Հրանտ Տոնոյանը նստացույց էր հայտարարել գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության շենքերի մոտ: Նա հրաժարվեց «Առավոտի» տեսախցիկով նկարվել, ասելով. «Եթե ինձ նայելով կազդվեն, կարող են իմ բողոքը լսելուց էլ ազդվել, ընթացք տալ»:
Հրանտ Տոնոյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ճանաչվել էր տուժող՝ տարիներ առաջ Արշակունյաց փողոցի առաջին շենքի իր երկու սենյականոց բնակարանից կատարված գողության գործով:
Տարեց մարդը մինչ օրս պնդում է, որ գողության հոդվածով չպետք է հարուցվեր քրեական գործը, այլ Քրեական օրենսգրքի ավազակային հարձակման հատկանիշներով, քանի որ տեսել է դանակով եւ «նագանով» մարդկանց, ովքեր նախապես պատրաստված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, նա տանն է եղել, եւ նախապես ծրագրած դերակատարմամբ ավազակները ննջասենյակից հափշտակել էին երկու զարդատուփ՝ ոսկյա եւ արծաթյա իրերով, հյուրասենյակի պահարանից 15.000 ռուսական ռուբլի եւ 150.000 դրամ:
Այդ հարձակումից հետո երկրորդ կարգի հաշմանդամ մարդու ոտքերը թուլացել են, հազիվ է կարողանում տեղաշարժվել:
Կարդացեք նաև
Վարչական շրջանի ավագ քննիչ Ժ.Հակոբյանը տեղեկացրել է իր որոշման կասեցման մասին, հայտնել թոշակառուին, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, փորձագետի կողմից «քննության համար պիտանի հետքեր չեն հայտնաբերվել»:
Զննության ընթացքում հայտնաբերվել է կաշենման նյութից պատրաստված պայուսակ, որն ուղարկվել է դատահետքաբանական փորձաքննության:
Հ. Տոնոյանն «Առավոտին» ասում է, որ նշյալ պայուսակը ոչ թե «հայտնաբերել են» իրավապահները, այլ հանցագործից ինքն է կարողացել խլել՝ հարվածելով նրա գլխին: Շփոթված ավազակը դանակը բաց վիճակով հարձակվել է տուժողի վրա, սպառնալով՝ սպանելու եմ. «Դա այն տղաներից էր, որին տասնհինգ անգամ տեսել եմ դռանս մոտ»:
Հետագայում զննության ենթարկած պայուսակում հայտնաբերվել էին թղթի վրա գրված ՌԴ հեռախոսահամարներ, որոնց մուտքային եւ ելքային զանգերի վերծանումները ստացվել են օպերատորներից, հարցաքննվել են մարդիկ:
Ըստ քննիչի, սակայն, «էական նշանակություն ունեցող տեղեկություններ» չեն ստացվել:
Բացահայտման համար լավագույն ապացույցներից կարող էր լինել նաեւ այն, որ տարածքը տեսանկարահանվել է, իսկ նախաքննությունն իրականացնող մարմինը իր ձեռքի տակ ունեցել է «Ֆինքա», «Սարգիս Կառոլինա» եւ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերություններում տեղադրված տեսագրությունները՝ երեք լազերային սկավառակներով, որոնք նույնպես ուղարկվել են տեսաձայնագրային փորձաքննության:
Տեսագրություններն ուղարկվել են ԶԼՄ-ներ, դրանցում պատկերված անձանց ինքնությունը պարզելու նպատակով: Դա էլ արդյունք չի տվել:
Ավազակային հարձակման հիմքով, խուզարկության ժամանակ զենքի հայտնաբերման կապակցությամբ, բաժին է բերվել, ձերբակալվել Պետրոս Մինասյանը, որի հետ տուժողը չի առերեսվել:
Տուժողն ասում է. «Ճանաչման են ներկայացրել հանցագործների մանկության տարիների նկարները, որին առարկել եմ, ասելով, թե բերեք տեսանյութերում պատկերված անձանց նկարները»:
Քննիչն «արդարացրել է» առերեւույթ հանցագործին, հայտնելով, թե նա հրաժարվել է ճանաչումից, այն էլ ընթերակաների ներկայությամբ, եւ հրաժարվել է մասնակցել դատավարական գործողությանը:
Ըստ տուժողի, հանցագործները հինգն էին: Դատախազ Ա. Ճիճոյանի գրությամբ, տեղեկանում ենք, որ նշյալ տեսագրությունները տրվել են տուժողին, սակայն տուժողը դիտելով դրանք, որեւէ միջնորդություն չի արել:
Տուժողն իր հերթին ասում է. «Ես ասում եմ՝ բռնել եմ գողին, դուք նրան բաց եք թողել»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Բնակարանը տուժողը գնել էր նույն տարի: Պատահական վարպետներ էր կանչել վերանորոգելու: Հանցագործները, ըստ տոժողի, հենց այդ վարպետների ընկերներն էին: Վերանորոգումից հետո տուժողին անընդհատ տարբեր ժամերի զանգել են, դուռը թակել, ստուգելու համար՝ տանն է, թե ոչ: Իսկ ավազակային հարձակումն էլ կատարվել է օրը ցերեկով, ժամը 15.40-ի սահմաններում:
«Առավոտ» օրաթերթ,
18.04.2019