Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը գործարար է եւ ինքը պետք է որոշի՝ որն է իրեն ավելի ձեռնտու՝ պահել մեծ գործարա՞ն, թե՞ զբաղվի ներմուծմամբ». Հայկ Սարգսյան

Ապրիլ 18,2019 18:09

Ինչպես հայտնի է, «Արարատցեմենտի» շուրջ  ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գնացել էր կառավարություն եւ հանդիպել վարչապետի հետ: Ծառուկյանը դժգոհում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքից, որտեղ կառավարության բերած նախագծում փոփոխություն են արել ու քվեարկությամբ հաստատել այն:

Այսօր հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ մտցրեց: Նրա խոսքով՝ «Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչ կարծիք ունեն ու ցեմենտի ինչ ինքնարժեք են ստանում Հայաստանում ցեմենտի երեք արտադրողները եւ նաեւ ինչքան է նստում ցեմենտը Երեւանում ներմուծողների վրա: Ըստ այդմ կկողմնորոշվենք, թե պետտուրքի ինչ գին կիրառենք իրանական ցեմենտի վրա, որ հայկականի հետ մրցի, այսինքն, ոչ նրա պայմանները լինեն ավելի լավը, ոչ ավելի վատը, գինը ստացվի նույնը»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ականներին վրդովվեցրել էր հանձնաժողովի նիստի ժամանակ ձեր արտահայտությունը, որ 400 հոգի էլ կրճատվեն, ոչինչ՝ Հայկ Սարգսյանն արձագանքեց. «ԲՀԿ-ականներին չգիտեմ ինչն էր վրդովվեցրել, ես նման բան չեմ ասել: Ե ասել եմ՝ ժամանակին հասկանանք՝ մեզ ի՞նչն է ավելի ձեռնտու՝ որպես պետություն, ունենալ աշխատատեղեր, թե՞ ունենալ ավելի էժան ցեմենտ: Դրանից որոշ պատգամավորներ ենթադրել են, որ իրենց աշխատողներին պետք է հեռացնեն եւ այլեւս արտադրությամբ չզբաղվեն, ներմուծմամբ զբաղվեն: Ես նման բան չեմ ասել, դա անտրամաբանական կլիներ, որ ասեի»:

Նա ասաց, որ ուզում են շուկայում ունենանք մատչելի ցեմենտ եւ ունենանք տեղական արտադրող. «Եթե չունենանք արտադրություն, մեր հարեւան երկրները շատ արագ գինը կբարձրացնեն: Այսինքն, ե՛ւ ներմուծում, ե՛ւ արտադրություն ունենալու դեպքում է հնարավոր ունենալ մատչելի ցեմենտ»: Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ երբ իրանական ցեմենտը մտավ Հայաստան, ցեմենտի գինը 10 հազար դրամով իջավ:

Հարցին՝ Ծառուկյան-Փաշինյան այսօրվա հանդիպումից հետո հնարավո՞ր է կառավարությունը հետ կանգնի՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Կառավարությունը հետ կանգնելու խնդիր չունի»: Նա ասաց, որ կառավարության նախագծին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կողմ են քվեարկել եւ միաձայն ընդունել, ընդ որում, կողմ են քվեարկել նաեւ ԲՀԿ երեք պատգամավորները:

Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հնարավոր է ե՛ւ պետտուրքի չափը փոխվի, ե՛ւ հումքի վրա տուրքի տարածման-չտարածման հարցը: Պատգամավորն ասաց, որ եթե այս հարցը շատ արագ չլուծեն, ներմուծվող ցեմենտի վրա պետտուրք չսահմանեն, «Արարատցեմենտի» գործարանը կկանգնի ու ոչ միայն դա, նաեւ՝ Հրազդանի ու Երեւանի գործարանները. «Մենք պաշտպանում ենք տեղական արտադրողներին՝ ներմուծվող ցեմենտից: Իրանում ցեմենտի գինը սահմանին արժե 10 հազար դրամ, իսկ ՀՀ-ում ամենաէժան ցեմենտն առաջարկում է Արարատցեմենտը, արժե 40 հազար դրամ, տարբերությունը պատկերացրեցի՞ք: Դրա համար պետտուրք ենք ցանկանում կիրառել 22 հազար դրամ, որ իրանական ցեմենտին գումարվեն մաքսային վճարները, գումարվի պետտուրքը, տրանսպորտային ծախսերը եւ Երեւանում գինը հավասարվի»:

Մեր հիշեցմանը՝ Ծառուկյանն ասում է՝ այդ դեպքում, երբ ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա ուզում են տուրք չդնել, ինքը կլինկերի ներմուծմամբ կզբաղվի, էլ ինչի՞ պիտի 1350 աշխատող պահեմ, այդքան ծախսեր անեմ՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ծառուկյանը գործարար է եւ ինքը պետք է որոշի՝ որն է իրեն ավելի ձեռնտու՝ պահել մեծ գործարա՞ն, թե՞ զբաղվի ներմուծմամբ: Մենք, որպես պետություն, որպես օրենսդիր, իրավունք չունենք խառնվելու, խորհուրդ տալու, նրան խնդրելու, որ զբաղվի ներմուծմամբ կամ արտադրությամբ»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930