Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կյանքում որեւէ բան չի եղել երկնքից թափված մանանայի տեսքով». ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հաջողության պատմությունը

Ապրիլ 18,2019 23:00

Կոտրած ատամի, ցուրտ դասասենյակի ու դասղեկի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Aravot.am-ի հետ զրույցում դրվագներ հիշեց իր մանկությունից: Նրա ձեւակերպմամբ, անգամ մութ ու ցուրտ տարիներին ծնողները ոչինչ չէին խնայում իրենց կրթության վրա, ինքն էլ բավականին ընթերցասեր էր: Հիշում է, որ հաճախ մոմի լույսի տակ էր կարդում: «Հայրս մեծ էլեմենտներով մի լապտեր ուներ, որը նույնպես օգտագործում էի, իրենցից թաքուն վերմակի տակ կարդում էի: Սեփական տանն էինք ապրում, շատ ժամանակ չէի ունենում դուրս գալու, երեխաների հետ շփվելու համար, համարյա փողոց դուրս չէի գալիս: Մի անգամ միայն դուրս եկա փողոց խաղալու, վայր ընկա ու դիմացի ատամս կոտրեցի: Մինչեւ հիմա ծնողներս հումորով դա հիշում են: Ընդհանրապես գունեղ, լուսավոր մանկություն եմ ունեցել, թեեւ փողոցային խաղերի համար ժամանակ չունեի»,-հիշում է մեր զրուցակիցը:

Նա չի մոռացել դպրոցական տարիների ցուրտ դասարանները ու ջերմ դասղեկ Ռիտա Արսենյանին, որը կարեւոր դերակատարություն է ունեցել՝ որպես անհատականության իր կայացման գործում: Հիշում է, թե ինչպես էր ամեն օր աշակերտներից յուրաքանչյուրը փայտ տանում դպրոց, որ վառեն ու դասարանում տաքություն եւ նվազագույն հարմարավետություն լինի: Հիշում է 1998-ին իրենց դասարանի արցախյան ուղեւորությունը՝ դասղեկի նախաձեռնությամբ: Նաեւ հպարտությամբ նշում է, որ այսօր էլ հիանալի հարաբերություններ ունի դասընկերների հետ:

 

«Ճակատագրապաշտ չեմ, բայց հավատում եմ ճակատագրին»

«Ես չեմ կարող կեղծել ու ասել, որ իմ ուսանողական տարիներին ամեն ինչ հեշտ է եղել, մանավանդ սովորական ընտանիքի երեխա էի: 1997-98 թթ. բոլորը կրկնուսույցների մոտ էին պարապում, սակայն ես դժվարություններ ունեի այդ առումով: Բայց իմ դասղեկը շատ էր վստահում իմ գիտելիքներին, ասում էր, որ կարող եմ ընդունվել:

1998թ, երբ ավարտում էի դպրոցս, շատ էի ուզում իրավաբանական ֆակուլտետ ընդունվել: Բոլոր քննությունները կարող էի հանձնել, բայց պատմությունը պետք էր պարապել: Դրա համար որոշեցի մի տարի պարապել, հաջորդ տարին դիմել իմ երազանքների ֆակուլտետ: Մի օր շատ պատահականորեն գնացել էինք Բջնի: Այնտեղի բարեկամներից մեկի աղջիկը, որ մի քանի տարի շարունակ կրկնուսույցների հետ պարապում էր, որ ընդունվեր, ձեռքի տակ ուներ «Դիմորդ» թերթը: Ես թերթեցի ու տեսա, որ կարող եմ հանձնել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի քննությունները՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու»,-հիշում է Իվետա Տոնոյանը:

Իսկապես հանձնում է քննությունները եւ ընդունվում՝ հույսով, որ տարբերությունները հանձնելուց հետո կտեղափոխվի իրավաբանական ֆակուլտետ: Սակայն «Նոյյան տապանում», որը նաեւ հեռուստատեսային տարբերակ ուներ, պրակտիկայից հետո սիրահարվում է հեռուստատեսությանը:

«Մեր խմբագիրներից Արթուր Ազարյանն էր ասում, որ հեռուստատեսությունը քաղցր ճահիճ է, եթե մեկ անգամ մտնում ես, հետո ամբողջ կյանքում չես ուզում դուրս գալ»,-ասում է ԱԺ պատգամավորը, որը ուսանողական տարիներին փորձում է մասնագիտորեն կատարելագործվել հնարավոր բոլոր հարթակներում:

«Չեմ պատկերացնում, որ որեւէ այլ մասնագիտություն ստանալու դեպքում իմ կյանքը կդասավորվեր այնպես, ինչպես հիմա է դասավորվել: Ես ճակատագրապաշտ չեմ, բայց հավատում եմ ճակատագրին: Մասնագիտության ընտրության փոքրիկ դրվագը, որ կարող էր լինել կամ չլինել, պայմանավորել է հետագա քայլերիս հաջորդականությունը, որոշումները, որոնց համար ինքս եմ պատասխանատու եղել, այդ ամենը ամբողջական շղթայի բաղկացուցիչն է, որոնց հանրագումարը եկել-հանգեցրել է այն Իվետա Տոնոյանին, որը կա այսօր»,-վստահ է մեր զրուցակիցը:

 

«Մարդկանց հանդեպ չափից դուրս վստահությունը երբեմն իմ դեմ է դուրս եկել»

Հարցրինք, թե ում հետ կարող է ընկերություն անել, ինչպիսի որակներ պետք է ունենա այդ մարդը: «Մի ժամանակ շատ ավելի բաց էի ընկերության համար, հիմա ավելի շրջահայաց եմ: Դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ ես փոխվել եմ, մեծամիտ կամ գոռոզ եմ դարձել, այլ մարդկային դավաճանության դրսեւորումներով, որոնք երբեւէ եղել են: Ես իմ կյանք թողել եմ մարդկանց, որոնց սիրել եմ, համարել եմ ընկեր, ընկերուհի, հարազատ անձնավորություն, ու հետո շատ ցավոտ կերպով դավաճանվել եմ նրանց կողմից: Խոսքը ընկերության մասին է, անձնական հարաբերությունների մասին չէ:

Ընկերների հետ

Ամեն դեպքում հակված եմ եղել հավատալ մարդկանց եւ իմ՝ չափից դուրս վստահությունը մարդկանց հանդեպ երբեմն հենց իմ դեմ է դուրս եկել: Ես ունեմ ընկերներ, որոնց հետ քսան եւ ավելի տարիներ ընկերություն եմ անում: Ունեմ նաեւ վերջին շրջանում ձեռք բերած ընկերներ, որոնց իմ կյանք թողնելուց առաջ շատ երկար մտածել եմ, որպեսզի հերթական անգամ չզգամ դավաճանության ցավը, որովհետեւ ինձ համար մարդկային կորստից ավելի սարսափելի բան չկա: Խոսքը մարդու ֆիզիկական կորստի մասին չէ, այլ բարոյահոգեբանական, երբ դու մարդուն պարզապես կորցնում ես: Մինչդեռ այդ մարդը ինչ-որ ժամանակ քո կյանքում որոշակի դերակատարություն է ունեցել, նրա հետ կիսվել ես քո սրտի թաքուն անկյունում պահած նվիրական ցանկություններով, երազանքներով, եւ հետո պարզել ես, որ փոխադարձ սերն ու ջերմությունը չի եղել: Ընդամենը եղել է մտերմություն՝ շահադիտական կամ հեռահար այլ նպատակներով:

Ընկերների հետ

Իմ կարծիքով, գինու նման ամենալավ ընկերները հենց հին ընկերներն են: Ունեմ գործընկերներ, որոնք կյանքի ընթացքում դարձել են նաեւ լավ ընկերներ, ընտանիքի անդամի նման, մեր միջոցառումներն այլեւս առանց միմյանց չեն անցկացվում»,-ասում է Իվետա Տոնոյանը:

Նախասիրություններին ու թուլություններին էլ անդրադարձ եղավ: «Սարսափելի շատ սիրում եմ բույրերի հետ կապված ցանկացած բան՝ լինի օծանելիք, հոտավետ մոմ, յուղեր: Դրանք ինձ համար լավագույն նվերն են; Ընկերներս գիտեն այդ մասին ու հենց «դրսում» են լինում, միշտ ինձ բերում են ինչ-որ բան: Սիրում եմ կարդալ, եթե ժամանակ է լինում՝ ֆիլմեր դիտել: Կարող է այնպես պատահի, որ մինչեւ գիշերվա ժամը 4-ը պատմական կամ փաստավավերագրական ֆիլմ դիտեմ, սիրում եմ լողալ, եթե ժամանակ է լինում, հաճախում եմ լողավազան: Շատ եմ սիրում ճանապարհորդել:

Իմ կարծիքով, աշխարհայացքի ընդլայնման, դրական լիցքերի առումով Եվրոպան լավագույն ուղղությունն է: Նաեւ Լիբանանը, Բեյրութն եմ հավանում: Ամեն այցելությունից հետո սրտատրոփ սպասում եմ հաջորդին: Բեյրութը գունեղ է ու ինձ համար ուժեղ աուրա ունի: Եվրոպական քաղաքներից Վիեննան, Պրահան, Հռոմն եմ սիրում: Ուսանողական տարիներին իմ երազանքների քաղաքը Փարիզն էր, որ անհաս մի բան էր թվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ու հիշում, թե ինչպես 2004 թ. հայտնվեց Փարիզում. «Ես այդ ժամանակ աշխատում էի «Կենտրոն» հեռուստատեսությունում ու հայտ էի ներկայացրել Ֆրանսիայի դեսպանատուն: Մրցույթ էր անցկացվում բարձրագույն ժուռնալիստիկայի դպրոցում ուսանելու համար, եւ 7 հայտ էր ամբողջ Հայաստանի համար նախատեսված: 200 դիմորդներից ընտրված 7-ից մեկը ես էի: Ավելի քան 20 օր անցկացրի Փարիզում՝ մենակ, ինքնուրույն, ինձ համար ասես անիրական լիներ այդ ամենը, որ հասել եմ Ֆրանսիա ու տեսել եմ Փարիզը: Դրանից հետո բազմաթիվ այցելություններ են եղել, բայց դա ամենատպավորիչն էր»:

Իվետա Տոնոյանը մի նուրբ «գաղտնիք» է բացում՝ մկրտվել է 8 տարեկանում ու հիմա կնունքի խաչից անբաժան է. «Իմ կնունքի խաչը միշտ ինձ հետ է, անգամ եթե չեմ կրում, այն պայուսակիս կամ դրամապանակիս մեջ է: Ինձ համար զորություն ունի, Աստծո օրհնության բաղկացուցիչ մասն է»:

 

«Պաշտոնը չպետք է մարդուն փոխի, այն այսօր կա, վաղը` չկա»

Հարցրինք, թե ինչ փոխեց պատգամավորական գործունեությունը, ինչ որակներ, փորձառություն ավելացրեց: «Կարծում եմ, որ որեւէ պաշտոն որեւէ հանգամանքում չպետք է մարդուն փոխի, որովհետեւ պաշտոնը մի բան է, որն այսօր կա, իսկ վաղը կարող է չլինել, մինչդեռ մարդկային հարաբերությունները ամբողջ կյանքի համար են: Շատ ու շատ մարդկանց եմ տեսնում իմ շրջապատում` եւ մերձավոր, եւ ոչ այնքան մերձավոր, որոնք անգամ մի փոքր տեղաշարժ ունենալով իրենց կարիերայի սանդուղքում` արմատապես փոխվում են միմյանց, միջավայրի, իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

Ես արել եմ առավելագույնը, որպեսզի որեւէ փոփոխություն չլինի իմ մեջ` ցանկացած պաշտոն զբաղեցնելիս: Ես երկար տարիներ եղել եմ լրագրող, այնուհետեւ նախարարությունում բաժնի պետ, հետո ստանձնել եմ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, եղել եմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենը, ու հետո նոր դարձել եմ ԱԺ պատգամավոր: Իմ կյանքում որեւէ բան չի եղել երկնքից թափված մանանայի տեսքով կամ թռիչքով, ես աշխատել եմ քրտնաջան, օրնիբուն, յուրաքանչյուր սանդուղք բարձրանալու համար տքնաջան աշխատանք եմ կատարել եւ շատ շնորհակալ եմ, որ իմ ղեկավարի կողմից գնահատվել է իմ աշխատանքը, տրվել է հնարավորություն հավուր պատշաճի իմ գործառույթներն իրականացնելու համար:

Շնորհակալ եմ այդ վստահության համար իմ ղեկավարին, որը առաջին հերթին պարտավորեցնում է ինձ չփոխվել: Եթե գնահատվել է իմ աշխատանքը, ուրեմն գնահատվել են նաեւ իմ մարդկային տեսակն ու որակները»,-կարծում է մեր զրուցակիցը:

Ապա հավելում է. «Իմ շատ ընկերուհիներ ինձ երբեմն մեղադրում են չափից դուրս պարզության մեջ, ասում են, որ իմ չափից դուրս պարզ լինելը կարող է սխալ ընկալվել, իսկ իմ պատասխանը հետեւյալն է՝ կարեւորը պաշտոնը չէ, այլ այն, որ մարդիկ, որոնց հետ շփվել եմ, ինձանից սխալ տպավորություն չստանան, չմտածեն, որ մի քանի տարի առաջ ուրիշ էի: Պաշտոնին չպետք է վերաբերվել որպես սրբության եւ արժեքի, չպետք է սարսուռով վերաբերվել, այսօր այդ պաշտոնը կա, վաղը կարող է չլինել ու դրանից հետո էլի է կյանքը շարունակվելու, դու շարունակելու ես մարդկանց հետ շփվել, եթե քո պահվածքի պատճառով նրանց կորցրած չլինես»:

Իվետա Տոնոյանը քանիցս շեշտում է, որ սիրում է կարդալ, սակայն իր համար լավագույն գիրքը Աստվածաշունչն է, իսկ կենսակերպի բանաձեւը` Աստվածաշնչի ոսկե կանոնը՝ վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես ինքդ կուզենաս, որ քեզ հետ վարվեն: Ասում է` միշտ դրանով է փորձում առաջնորդվել ոչ միայն գործնական, այլեւ ընկերական, ընտանեկան ու ցանկացած հարթության մեջ:

Գրքերի մասին խոսելիս, նշում է, որ փորձում է համաշխարհային միտումներին հետեւել, իսկ այս պահին կարդում է Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը, դրանից առաջ կարդացել է Մակրոնի «Հեղափոխությունը» եւ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Համոզված է, որ միայն ինտելեկտուալ մարդը կարող է մերօրյա մարտահրավերներին դիմակայել:

 Կին քաղաքական գործիչների վերաբերյալ կարծրատիպին էլ անդրադարձ եղավ, այն մասին, որ եթե կին է, ավելի պակաս լրջությամբ են վերաբերվում, ու կուսակցություններում զուտ «գլխաքանակի» առումով նրանց ներգրավված լինելու մասին էլ խոսք գնաց:

«Իմ բախտը բերել է այդ առումով, բայց ես միշտ գնահատված եմ զգացել ինձ իմ գործունեության բոլոր ոլորտներում, ինչի համար շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին: Այնպես է ստացվել, որ տարբեր ոլորտներում իմ ղեկավարը եղել է պարոն Ծառուկյանը…Ես ինձ զգացել եմ արժեւորված, իմ աշխատանքը գնահատվել է եւ ես կարիերայի աճ եմ ունեցել: Ցանկացած մարդու դեպքում, լինի կին թե տղամարդ, մարդն իր պահվածքով է արժանանում համարժեք վերաբերմունքի:

Եթե կինը պրոֆեսիոնալ է, թեկուզ իր գործառույթներում` պարտաճանաչ, միեւնույն է` կանանց դեպքում խստապահանջությունը մի քիչ ավելին է: Եթե տղամարդկանց ինչ-ինչ սխալներ կարող են ներելի լինել, կանանց դեպքում սպասելիքները շատ ավելի մեծ են, կինը մի քանի անգամ ավելի պարտաճանաչ պետք է լինի իր գործառույթներն իրականացնելիս:

Ինչ վերաբերում է քվոտավորմանը՝ ԱԺ-ում ներկայացված լինելուն, շատ կուզենայի, որ այդ ընտրությունը բնական լիներ եւ ոչ թե պարտադիր: Ես շատ ուրախ եմ, որ այս խորհրդարանում նախորդի համեմատ կանայք ավելի շատ են, գրեթե 24 տոկոսը կանայք են, ինչը ոչ միայն բովանդակային, այլեւ վիզուալ առումով է հաճելի: Բացի այդ, կանանց ներկայությունը քաղաքականության մեջ սուր անկյուններ հարթելու հնարավորություն է ընձեռում:

Ցավոք, կառավարությունում կանանց ներկայացվածության առումով բաց կա, այնտեղ ընդամենը մեկ կին նախարար կա, էլ չենք խոսում ՏԻՄ մարմինների մասին… Շատ տեղին է այստեղ հիշել ԵԽԽՎ նախագահի խոսքն այն մասին, որ քաղաքականության մեջ կանայք նման են թթվածնի, եւ որքան բարձրանում ես, նրանք ավելի պակասում են»,-նշում է Իվետա Տոնոյանը:

Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում

Մի դրվագ էլ խորհրդարանական գործունեությունից պատմեց. «Նախորդ գումարման Ազգային ժողովում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում էի…Որպես կանոն, լարված են անցնում վեհաժողովի նիստերը, որովհետեւ մշտապես ռազմաշունչ հայտարարություններ են լինում: Իմ առաջին այցելությունն էր Բրյուսել` պատվիրակության կազմում: Ես նախկինում հնչեցված ելույթները, բոլոր նյութերն ուսումնասիրած գնացել էի, որոշակի նախատրամադրվածություն ունեի, թե ինչ պետք է լինի, երբ գան ադրբեջանցիները, քանի որ նրանց գալուն պես սկսվում է «փոխհրաձգությունը», փոխադարձ մեղադրանքները:

Եվ ահա Ադրբեջանի պատվիրակությունը եկավ, ու մեծ էր զարմանքս, երբ մոտեցան երկու հոգի, որ նստեն իրենց տեղում, ու մեկ էլ հայերեն բարեւեցին: Պարզվեց՝ Շուշիի հարակից գյուղերից էին: Դա, բնականաբար, մեր քննարկումների վրա բովանդակային մասով չանդրադարձավ, որովհետեւ էլի բարձրացվեցին տեղահանվածների, տարածքային ամբողջականության թեմաները, բայց մնաց իբրեւ հիշվող դրվագ»:

 

Ավելի լավ է գրիչներ ջարդեմ, քան մարդկային հարաբերություններ

«Անուղղելի լավատես եմ, որովհետեւ հավատում եմ մարդկանց, չեմ ուզում չհավատալ մարդկանց: Այն պահից, երբ չսկսեմ հավատալ, իմ մեջ կփշրվի շատ կարեւոր մի բան, իմ տեսլականը, պատկերացումները… Ուզում եմ միշտ հավատալ` երբեւէ չկորցնելով իրականության զգացումը, իրատես լինելու ջիղս, որովհետեւ ես երբեք ուտոպիաներով չեմ տարվում, իսկ կայացրած որոշումներս էլ գիտակցված են:

Կարող եմ ոգեւորվել ամենաչնչին բանից, գովեստի խոսքից, մարդկային գնահատականից, արժեւորված լինելուց: Գնահատված լինելը ինձ թույլ է տալիս էներջայզերի նման աշխատել, ընկերներս միշտ զարմանում են, թե որտեղից ինձ այդքան կենսական ներուժ»,- Aravot.am-ի հետ զրույցում ընդգծում է ԱԺ պատգամավորը:

«Ես երբեք չեմ ընկնում հուսահատության մեջ, անգամ ամենադժվար պահերին…Ընկերներս միշտ ասում են, որ ես օլիմպիական հանդարտությամբ կարող եմ լուծել ցանկացած հարց, որովհետեւ եթե ընկնեմ ցայտնոտի մեջ, ավելի տուժելու է գործը:

Երբեմն շատ մեծ է լինում գայթակղությունը` պոռթկալու, ինչ-որ մի բան կոտրելու, ինչ-որ մի բան պատին խփելու, այդ ժամանակ ես սահմանափակվում եմ գրիչներ ջարդելով: Ինձ հարազատ մարդիկ այդ մասին գիտեն: Երբ զայրացած եմ լինում, զայրույթս մարդկանց վրա չեմ պարպում, որովհետեւ մարդկային հարաբերությունները թանկ են, ավելի լավ է գրիչներ կոտրեմ, քան մարդկային հարաբերություններ»,-շարունակում է նա:

 

«Ճակատագրով ինձ համար նախատեսված անձնավորությունը դեռ ճանապարհին է»

Խոհարարական հմտություններից էլ խոսեցինք: Իվետա Տոնոյանն ասում է, որ եթե ժամանակ է լինում, սիրում է փորձարարության դիմել խոհանոցում, եւ հարազատներն ասում են, որ անմահական է պատրաստած ուտեստների համը: Իսկ իր պատրաստած ֆիրմային լազանիան բոլորի համար է սիրելի: «Արտասահմանից եկող ընկերներս նախապես խնդրում եմ, որ լազանիա պատրաստեմ»,- անկեղծանում է նա:

Մայրիկի` տիկին Անահիտի հետ

Տնային գործերից էլ հեռու չէ, սակայն էլի ժամանակի սղությունն է խանգարում: Հիշում է, թե ինչպես էր դպրոցական տարիներին մայրը իրեն եւ քրոջը «երեսով տվել», որ երբ ամուսնանան իրենց սկեսուրներն ասելու են, թե անգամ շալվար արդուկել չգիտեն. «Ես մի օր վերցրի ու արդուկեցի հայրիկիս եւ եղբորս բոլոր շալվարները… Հարցրի՝ լա՞վ եմ արդուկել, մայրս ասաց՝ այո: Ասացի, դե տես` ապացուցեցի, որ կարող եմ շալվար արդուկել»:

Աշխատանքի բերումով Իվետա Տոնոյանը նախապատվությունը տալիս է դասական հագուստին, թեեւ մեծ է գայթակղությունը հագնել սպորտային ոճի հագուստ, ջինսեր, ցածրակրունկ կոշիկներ: Բայց նման «շռայլություն» չի կարող իրեն թույլ տալ, քանի որ ցանկացած պահի կարող է որեւէ հանդիպման մասնակցել կամ նկարահանում ունենալ: Ասում է` ինչպես ցանկացած կին, շատ է սիրում շոփինգ, դա իր համար սթրեսից դուրս գալու լավագույն միջոցն է:

«Բրենդամոլ չեմ, կարեւորը հագուստը սազի, հարմարավետ լինի: Իմ զգեստապահարանում կարելի է գտնել ցանկացած բրենդի ու տիպի հագուստ` սկսած ամենամատչելիից, վերջացրած թանկ հագուստներով, որոնք պահի ազդեցությամբ եմ գնել: Երբեւէ իմ աշխատավարձի չափը չի համապատասխանել իմ ծախսերին: Ի դեպ, իմ առաջին աշխատավարձը, որ 2003 թ. ստացել եմ` 80 հազար դրամ. դրանով գնել եմ ճիշտ նույն արժողության օծանելիք, որն ինձ համար այդ տարիներին երազանք էր:

Քրոջ` Ծովինարի եւ եղբոր` Նորայրի հետ

Հիմա էլ մեկ օրում կարող եմ ամբողջ ամսվա աշխատավարձը ծախսել կոշկեղենի, հագուստի, պայուսակների վրա: Ու նույն էնտուզիազմով, հարազատներիս, ընկերուհիներիս համար եմ գնումներ կատարում, մայրիկս ասում է, որ ֆենոմենալ աչքաչափ ունեմ»,- ասում է Իվետա Տոնոյանը:

Հարցրինք` կա՞ քայլ, որը դեռ չի կատարել: Պատասխանն ավելի քան անկեղծ էր. «Չեմ ամուսնացել: Դեռ որոշում չեմ կայացրել կյանքիս մնացած հատվածն անցկացնել ուրիշ մեկի հետ, գուցե այն պատճառով, դեռ չեմ հանդիպել այն անձնավորությանը, ում հետ կուզենայի կյանքս կապել, ում հետ պատրաստ եմ կիսել իմ նվիրական հույզերը:

Երեւի առաջիկայում կհայտնվի այդ անձնավորությունը, ում կվստահեմ, ում հետ կկապեմ կյանքս: Գործնականում լինելով ակտիվ քաղաքականության մեջ ու լինելով հանրային դեմք` դու չես կարող պարզապես դուրս գալ փողոց եւ ծանոթանալ…Ամեն դեպքում, մտածում եմ, որ կյանքում պատահական ոչինչ չի լինում: Երեւի այդ պահը դեռ չի հասունացել, ուրեմն ճակատագրով ինձ համար նախատեսված այդ անձնավորությունը դեռ ճանապարհին է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Իմ ըկերներից մեկը աշխատել է Կենտրոն հեռուստաընկերություն հիմնադրման առաջին օրերին: Ասում է հեռուստաընկերության լրատվական բաժինը ձեւավորել է Նիկոյալ Գրիգորյանն ու Իվետա Տոնոյանին մի քանի անգամ հրապարակավ վռնդել: Սա մյուս օրը եկել է աշխատանքի: Դրա համար Նիկոլայ Գրիգորյանի անունը չկա?????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930