Համացանցային գրավչությունները, մոլորություններն ու քարոզչությունները մտնում են մեր տները՝ «պատուհաններից»: Համակարգերից ամենատարածված Windows ծրագիրը բառացի նշանակում է «պատուհան(ներ)»… Այսօր այդ պատուհանը համակարգչի, հեռուստացույցի, պլանշետների, թաբլեթների եւ տարատեսակ գաջեթների էկրանն է:
Ակնհայտ է, որ քաղաքակրթության հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչպե՞ս կկառուցվեն մեդիայի եւ մարդու, մեդիայի եւ մշակույթի, մեդիայի եւ կրթության հարաբերությունները: Գլխավոր հարցն այն է, թե ինչպիսի՞ հասարակություն ենք մենք ուզում ունենալ:
Ըստ հոգեբան Անահիտ Իսպիրյանի՝ ՏՏ-ի բացասական ազդեցությունը գերակշիռ է դառնում դրական ազդեցության համեմատ, երբ մարդու հետաքրքրությունները իրական՝ ոչ վիրտուալ կյանքում սպառվում կամ բացառվում են:
«Երբ մարդը պարբերաբար նայում է (կամ խաղում է) դաժան սցենարներով ֆիլմեր, տեսարաններ, հուզական արձագանքները նման երեւույթների նկատմամբ թուլանում են։ Այսպես երեխան աստիճանաբար սովորում է բռնությանը եւ սկսում է սառնասրտորեն այդ ամենը վերարտադրել։ Հաճախ երեխաներն անգիտակցաբար դիմում են նմանատիպ քայլերի, վառ օրինակ է վերջերս Գյումրիում տեղի ունեցած երեխայի ինքնասպանությունը՝ խաղի ազդեցության տակ: Խաղալով երեխաները նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ: Արդյունքում՝ երեխաների մոտ կարող է ձեւավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա դա կարելի է անել նաեւ իրական աշխարհում»,-ասում է հոգեբանը:
Կարդացեք նաև
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Հայրապետյանը վերջին տասը տարիներին երխաների ֆիզիկական ակտիվության թուլացում է նկատում: Ըստ Արմեն Հայրապետյանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծած կախվածության պայքարի դեմ homo sapiens-ը 21-րդ դարում թերանում է. «Երկար ժամանակ տեխնոլոգիաների առջեւ անշարժ գամված մնալով` երեխան աստիճանաբար սովորում է նստակյաց կյանքի, ինչն էլ նպաստում է գիրանալուն։ Ամենաառաջին խանգարումը, որ դիտվում է տեխնոլոգիաների չարաշահումներից, քնի խանգարումն է, որն էլ իր հերթին հանգեցնում է ալարկոտության, հոգնածության, ինչն էլ ազդում է դասապատրաստման պրոցեսի վրա»: Ուսուցիչը փաստում է, որ ֆիզիկական առողջությունը նույնպես տուժում է. նստակյաց կենսակերպը բերում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման` այդ թվում շաքարախտի, սրտամկանի ինֆարկտի, քաղցկեղի եւ որոշակի փոփոխություններ են կատարվում նաեւ մարդու ներզատական համակարգում:
ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը փաստում է, որ կախվածության առաջին նշանները ի հայտ են գալիս այն բանից հետո, երբ ծնողները իրենց բազմազբաղությունը թոթափելու համար երեխային զբաղեցնում են հեռախոսով:
Մասնագիտությամբ մանկաբարձ Հասմիկը երկու երեխաների մայր է: Երեխաներին արդեն 3 ամիս է՝ արգելում է տեխնոլոգիաներից օգտվել, չնայած որ նկատում է ագրեսիա:
«Աշխատանքից ելնելով շատ ժամանակ երեխաներին զբաղեցնում էի հեռախոսով՝ տարիքային սահմանափակումներ դնելով: Ճիշտ է՝ երեխաները ինքնուրույն հաշվել, երգել, պարել էին սովորում, բայց քիչ-քիչ կախվածություն էի նկատում եւ նրանք ոչ թե ինքնուրույն էին դառնում, այլ դուրս էին գալիս վերահսկողությունից»,-նշում է Հասմիկը:
Տեղեկատվությամբ հեղեղված հասարակության մեջ տեխնոլոգիայի եւ մշակույթի միջեւ հարաբերությունները դուրս են եկել մեծահասակ սերնդի հսկողության շրջանակից: Արդեն ակներեւ է, որ տեղեկատվական դարաշրջանի առավել նշանակալից փոփոխությունները կկատարվեն հասարակական ոլորտում: Ինչպես պատմության ընթացքում կատարված ուրիշ մեծ փոփոխությունների ժամանակ՝ երեխաները կլինեն գալիք տարիների շահողները կամ զոհերը: Եթե մենք այսօր ի վիճակի լինենք հասկանալու այս փոփոխությունների բնույթն ու միտումները, գուցե եւ կարողանանք կայացնել մեր երեխաների ապագայի հետ կապված լավագույն վճիռները:
ԶԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
18.04.2019