2019 թ. ապրիլի 18-ին օրաթերթերից մեկը հրապարակել է «Գազային» կերպարանափոխում. «Գազպրոմ Արմենիան» պարտք է կուտակում, ՀՅԴ-ն՝ անհանգստանում» վերտառությամբ հոդված, որով փորձ է արվել «թաքցնել» գազամատակարարման համակարգի, կուտակվող պարտքի և դրա հետևանքների մասին առկա խնդիրները։ Հիշեցնենք, որ 15.04.2019 թվականին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ) հրապարակել էր «Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջև» թեմայով համառոտ վերլուծական, ըստ որի՝ Հայաստանի գազամատակարարման համակարգում պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե ՀՀ կառավարությունը և թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Սա այն դեպքում, երբ 2019 թվականի առաջին եռամսյակում արդեն իսկ կուտակվել է մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարի պարտք, իսկ տարեվերջին պարտքը կհասնի մոտ 30 մլն. ԱՄՆ դոլար: Պարտքի առաջացման պատճառ է հանդիսանում 2019 թվականի հունվար 1-ից սահմանի վրա 15 ԱՄՆ դոլարով բնական գազի գնի բարձրացումը:
ՀՀ կառավարությունը շարունակում է պնդել, որ սահմանի վրա բնական գազի բարձրացումը որևէ կերպ չի ազդի հայ սպառողների կողմից վճարվող սակագների վրա: Ըստ նրանց՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների և հաստիքացուցակների կրճատման հաշվին, այս տարվա ընթացքում կարող է պահպանել գործող սակագները: «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ ընկերությունը վնասով է աշխատում։ 2017 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ կուտակված վնասը կազմել էր 103.3 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ խնայողություններ չունի: Եթե գործող իշխանությունների աջակիցները չեն վստահում այդ պաշտոնական տվյալներին, ուրեմն ՀՀ պետական եկումուտների կոմիտեն թերացել և թերանում է հարկային վարչարարության հարցում՝ չօգտագործելով իր վերահսկողական գործիքակազմը: Հետևաբար, Ընկերության վնասի առկայության հասցեատերը գործող իշխանություններն են, ոչ՝ ՀՅԴ-ն:
Իսկ ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուռճացված հաստիքացուցակին, ապա, հարկ եմ համարում ընդգծել. ՀՅԴ ներկայացուցիչները բազմիցս խոսել են ուռճացված հաստիքացուցակների մասին՝ առաջարկելով ընդունել գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանություն, որը թույլ կտա աշխատավարձի գծով ծախսերը ճիշտ հաշվարկել: Ոչ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) և ոչ էլ ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել։
Իշխանության ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման և հաշվարկի հայտարարում են, որ հաստիքների կրճատման հաշվին հնարավոր է փոխհատուցել սահմանի վրա 15 ԱՄՆ դոլարով բարձրացած բնական գազի գինը: Մեր ընդդիմախոսներին առաջարկում ենք կատարել պարզ մաթեմատիկական հաշվարկ. ՀՀ ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցներ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ, արդյունքում՝ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կազմում է շուրջ 16 մլրդ ՀՀ դրամ (5800*230000) կամ 33 մլն ԱՄՆ դոլար: Ենթադրենք Գազպրոմ ընկերությունը կրճատում է 2900-ով կամ 50 տոկոսով սակագնի հաշվարկի մեջ ներառված հաստիքացուցակը. խնայողությունը տարվա կտրվածքով կկազմի 8 մլրդ ՀՀ դրամ կամ 16.5 մլն ԱՄՆ դոլար: Նույնիսկ 50 տոկոսով գազամատակարարման համակարգի աշխատակիցների թվի կրճատումը, չի ծածկի Գազպրոմ Արմենիա ընկերության կողմից կուտակվող 30 մլն ԱՄՆ դոլարին հասնող պարտքը: Հիշեցնենք, գործող իշխանությունները, բացի աշխատատեղերի կրճատումից, այլ աղբյուր չեն նշում: Հետևաբար, գազամատակարարման համակարգի պարտքը շարունակաբար աճելու է:
Ինչու՞ է գազամատակարարման համակարգում առկա ուռճացված հաստիքացուցակներ. այս հարցին առաջին հերթին պետք է պատասխանի գործող իշխանությունների ՀՀ ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը, ով տարիներ շարունակ ի պաշտոնե հաշվարկել է հաստիքները: ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորները հնարավորություն ունեն այս հարցադրումը հնչեցնել:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ն կողմ է բնական գազի սակագնի իջեցմանը և հստակ կարող է ներկայացնել այդ աղբյուրները. այն է՝ կորուստների հաշվարկման մեթոդաբանության վերանայում, աշխատողների թվաքանակի մեթոդաբանության սահմանում, գնումների արդյունավետության աճ և այլն:
Առնվազն տարօրինակ է բնական գազի արդյունավետ սակագին ունենալը կապել այս կամ այն գաղափարախոսության հետ: Հակառակ դեպքում ստացվում է, որ ընկերավարները (սոցիալիստները) կողմ են բնական գազի սակագնի նվազեցմանը, իսկ նեոլիբերալները՝ դեմ:
Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Հայաստանի գազամատակարարման համակարգը կուտակում է պարտք, որի մարման աղբյուրները առ այսօր հրապարակված չեն: Անհեռատես է այն մոտեցումը՝ «այս պարտքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է կուտակում, մեզ ինչ…»: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բակի խանութ, կրպակ չէ, որի սնանկությունը կամ ֆինանսական վիճակի վատթարացումն որևէ ազդեցություն չունենա մեր տնտեսության վրա: Կուտակվող պարտքը՝ իր տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: Սա հակառուսական տրամադրությունների դրսևորման դաշտ չէ: Որքան շուտ գործող իշխանությունների մասնագետները գիտակցեն հարցի լրջությունը, այնքան շուտ համատեղ ուժերով հնարավոր է գտնել համալիր լուծումներ:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան