիոն դրամ, իսկ 2018-ին՝ 39 միլիոն դրամ»:
Ինչպես ասում են՝ թվերն ավելի խոսուն են: Արժե՞ր արդյոք Փաշինյանի ասած՝ քրեական պատասխանատվության ենթարկել այս կազմակերպության ղեկավարներին, գլխավոր դատախազը հավանաբար կորոշի: Բայց Հակոբ Արշակյանը ընկերության սեփականատերերի եւ նրանց, մեղմ ասած՝ ոչ բարեխիղճ աշխատանքների եւ պատասխանատվության մասին մեր հարցին երեկ պատասխանեց, որ վերահսկողությունն ու նոր աշխատանքներ պարտադրելը բավարար է. «Երբ մենք մրցույթներն իրականացնում ենք բաց, թափանցիկ, եւ վերահսկողությունն իրականացնում ենք խիստ, անկախ նրանից, թե ով է այս կամ այն շինարարական կազմակերպության տերը, տնօրենը, նախկին կամ ներկա պաշտոնյա է, թե՝ ոչ, մենք իրականացնում ենք հսկողություն: Եթե չի արվում պատշաճ որակի՝ չի վճարվում: Սա է ամբողջ տրամաբանությունը: Եվ կարծում եմ, որ դա բավարար է, որպեսզի մենք համոզված լինենք, որ ճանապարհաշինական ոլորտում խնդիրներ չեն լինի»:
Նախարարը վստահեցրեց՝ եղել են այլ ճանապարհահատվածներ էլ, որոնց դիմաց չեն վճարել, եղել են ճանապարհահատվածներ, որոնք ամբողջությամբ վերականգնվել են. «Եթե տեսնում ենք, որ մարդիկ վերացնում են թերությունները, կարծում եմ, որ արդեն նորմալ գործընկերային հարաբերություններ են, չեմ կարծում, թե արժե անուն առ անուն նշել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
19.04.2019