Լրագրող, ապրիլյան պատերազմի մասնակից, կամավորական Լուսին Ղազարյանն ապրիլի 11-ին Ալաշանում էր, ապա Թալիշում: Իր տպավորություններն է նա ներկայացնում «Առավոտին», նաեւ լուսանկարների միջոցով:
«Արցախ եմ գնացել ապրիլի 11-ին, սկզբում այցելել ենք Ալաշան, որտեղ ժամանակավոր ապաստանել են թալիշեցիները: Ալաշանում թալիշեցիները ապրում են անբարենպաստ պայմաններում, երեխաները շատ ու շատ կարեւոր պայմաններից են զրկված, մանկապարտեզ չկա:: 82-ամյա Լիդա տատին կիսվեց իր սրտառուչ պատմությամբ: Երեք որդիները զոհվել են Թալիշը պաշտպանելիս: Լիդա տատին շատ է ուզում Թալիշ վերադառնալ, որովհետեւ այնտեղ երեք որդիների գերեզմաններն են, բայց վախենում է, քանի որ դեռ չի մոռացել ապրիլի սարսափը: Թալիշեցների մեծ մասը բողոքում են Արցախի իշխանություններից: Նրանք նշում են, որ ոչ ոք չի այցելում ու հարցնում իրենց վիճակի մասին: Ես նպատակ ունեմ առանձին պատմությունները ներկայացնել պատմվածքների տեսքով: Մոտ երեսուն ընտանիք, հիմնականում տարեց մարդիկ են: Ասում են, որ իրենց հատկացված տնակները փոքր են իրենց Թալիշում ունեցած հավաբներից, դժվարությամբ են տաքացնում: Տարեց մի կին, հազիվ զսպելով արցունքները, պատմում էր, որ 5 օր սասափահար վիճակում գտնվել է նկուղում ու վախեցել է դուրս գալ, հիմա չի ուզում լսել Թալիշի մասին:
Կարդացեք նաև
Հետո գնացել ենք Թալիշ: Բավականին երկար մնացինք Թալիշում: Շինարարական աշխատանքները շարունակվում են, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կվերաբնակեցվի, մասնավորապես, թալիշեցիները վախենում են եւ նշում, որ իրենց անվտանգության լուրջ երաշխիքներ են պետք»:
«Առավոտ» օրաթերթ,
18.04.2019