Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կստեղծի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ՝ տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով

Ապրիլ 18,2019 17:50

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին և, մասնավորապես, նշել. «Ես կուզենայի, որ հստակ ու մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի՝ հարգանքն ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք: Հետևաբար, այդ մեկնաբանությունն այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է: Այսօր իմ բացակայությունն Ազգային ժողովում այդ հարցի քվեարկության ընթացքում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք: Ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի՝ կանոնակարգն այս դեպքում որևէ մասնակցություն չի նախատեսում ԱԺ ներքին հարցերի քննարկմանը, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան  նշանակալի, որքան ԱԺ-ում այլ հարցերի քննարկմանը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե ԱԺ-ի և նրա խմբակցությունների և պատգամավորների նկատմամբ վերաբերմունքը և հարգանքը չունի որևէ այլընտրանք: Կարծում եմ նման արձագանքները պետք է նաև վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ»: Կառավարության ղեկավարը վարչապետը աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայության անհրաժեշտության հարցը։

Այնուհետև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում անձրևները շարունակվելու են: Նախարարը հայտնել է նաև, որ 99 տոկոսով ցրտահարություն չի լինի. ջերմաստիճանը նվազագույնը իջնելու է 3 աստիճան: Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև սողանքների, քարաթափումների խնդրին և նշել, որ դրանք ակտիվացել են:

Վարչապետը նշել է, որ կա երկու խնդիր՝ մեկն օպերատիվ խնդիրն է, մյուսն էլ՝ մեխանիզմների հետագա կատարելագործման  հարցը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այդ հարցերը պահել ուշադրության կենտրոնում, քննարկումներ կազմակերպել դրանց վերաբերյալ և որոշել այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չստեղծվի:

Անդրադառնալով գնումների օրենսդրության հետ կապված խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  ներկայումս ընթանում է գնումների մասին օրենսդրությունը բարելավելու պրոցես, որի ընթացքում բոլոր հարցերը պետք է հաշվի առնել: «Պետք է բոլոր մեխանիզմները հստակեցվեն: Անընդհատ մենք այս ահազանգն ստանում ենք, որ օպերատիվ հարցեր առաջանալու դեպքում հնարավոր չի լինում լուծել: Պետք է հասկանալ՝ որտեղ է պրոբլեմը և այդ պրոբլեմները լուծել»,-ասել է վարչապետը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը  որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը նախատեսվում է սահմանել 100.0 հազ. դրամ, որը բաժանված է 100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնավորման համաձայն՝ նման ֆոնդ ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին:

Կառավարության որոշմամբ «Ֆարմատեք» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ ՀՀ դրամի ներդրում` հումքի, նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 69 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-10 նոր աշխատատեղ՝ 160,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.8 մլրդ ՀՀ դրամ, որից 2.8 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3,429,288,500 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176,718,475 ՀՀ դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ն: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ (ք. Արթիկ)։ Արդեն իսկ իրականացվել է 300 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 662,292,000 ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30-40 նոր աշխատատեղ՝ 90,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 100 մլն ՀՀ դրամ, որից 700 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 100 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստանի տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 662,292,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 30,139,200 ՀՀ դրամ:

 

Կառավարությունը բարձրացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ծրագրերի հասցեականությունը

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հասցեականությունը մեծացնելու  և դրանցից օգտվելու համար դիմելու գործընթացի պարզեցնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի` համակարգը ընդհանուր բարեփոխման շրջանակում դիտարկելու մասին հանձնարարականով: Հիմնավորման համաձայն՝ անապահով ընտանիքներից անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը և դրանցում առկա տվյալների վերլուծությունը խնդրահարույց է: Մասնավորապես՝ ներկայումս ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների չափահաս անդամների թիվը շուրջ 220000 է: Այսինքն՝ վերջիններս ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող օգնություններից օգտվելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ, դիմում ներկայացնելու, այնուհետև տեղեկանք ստանալու համար, պետք է ներկայանան առևտրային բանկ, ինչն արդեն իսկ հանգեցրել է դժգոհությունների աճի և առևտրային բանկերում հերթերի կուտակումների: Առավել խնդրահարույց է գյուղական բնակչության կողմից տեղեկանքների ստացումը, քանի որ վերջիններս այդ նպատակով այցելում են առևտրային բանկի գտնվելու վայրի համայնք: Ներկայացվող տեղեկանքները թղթային են և հանրապետության 55 սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հավաքված տեղեկանքներում առկա տվյալների ուսումնասիրությունը իրատեսական չէ: Բնակչության վարկային պարտավորությունների և ունեցած ավանդների վերաբերյալ տվյալների մշակումը, ուսումնասիրությունը, վերլուծությունը և դրա հիման վրա համապատասխան առաջարկի մշակման գործընթացն առավել արդյունավետ հնարավոր է իրականացնել կենտրոնացված` էլեկտրոնային տեղեկատվության հիման վրա: Ըստ այդմ՝  առկա խնդիրների լուծման համար առաջարկվում է վարկային պատմության մասին տեղեկատվությունը ստանալ կենտրոնացված ձևով` Վարկային բյուրոյից, միաժամանակ` ապահովելով քաղաքացու գրավոր համաձայնությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար` դրանով իսկ կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերից օգտվելու համար դիմելիս անապահով ընտանիքներից հնարավորինս քիչ տեղեկանքներ ներկայացնելու գործընթացը:

 

Աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները: Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Այստեղ հերթական անգամ  բախվում ենք գնման ընթացակարգերի հետ կապված պրոբլեմներին, որովհետև ի սկզբանե էլ պարզ էր, որ «Սանիտեկ» ընկերությունը պրոբլեմներ ունի և չի կարողանալու պատշաճ ձևով իրականացնել աղբահանությունը: Բնականաբար, քաղաքապետարանը և նորընտիր քաղաքապետն առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, քաղաքի համար տեխնիկայի ձեռքբերումն էր, որն այս իրավիճակում այլընտրանք չունի, որովհետև եթե նույնիսկ ասենք «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրն այսօր չեղյալ արվի, դա նշանակում է, որ աղբն ընդհանրապես որևէ ձև չի հավաքվելու, այսինքն՝ հիմա ինչ-որ ձևով հավաքվում  է: Եվ հաջորդ խնդիրը, որ պետք է տեխնիկա ձեռք բերել: Տեխնիկա ձեռք բերելու պրոցեսն արդեն ձգձգվում է, որովհետև դատական գործընթաց է բացվել, և դրա  պատճառով պրոցեսը կանգնել է: Հիմա այսպիսի արտակարգ լուծում պետք է տանք խնդրին»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ օպերատոր ասվածը պայմանական է: «Տեսեք՝ մենք այսօր ինչ իրավիճակ ունենք: Ենթադրենք, այսօր Երևան քաղաքում կա մեկ օպերատոր աղբի հավաքման, և ինքն իր պարտավորությունները չի կատարում:  Լավ, մեկ անգամ տուգանեց քաղաքապետարանը, երկու, երեք, չորս անգամ տուգանեց, և արդյունքում ի՞նչ պետք է լինի, եթե շարունակում է չկատարել իր պարտականությունները, ի՞նչ պետք է  անի քաղաքապետարանը: Պետք է խզի պայմանագիրն այդ ընկերության հետ, ճի՞շտ է: Հիմա այսօր ենթադրենք խզեց պայմանագիրն այդ ընկերության հետ, և ի՞նչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ Երևան քաղաքում աղբ հավաքող մարմին ընդհանրապես գոյություն չունի, այսինքն, որ խզեց, պետք է հայտարարի մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին կամ մինչև խզելը պետք է հայտարարի մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին: Երբ նույնիսկ առանց խզելու հայտարարեց մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին, հին օպերատորն արդեն տեսավ, որ իր հետ հարցերն լուծված են, այսինքն՝ իր մոտ արդեն ճամպրուկային տրամադրություններ են, իրեն արդեն ընդհանրապես չի էլ հետաքրքրում աղբի հավաքման գործընթացը: Նշանակում է՝ ինքը եթե պայմանագրի առկայության պայմաններում, երբ ինքը դեռ շանս ունի, վատ է հավաքում, երբ ինքը հասկանում է, որ ընդհանրապես շանս չունի, ինքն ավելի վատ է  հավաքում: Հետևաբար, մենք մինչև նոր օպերատորի ներգրավումն ունենք մի դատարկ շրջան, որ ըստ էության, չունենք Երևան քաղաքում աղբ հավաքող, աղբի հավաքման գործով զբաղվող կառույց: Հետևաբար, ի՞նչն է այս պրոցեսի իմաստը: Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի մտածածը հետևյալն է, որ պետք է լինի մի այսպես ասած, մարմին, որն անցումային փուլում կարողանա ինչ-որ ձևով իրականացնել աշխատանքը, իսկ գլոբալ առումով մոտեցումը հետևյալն է, որ չի կարելի ամբողջ աղբահանությունը տալ մի օպերատորի, որովհետև այսպիսի ռիսկեր են առաջանում: Ըստ նախնական ծրագրի՝ պետք է լինի մի մասնավոր օպերատոր ներգրավված, և Երևանի քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի ռեսուրսներ կառավարելու այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ օպերատորի անգործության պարագայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի հրավերով կառավարության նիստին աղբահանության վիճակի և քննարկվող որոշման նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը, մասնավորապես նշել է, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիտեկի»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է: «Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք: Իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը»,ասել  է Հայկ Մարությանը և հայտնել, որ  մոտ 13 միլիոն դրամով տուգանել են ընկերությանը:

Երևանի քաղաքապետը հանգամանալից ներկայացրել է աղբահանության ոլորտում ներկայումս առկա խնդիրները և նշել. «Խնդիրներն այսօր շատ լուրջ են և մենք պետք է ուղղակի այս խնդիրներին լուծում տանք»:

«Համոզված եմ, որ բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեք, որպեսզի խնդիրը չսրվի: Փորձ անենք առնվազն միջանկյալ լուծումներ տալ, այդ թվում նաև այլ ընկերություններ, եթե հիմա հետևում են քննարկումներին,  կարող են այս իրավիճակում աջակցել քաղաքապետարանին: Կարծում եմ՝ վատ չի լինի, որ նաև այդ աջակցության առաջարկությունը լինի: Իսկ գլոբալ առումով, այո, մենք պետք է տանք արմատական լուծումներ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2018 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2018 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում  իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով  առաջարկվում է սահմանել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումը ՀՀ տարածքում ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ: Կառավարությունն առաջարկում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը սահմանել միայն ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց: Կառավարությունը գտնում է, որ գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության ոլորտի զարգացման խթանման համար համապատասխան կարգավորումներ, մասնավորապես, հարկերից ազատման արտոնության տեսքով սահմանված են գործող հարկային օրենսդրությամբ, հետևաբար՝ ներկայացված հիմնավորմամբ տոհմային անասնաբուծության զարգացումը խթանելու նպատակով ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակն ընդլայնելու հետ կապված ներկայացնում է իր առաջարկությունը:

Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն,  որի ժամանակ ներկայացվել են մի շարք դիտարկումներ և տեսակետներ:

Անդրադառնալով հարկերի առավելագույնս հավաքման խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մի փաստարկ կարող է հնչել, շատ կարևոր: Մեր երկրում հիմա համատարած գազալցակայանները հաշվիչ դրամարկղային կտրոն չեն տալիս, բենզալցակայանները չեն տալիս և այդպես շարունակ: Հիմա եթե այստեղ մենք սրանով պետք է հարց լուծենք, որ մի գյուղացի մի քիչ ավելի հարմար գնով գնի տոհմային կենդանի, ինչո՞ւ չենք գնում այդ քայլին»:

Այնուհետև վարչապետը, դիմելով շահագրգիռ  գերատեսչությունների ղեկավարներին, նշել է . «Եթե չկա տուգանման սահմանափակում, գնացեք, մի գազալցակայանին 1000 անգամ օրը տուգանեք, ի՞նչն է խնդիրը, նույնն էլ բենզալցակայանին՝ ինչո՞ւ չեք տուգանում: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք, նստեցրեք այդ մարդկանց»:

Գործադիրն առաջարկություններ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ առ այն, որ հասարակական կամ պետական կարիքների համար ԳԱԱ ամրակցված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում և բացառապես օրենքով: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ ներկայացնելով  գործող իրավական կարգավորումներն ու մոտեցումները: Մասնավորապես՝ նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել ակադեմիային օգտագործման համար ամրացված գույքը և ինչով է պայմանավորված ակադեմիայի առանձնահատկությունը գույքի օտարման կարգավորումների հարցում: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելով անհրաժեշտություն է առաջանում ԳԱԱ-ի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում: Նշված տեղեկատվության բացակայությունը հնարավորություն չի տալիս լիարժեք ձևով գնահատելու ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, մասնավորապես նշել է, որ անհասկանալի է օրինագծի տրամաբանությունը: «Երբ նախագիծը կարդում եմ,  տպավորություն է, թե ասենք ինչ-որ մեկը, կառավարությունը որոշել է ակադեմիայի շենքը մի հատ օլիգարխի վաճառել, ընդ որում՝ թաքուն, որ  ոչ մեկը դրա մասին չիմանա, և հիմա ընդդիմությունն արագի մեջ խնդիրեր է լուծում, որ այդ շենքը պաշտպանի օտարումից: Հարգելիներս, այդ ժամանակներն անցել են, և ես անընդհատ ուզում եմ մեր քաղաքական ուժերին կոչ անել, որ այդ «փախեփախի» տրամաբանությունից դուրս գան, որ բոլորը հավաքված են ինչ-որ տեղից ինչ-ոչ բան գողանալու, տանելու, ծախելու մսխելու տրամաբանության մեջ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ նման օրենքի նախագծի անհրաժեշտություն կար առնվազն երկու տարի առաջ:

Հավանություն է տրվել Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով  ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Հիմնավորման համաձայն՝ օրինագծի ընդունման արդյունքում օրենքով կսահմանվեն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձանց սոցիալական երաշխիքների իրացումը: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կատարողական թերթի կատարման ընթացքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայող պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել տասը տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը: Կառավարության առաջարկությունների համաձայն՝ նախագծից պարզ չէ, թե ովքեր են լինելու օրենքի շահառուները, այլ կերպ ասած՝ ովքեր են համարվում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողներ, ինչ հիմնավորող փաստաթղթերի հիման վրա է հարկադիր կատարողը որոշելու պարտապան զինծառայողը մարտական հերթապահություն իրականացնող անձ է, թե ոչ: Ավելին, հարց է ծագում, թե արդյոք մարտական հերթապահությունը տվյալ զինծառայողի համար մշտական կանոնակարգված աշխատանք է, թե վերջինս կարող է ամսվա մեջ մի քանի օր կամ շաբաթ իրականացնել մարտական հերթապահություն, իսկ մնացած ժամանակ որպես զինծառայող իրականացնել իր այլ պարտականությունները: Նշված դեպքերում, հարց է ծագում, թե ինչ չափով է բռնագանձում տարածվելու զինծառայողի աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարների վրա: Բացի այդ, կարծում ենք`նախագծով առաջարկվող կարգավորումը արդարացի հավասարակշռում չի ապահովում զինծառայող պարտապանի և պահանջատիրոջ շահերի միջև: Ուստի, կառավարությունն առաջարկում է օրինագծի համապատասխան մասը լրացնելով նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Հակառակորդի հետ շփման գծում հերթափոխով մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա»: Բացի այդ, ըստ կառավարության, նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթ, համաձայն որի՝ օրենքի դրույթները տարածվելու են սույն օրենքի ընդունումից հետո հարուցված կատարողական վարույթների վրա:

 

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի  50 տոկոս զեղչ

Կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին կհատկացվի 19406.0 հազ. դրամ: Հիմնավորման համաձայն՝ 2018թ. այն չի կիրառվել, ինչն էլ  ֆինանսական ծանր հետևանքներ է առաջացրել: Մասնավորապես, կուտակվել է մի քանի ամսվա աշխատավարձի պարտք: Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման առաջնահերթությունը, 2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: Արդյունքում՝ օժանդակություն կցուցաբերվի հանրապետության ամենահեռավոր և ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի բնակիչներին և խթանվի  համայնքում գյուղատնտեսական արտադրանքը:

Ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանում փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման նկատմամբ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար տնտեսավարողների կողմից կատարված ներդրումների և ծախսերի մասնակի փոխհատուցում 50 տոկոսի չափով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար 70 տոկոսի չափով։

«Այս փուլում մեզ պետք է իրոք լուրջ խթանել: Լուրջ խթանենք, հետո կմտածենք, թե ոնց ենք հարկում, այսինքն՝ հարկային պոտենցիալ առաջացնել, հետո նոր մտածել հարկման մասին: Այսինքն՝ մեր ակնկալածից խելացի անասնագոմերի նկատմամբ հայտերը մոտավորապես 10 անգամ ավելի շատ են, քան կառավարությունը կանխատեսում էր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով բարձր որակի կաթի արտադրության հարցին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարող է ստացվի այնպես,  օրինակ, մենք հիմա ասում ենք բարձր որակի 90 հազար տոննայի կաթի դեֆիցիտ ունենք, որ պարզվի, որ շատ ավելի մեծ է առաջարկը, քան կա պահանջարկ: Բայց սա լրիվ տեղավորվում է մեր ռազմավարության մեջ: Մենք հիշում ենք, որ խնդիր ենք դրել արտահանմանը միտված տնտեսություն կառուցել, հետևաբար, այսօրվանից մենք պետք է այդ հնարավոր ռազմավարությունն ունենանք, թե ինչ հնարավոր արտահանման մեխանիզմներ և ուղիներ կարող են այստեղ լինել»: 

 

Այլ որոշումներ

Կառավարությունը որոշել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ձմեռային զորակոչից մինչև 2019 թ. ձմեռային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների: Հիմնավորման համաձայն՝ որոշումը կնպաստի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացմանը, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելուն, ֆուտբոլ  մարզաձևը Հայաստանում զարգացնելուն: Բացի այդ,   2019 թ.-ին Հայաստանում անցկացվելու է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որը բացառիկ մարզական միջոցառում է: Որոշմամբ  մեկ տարով տարկետում է տրամադրվել 15 ֆուտբոլիստների։

Գործադիրի որոշմամբ 2019 թ. հունիսի 9-ին ՀՀ Լոռու մարզի Քարաձոր համայնքում  կանցկացվեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն, իսկ  Լեռնավան համայնքում՝ ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

Կառավարությունը մեկ շաբաթով հետաձգել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք տրամադրելու մասին որոշման նախագիծը՝ ավելի հիմնավոր փաստարկներ ներկայացնելու համար: Ըստ նախագծի հիմնավորման՝ այդ հաստիքները կհամալրվեն ծառայության պահպանության ապահովման ստորաբաժանման կառուցվածքում և ամբողջությամբ կընդգրկվեն քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում իրականացվող ծառայությունում՝ բացառելով արգելված իրերի փոխանցման կամ փախուստի հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ լրացուցիչ 30 հաստիք տրամադրելու անհրաժեշտություն չկա և առաջարկել ոլորտում առկա թափուր հաստիքների վերաբաշխում իրականացնել: «Նույն աշխատավարձն է, նույն աշխատանքն է, նույն համազգեստն է, բայց վայրն է տարբեր: Այսինքն՝ ունենք մի քանի հարյուր թափուր հաստիք, ավելացնում ենք ևս 30-ը, տրամաբանությունը չեմ հասկանում»,- ասել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև  քրեակատարողական հիմնարկների պայմաններին՝ նշելով, որ այնտեղ շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում և այլն: «Այս հարցերը լուծված չեն: Շատ կարևոր է հասկանալ մի բան. պարտադիր չէ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ վարչապետը բոլոր տեղերը մտնի և  ասի որտեղ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրո՞ւմ են, թե՞ չէ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե՞ չէ, լրատվությանը ծանոթանո՞ւմ են, թե՞ չէ, ելույթներին հետևո՞ւմ են, թե՞ չէ: Այդ մարդիկ հետևություններ չեն անում: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում, կարո՞ղ եք բացատրել ինչ է դա նշանակում: Եվ այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատե՞լ իր պաշտոնում»,– ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյան հանձնարարել է արդարադատության նախարարին ներկայացնել երկարաժամկետ ծրագիր՝ ոլորտում առկա բոլոր խնդիրների լուծման համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930