Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն այսօր քննարկում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածու Գարեգին Բաղրամյանի ընտրության հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կասկած հայտնեց, որ Բաղրամյանը, 15 տարի հանձնաժողովում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, կարող է թաթախված լինել կոռուպցիոն գործարքների մեջ, ուստի որոշումներ կայացնելիք նրա սկզբունքայնությունը կասկածի տակ է:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ Գորգիսյանին խորհուրդ տվեց փաստեր հրապարակել, եթե այդպիսիք կան, այլապես նրա ասածները զրպարտություն են:
Կարդացեք նաև
Գարեգին Բաղրամյանն արձագանքեց. «Անկախ նրանից, թե ինչ պաշտոնում եմ աշխատել, իմ կարծիքը միշտ հայտնել եմ: Այլ է հարցը, որ իմ ընդվզումն ու կարծիքը դուք չէիք կարող տեսնել, որովհետեւ իմ զբաղեցրած պաշտոնները չեն եղել այնպիսի մակարդակի, որպեսզի իմ որոշումներում արտացոլվեր կարծիքս»:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանի» մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հետաքրքրվել էր՝ Բաղրամյանն անձնական կամ բիզնես հարաբերություններ ունեցե՞լ է «Վեոլիա ջրի», «Գազպրոմ Արմենիա»-ի, կամ ՀԷՑ-ի հետ:
Այս առնչությամբ էլ Գարեգին Բաղրամյանը վստահեցրեց. «Որեւէ ընկերության հետ բիզնես կամ այլ շահերով կապված չեմ, որեւէ բանից ընկճված չեմ: Կարող եմ հավաստիացնել, որ ԱԺ-ի քվեն ստանալով՝ մասնագիտական կարողություններս ծառայեցնելու եմ սպառողների եւ տնտեսվարողների շահերի հավասարակշռմանը եւ այն գործառույթի իրականացմանը, որն օրենքով վերապահված է հանձնաժողովին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ