Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցեմենտային կրքերը» թեժանում են. քննարկում

Ապրիլ 18,2019 16:31

«Ներմուծման ժամանակ պետությունն ի՞նչ ծառայություն է մատուցում ներմուծողին, որ 22 հազար դրամ տուրք է սահմանում»,- այս հարցն այսօր Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի`ցեմենտի շուկայում առաջացած խնդիրների շուրջ քննարկման ժամանակ հնչեցրեց Հայաստանում «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմանենթ» ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաքապետոյանը: Քննարկման ժամանակ հարցի պատասխանն այդպես էլ չհնչեց: Ի դեպ, քննարկմանը ներկա միակ պետական պաշտոնյան ՀՀ տնտեսական եւ ներդրումների նախարարության ներկայացուցիչ Արմեն Եգանյանն էր:

Մի քանի ամիս առաջ «Պետտուրքի մասին օրենքում» ՀՀ կառավարությունն առաջարկեց փոփոխություններ, համաձայն որոնց՝ 22 հազար դրամ պետական տուրք է սահմանվում Հայաստան ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի դիմաց: Ի սկզբանե, նախագծում ներառված էր նաեւ ցեմենտի հումքի ներկրման տուրք` նույն չափով: Հետագայում, քննարկումների ընթացքում, հումքի` կլինկերի, ներկրման տուրքը հանվեց:

Նախագիծն օրերս քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացավ: Նախագծիդ այսօր դժգոհ են եւ ներկրողները եւ արտադրողները:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2018 թվականին Հայաստանում սպառվել է 680 հազար տոննա ցեմենտ, որի 75 տոկոսը`տեղական արտադրության: Կառավարությունն այս նախագիծը բացատրում է իբրեւ արտադրողների շահերի պաշտպանությանը միտված քայլ: Սակայն հայաստանյան ցեմենտ արտադրող ամենախոշոր գործարաններից մեկի`«Արարատ ցեմենտի» սեփականատերը, օրերս անուղղակի սպառնաց`դադարեցնել արտադրությունը, եթե կառավարությունն ընդառաջ չգնա տեղական արտադրողին:

Այսօրվա քննարկմանը ներկա ցեմենտ ներկրող եւ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ևս դեմ չեն, որ կառավարությունը պաշտպանի ցեմենտ արտադրողների շահերը կամ, ընդհանրապես, խրախուսի տեղական արտադրությունը, բայց իրենք էլ ունեն պայմանավորվածություններ եւ պայմանագրեր: Իրենց շահերն, ասում են, նույնպես պետք է հաշվի առնվեն:

«Առնի Թրեյդ» ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը նկատում է`վերջերս ակտիվացել է տեղական արտադրողների լոբբինգը, որ իրենք հավասար պայմաններում չեն: «Դա ճիշտ չէ»,- ասում է նա եւ վկայակոչում տվյալներ` 2016, 2017, 2018-ին ցեմենտի արտադրանքի ծավալները ավելացել են. «Բայց սրանք ռեալ թվեր չեն: Ստվերը միշտ շատ է եղել, անցած տարի երեւի 30 տոկոս է եղել: Տեղական արտադրողներն ասում են՝ 35-36 հազար դրամ է ինքնարժեքը, որն իրականությանը չի համապատասխանում։ Եթե ուսումնասիրվի, կպարզվի, որ ներքին արտադրողի արտադրանքի ինքնարժեքը չի գերազանցում 17-18 հազար դրամը։ Ներքին արտադրողները տարիներ շարունակ գերշահույթ են ստացել, հիմա որ 10 հազար դրամով իջեցվել է, նորից տեղ ունեն»: Գործարարը, ի դեպ, պնդում է, որ Հայաստան ներկրվող իրանական ցեմենտն ավելի լավ որակ ունի, քան Հայաստանում արտադրվողը եւ դրանով է բացատրում ներկրվող ցեմենտի վաճառքի բարձր գինը եւ սպառման ավելացող ծավալները:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմանենթ» ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաքապետոյանի գնահատմամբ`տուրքի ուժի մեջ մտնելուց հետո շինարարական կազմակերպությունները խնդիր են դնելու կառուցապատման արժեքի բարձրացման։ Հավելում է`ներկրվող ցեմենտի համար տուրքի սահմանումը նվազեցնելու է կառուցապատման ոլորտում ներդրումներ կատարելու գրավչությունը. «Մենք ունենք տեղական արտադրություն, որը ժամանակին վաճառվում էր 50 հազար դրամ, այսօր 40 հազար դրամ: Եվ ունենք այլընտրանքը՝ ներմուծվող ցեմենտը։ Իրականում իրանական ցեմենտը եղել է ավելի մատչելի եւ որակյալ։ Իրանական ցեմենտի գինը միշտ եղել է զսպող գործիք տեղական շուկայում արտադրողների համար, այսինքն, հանդիսացել է մրցակից։ 22 հազար դրամ տուրք սահմանելու դեպքում, նմանատիպ եղանակով ցեմենտի գինը բարձրացնելը ուղղակի փակելու է մրցակցության ապահովման վերջին լուսամուտը»,- համոզված է գործարարը։

Այլ մանրամասները`շուտով տեսանյութում

Կառուցապատող «Արտ Քոմփընի» ընկերության ներկայացուցիչ Վահե Պետրոսյանի կարծիքով էլ՝ պաշտպանել տեղական արտադրողներին պետք է, բայց պետք չէ պաշտպանել նրա անորակ արտադրանքը։ Գործարարի դիտարկմամբ, Հայաստան ներկրվող իրանական ցեմենտի համար արդեն իսկ բնական խոչընդոտներ կան. «Մեղրիից մինչեւ Երեւան հասնելուց մոտավորապես ցեմենտի մեկ տոննան արդեն 15-19 հազար դրամ թանկանում է եւ օգնում է տեղական արտադրողներին։ Մի հատ էլ պետական տուրք սահմանել 22 հազար դրամ, ուղղակի թաղելու է ցանկացած ներմուծում»։ Մինչ այժմ կատարված վերլուծությունները, որոնց հիման վրա առաջարկվել է նախագիծը, գործարարը համարում է մակերեսային: Կարծում է, որ ավելի խորքային ուսումնասիրությունների կարիք ունի շուկան:

Ներմուծողները համամիտ չեն նաեւ ներկրման համար սահմանված 200 դոլար հսկիչի գնի հետ: Ասում են`աշխարհում նման գին չկա: Նաեւ, պետությունն էլ տեսնում է, թե տեղական արտադրողներն ի՞նչ գնով են արտահանում իրենց արտադրանքը: Ի դեպ, հետհեղափոխական շրջանում հսկիչ գինն իջեցվել էր 100 դոլարի: Հետագայում, ինչ-ինչ նկատառումներից ելնելով`նորից կրկնապատկվեց: Այս համատեքստում, քննարկմանը ներկա ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի հարցը`այդ ընթացքում որքանո՞վ էժանացավ շինարարությունը, ևս անպատասխան մնաց: Գործարարների դժգոհություններին պետական պաշտոնյան այսպես պատասխանեց. «Բնականաբար, 15-20 դոլար ցեմենտի արժեքը իրանական սահմանին բավականին ցածր գին էր եւ նման գնի առկայության պայմաններում, երբ որ ներկրվում է Հայաստան, լուրջ վտանգ է սպառնում մեր տեղական արտադրողների ծավալների կրճատմանը, ընդհուպ մինչեւ դադարեցմանը»: Նա հաստատում է` տեղական ցեմենտի արտադրության ծավալները վերջին տարիներին աճել են: Միաժամանակ նկատում, որ ներկրվող ցեմենտի ծավալները եւս աճել են՝ 3․3 անգամ. «Այո, պետք է հաշվի առնել կառուցապատողների, սպառողների շահերը նույնպես։ Օրենքը դեռեւս քննարկման փուլում է։ Վարչապետի կողմից հանձնարարական է տրվել եւս մեկ անգամ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել նախքան օրենքի ընդունումը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին`իսկ ինչո՞ւ են նախագծին դեմ տեղական արտադրողները: Գործարար Վահե Պետրոսյանը նրանց խնդիրն այսպես է ընկալել`տեղական արտադրողները ցանկանում են, որ պետտուրք սահմանվի նաեւ կլինկերի`ցեմենտի հումքի ներկրման համար, որ ներմուծվող հումքի «քոքը կտրվի»: Ըստ նրա, արտադրողները հիսուն տոկոսով են իրենց շահած համարում, քանի որ խորհրդարանում միայն ցեմենտի մասով է նախագիծը վերցվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930