Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավորներն ընտրեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
Այս ընտրությունը փակ, գաղտնի քվեարկությամբ է կատարվում ու պատգամավորները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, հարգելով կարգը, հերթ էին կանգնում, վերցնում քվեաթերթիկը, մտնում քվեախուց, քվեարկում, քվեաթերթիկը նետում քվեատուփի մեջ ու դուրս գալիս: Այս գործողությունները նկարագրում ենք, որովհետեւ նախկինում ԱԺ միջանցքում փակ, գաղտնի քվեարկությունները քաոսի էին վերածվում: Այսօր «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը փորձեց արագ առաջ անցնել, որ շուտ քվեարկի ու գնա: Բայց «Իմ քայլի» պատգամավոր, հաշվիչ հանձնախմբի անդամ Մարիա Կարապետյանն անմիջապես կեսկատակ, կեսլուրջ դիտողություն արեց՝ «վայ, հերթ գոյություն ունի, պարո՛ն Միքայելյան»:
Այս տեսարանը հիշեցրեց Սեյրան Սարոյանի, Սամվել Ալեքսանյանի, Մանվել Գրիգորյանի քվեարկությունները:
Կարդացեք նաև
2012-ի մայիսի 31-ին, օրինակ, երբ ԱԺ-ում փակ քվեարկությամբ ընտրում էին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահ, ով որտեղ պատահի բացեիբաց քվեարկում էին: Սամվել Ալեքսանյանը շտապ փորձեց քվեարկել ու հեռանալ, բայց մոտ 5-10 րոպե «յաշիկն ո՞ւր ա» ասելով՝ քվեատուփն էր ման գալիս, որը դեռ տեղադրված չէր: Գեներալ Սեյրան Սարոյանը քվեարկեց անմիջապես բազմոցին՝ քվեախցիկ չմտնելով, կամ ալարեց մի քայլ էլ անի, կամ գտավ, որ նստած ավելի հարմար է: Նա նույնպես սկսեց փնտրել «յաշիկը», նրան հետեւեց նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանը, որն անգամ բազմոցին չհասավ, հենց տեղում քվեաթերթիկը ստացավ, «ըհը» ասելով՝ իր «պտիչկան» դրեց ու համարեց սուրբ պարտքը տրված:
Երկու գումարման ԱԺ պատգամավորների քվեարկությունները՝ տեսանյութերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ