Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ազնիվ քաղաքացիներն ահազանգում են, որ ջրաչափը քայքայված է, բայց արդյունքում իրենք են տուգանվում». Գեւորգ Պապոյան

Ապրիլ 18,2019 15:34

ԱԺ հերթական նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածու Գարեգին Բաղրամյանի ուշադրությունը հրավիրեց քաղաքացիների հետեւյալ ահազանգերի վրա. «Խնդիրը վերաբերում է հարյուրավոր, թե ոչ՝ հազարավոր քաղաքացիների: «Վեոլիա ջուր» ընկերության ջրաչափերը, որոնք ունեն մոտ քսան տարվա վաղեմություն, կարող են տեխնիկական խնդիրներ ունենալ: Որոշ դեպքերում քաղաքացիները՝ ազնիվ եւ պարտաճանաչ անձինք, ահազանգում են, որպեսզի ընկերությունից գան եւ խնդիրը վերացնեն: Գալիս եւ գործողություններ իրականացնում, ինչից հետո քաղաքացին 46 720 դրամով տուգանվում է: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքացին ինքն է հայտնաբերում, որ ջրաչափը տեխնիկական խնդիր ունի, որ քայքայվել է…Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ այս դեպքում պասիվ դիրք է գրավում»:

Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի պասիվ դիրքի գրավումը սխալ մոտեցում որակեց, քանի որ խնդիրը հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում է. «Նման ցանկացած բողոք հանձնաժողովը պետք է արձանագրեր եւ գործողություն իրականացներ: Չի կարող այստեղ պասիվ դիրք լինել»:

Գեւորգ Պապոյանը շարունակեց, որ մի դեպքում ինքն անձամբ է եղել հանձնաժողովում. «Այդ պաշտոնյայի ասածն այն է, որ պետք է դիմում գրել, բայց միեւնույնն է՝ արդյունք չի լինի: Թվում է՝ ամեն ինչ օրենքով է, բայց արդյունքում քաղաքացին է տուգանվում»: Գարեգին Բաղրամյանը հստակեցրեց. «Քաղաքացին ենթակա է տուգանքի, եթե պարզվում է, որ ջրաչափը գտնվում է իր տարածքում եւ այն կրել է արտաքին միջամտություն: Պատրաստ եմ խնդիրները քննարկել ձեր հետ միասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930