Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ շոշափելի արդյունքի է հասել Փաշինյանն իր թիմով, որ իր իշխանության գալը տոնում է պետական բյուջեի միջոցներով»․ քաղաքագետ

Ապրիլ 18,2019 17:04

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու համար կառավարության կողմից 124 միլիոն դրամ հատկացնելուն, ասաց․ «Ինչի՞ են հասել այս իշխանությունները հեղափոխությունից մեկ տարի անց, որ իրենք իրենց սեփական իշխանության գալը տոնում են պետական գումարների միջոցով։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինքս էլ եմ ողջունել իշխանափոխությունը, բայց հիմա ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ մեկ տարվա մեջ գործող իշխանությունները ի՞նչ շոշափելի արդյունքների են հասել, որը նաև ազդել է հասարակության մի ստվար, մի մեծ շերտի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, որ հիմա իրենք քայլելով իշխանության գալը տոնում են պետական բյուջեի գումարներով։ Թող ասեին, թե էս ինչ ոլորտում էս ձեռքբերումն ունենք, այսինչ ոլորտում այս ձեռքբերումը, Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերն է բարձրացել, թոշակներն են բարձրացրել, սոցիալական նպաստներն են բարձրացել, ապացույցներով խոսեն, թե որտեղ որքան աշխատատեղ են բացել։ Գիտեք զարմանում եմ՝ 50 հազար աշխատատեղի մասին է խոսում պարոն Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից, երբ նույն Փաշինյանն էր Սերժ Սարգսյանին քննադատում, որ տարբեր ամբիոններ օգտագործում է դեմագոգիայով զբաղվելու համար, հիմա ինքն է նույնն անում։

Դուք՝ որպես Շիրակի մարզի բնակիչ կարո՞ղ եք ինձ ասել՝ Շիրակի մարզում մեկ տարվա ընթացքում քանի՞ աշխատատեղ է բացվել։ Ես օրինակ կարող եմ ասել, թե իմ շրջապատից քանի տասնյակ մարդ լքել է Հայաստանն այս մեկ տարվա ընթացքում աշխատատեղերի բացակայության պատճառով։ Տարբեր սոցիալական խնդիրներ կան երկրում, ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը 10 տարուց ավելի մեքենա ունի, կարող եմ փաստել մեկ բան՝ այն խայտառակ վիճակը, որը կա միջպետական ճանապարհներին: Կոնկրետ Երևանը Գյումրիին և Գյումրին-Երևանին կապող երկու ճանապարհները, որոնցից մեկն անցնում է Թալինով, մյուսն անցնում է Արմավիրով, ուղղակիորեն փլուզված են, ավիրված են։ Մենք այդքան գումար ունե՞նք, որ տոնենք Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալը, բայց գումար չունենք, որ ենթակառուցվածքները կարգի բերենք, հետո էլ խոսում ենք տուրիզմի զարգացումի՞ց։ Էլ չեմ ասում անօթևանության խնդիրը, բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք կան ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի ամբողջ տարածքում՝ անտառների ոչնչացում, Խոսրովի արգելոցի վիճակը հրդեհից հետո, խայտառակ պատկերը բոլոր մարզերում՝ կապված մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի հետ»։

Քաղաքագետի համոզմամբ, հետագա սերունդները պիտի որոշեն՝ արդյո՞ք արժե այսպիսի տոները նշել, թե՞ ոչ։

«Ժամանակը պետք է ամեն ինչ իր տեղը դնի, ժամանակը պետք է ապացուցի, որ այո՛, սա իրոք քաղաքացու օր է։ 1988 թվականի ազգային զարթոնքը քաղաքացու օր չէ՞ր, եկեք 1988 թվականի փետրվարի 20-ի հուժկու հանրահավաքի օրը նշենք որպես քաղաքացու օր։Ինչո՞ւ մարտի 1-ը չենք նշում քաղաքացու օր ու նշում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը որպես քաղաքացու օր։Սա քաղաքական ուժի իշխանության գալու օր է, և սա նորմալ չէ, այն դեպքում, երբ կամաց-կամաց գործող իշխանությունները հրաժարվում են քրիստոնեական տոներին հաջորդող մեռելոցները նշելուց, որը ևս շատ վատ միտում է։ Ինչ-ինչ, բայց գոնե Զատիկին հաջորդող մեռելոցը պետք է թողնեին, Զատիկին հաջորդող մեռելոցը հանում են, իրենց իշխանության գալու օրը համապետական տոնի են վերածում և պետական բյուջեի գումարներով»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930