Մի անգամ մի գյուղ բնակության եկավ մի ծեր ու իմաստուն մարդ: Նա երեխաներ շատ էր սիրում եւ գյուղի երեխաների հետ շատ ժամանակ էր անցկացնում: Ծերունին նաեւ սիրում էր երեխաներին խաղալիք նվերներ պատրաստել ու նվիրել: Բայց նրանց տալիս էր միայն փխրուն նվերներ: Երեխաներն ուրախությամբ խաղում էին այդ նվերներով, բայց ինչքան փորձում էին զգույշ վարվել, միեւնույն է, այդ խաղալիքները շուտ կոտրվում էին: Երեխաները դրանից նեղվում էին, երբեմն լացում: Բայց անցնում էր ժամանակ ու ծերունին նրանց նոր խաղալիքներ էր տալիս, այս անգամ ավելի փխրուն մատերիալից պատրաստված: Մի օր ծնողները չդիմացան ու հարցրին նրան. «Դու իմաստուն մարդ ես երեւում, ու մենք տեսնում ենք, որ դու մեր երեխաներին միայն բարիք ես անում: Ինչո՞ւ ես այդ դեպքում նրանց տալիս փխրուն խաղալիքներ: Չե՞ս տեսնում, որ նրանք ինչքան էլ փորձում են զգույշ լինել, դրանք ջարդվում են ու երեխաները լաց են լինում: Իսկ ձեր պատրաստած խաղալիքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց հետ չխաղալ անհնար է»: Ծերունին պատասխանեց. «Շուտով մի քանի տարի կանցնի ու ինչ-որ մեկը ձեր երեխաներին կնվիրի իր սիրտը: Իսկ մարդկային սիրտն այնքան փխրուն բան է: Միգուցե այսօրվա փխրուն խաղալիքները նրանց սովորեցնեն մի քիչ ավելի զգույշ եւ ուշադիր վարվեն այդպիսի անգին նվերի հետ, ինչպիսին մարդկային սիրտն է: Ու նրանց ընտանիքում կլինի սեր ու խաղաղություն»:
Տեսնո՞ւմ եք սիրելի բարեկամներ: Մենք պետք է սովորենք շատ զգույշ եւ ուշադիր վարվել փխրուն բաների հետ: Մարդկային հարաբերությունները, ամուսնական հարաբերությունները, մարդու հարաբերությունն Աստուծո հետ շատ փխրուն բաներ են: Մենք պետք է զգուշությամբ ու երկյուղածությամբ վերաբերվենք այս հարաբերություններին, որպեսզի ոչ մի բան դրանց չվնասի: Որպեսզի ոչ մի կոպտություն չվնասի այս անգին հարաբերություններին: Այս իսկ պատճառով, անչափ կարեւոր է, որ մենք մեր երեխաներին փոքր հասակից սովորեցնենք այս բաները, որպեսզի նրանք փոքր հասակից հասկանան ու զգույշ վարվեն փխրուն բաների հետ: Հայոց լեզվում սա կոչվում է շրջահայացություն: Լինել շրջահայաց՝ նշանակում է միշտ ուշադիր ու զգույշ լինել մեր շրջապատի մարդկանց նկատմամբ, որպեսզի հաշվի առնենք նրանց զգացմունքներն ու չանենք մի բան, որ կվնասի մեր հարաբերությունները նրանց հետ: Տեսնո՞ւմ եք այսօր ինչքան կոպիտ ամուսիններ կան: Տեսնո՞ւմ եք այսօր ինչքան ինքնահավան ու եսասեր կանայք կան: Ինչո՞ւ է այսպես: Որովհետեւ փոքր հասակում ծնողներն ու մեծերն ամեն ինչ տվել են, բացի կարեւորից՝ զգուշությամբ ու սիրով վարվել մարդկանց նկատմամբ: Եկեք այս բանը սովորեցնենք մեր երեխաներին եւ ինքներս մեզ՝ լինել զգույշ, ուշադիր եւ համբերատար մեր շրջապատի մարդկանց նկատմամբ: Այստեղ արդեն կլինի իսկական սեր:
Սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք այս ալիքին առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող եք նվիրաբերել այստեղ, որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
18.04.2019