Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե հեղափոխությունն ընթանար դասական կանոններով, Գարեգին Բաղրամյանն այսօր այստեղ չէր լինի». Արման Բաբաջանյան

Ապրիլ 18,2019 17:28

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի համար զարմանալի է, որ ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլի» պատգամավորները, որոնց մի մասը «Էլեկտրիկ Երեւան» հայտնի շարժման ակտիվիստներից են եղել, Գարեգին Բաղրամյանի հետ հարցուպատասխանի ժամանակ պասիվ էին եւ կարեւոր հարցադրումներ չէին հղում նրան:

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ԱԺ-ն այսօր քննարկում է այդ հարցը: «Թավիշը մեզանում չափից դուրս շատ է…եթե հեղափոխությունն ընթանար դասական կանոններով, Գարեգին Բաղրամյանն այսօր այստեղ չէր լինի, այլ վայրում նստած կլիներ հավանաբար»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Նա ռիսկային է համարում Բաղրամյանի պաշտոնավարումը ՀԾԿՀ-ում, առավել եւս՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում. «Ամեն օր խոսում ենք նախկին քսանամյա ռեժիմի մասին եւ պետք է ընկալենք, որ մեր գնահատականների հասցեատերերից մեկը նաեւ այս հանձնաժողովն է եւ դրանում՝ Գարեգին Բաղրամյանի պես պաշտոնյաները: ՀԾԿՀ-ի գործունեությունը չափազանց կարեւոր է՝ սակագնային քաղաքականության մշակման տեսանկյունից: ՀԾԿՀ-ն երկու տասնամյակ եղել է գործադիր իշխանության կցորդը եւ դակել քաղաքական որոշումների արդյունքում կայացված որոշումների սակագնային որոշումները: Այն կատարել է իշխանության հրահանգները՝ հատկապես մենաշնորհի կարգավիճակ ունեցող ընկերությունների սակագների որոշման ժամանակ»:

Արման Բաբաջանյանը շեշտեց, որ Գարեգին Բաղրամյանը 15 տարի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել այդ հանձնաժողովում. «Այդ ժամանակ մենք գեթ մեկ անգամ չենք լսել ձեր անկախ տեսակետը եւ ցասումն այն ժամանակ, երբ քաղաքացիները դաժան ծեծի էին ենթարկվում փողոցներում՝ ձեր ամրագրած սակագներից հետո: Հիմա դուք կկարողանա՞ք կամային այնպիսի հատկանիշներ դրսեւորել, որպեսզի հանձնաժողովը ղեկավարեք անկախ եւ ձեր կարծիքը պաշտպանեք, եթե այն չհամընկնի քաղաքական ղեկավարության կարծիքի հետ: Ճիշտն ասած, շատ եմ կասկածում, որ կկարողանաք, պարոն Բաղրամյան: Նոր ՀՀ-ում պետք է մերժվեն նախկին համակարգի արատավոր բարքերը»:

Ապա Արման Բաբաջանյանը հարցեր առաջադրեց Գարեգին Բաղրամյանին. «Անձնական կամ բիզնես հարաբերություններ ունեցե՞լ եք «Վեոլիա ջրի», «Գազպրոմ Արմենիա»-ի, ՀԷՑ-ի կամ մյուսների հետ՝ բացի մասնագիտական պարտականություններով պայմանավորված շփումներից: Երբեւէ թանկարժեք նվերներ կամ դրամական փոխանցումներ ստացե՞լ եք այն ընկերություններից, ում գործունեությունը կարգավորել եք ձեր պաշտոնավարման ժամանակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930