ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանի հետ ԲՀԿ-ականների վիճաբանությանն անդրադառնալով՝ պատասխանեց նրա այն քննադատությանը, որ 10 տարվա պատգամավոր է, առաջին անգամ այս տարվա հունվարին է ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել: Ծառուկյանն ասաց, որ ճշտումներ է արել Վահագն Հովակիմյանի մասին. «Մարդուն, որ իրական կյանքում ոչ մի բան չի արել, տասը տարի «Հայկական ժամանակում» աշխատել է՝ որպես հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդը իրավունք ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու»:
Վահագն Հովակիմյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է Ծառուկյանի տեղեկատվությունը՝ նա պատասխանեց. «Ես ընդհանրապես զգացված եմ, որ Ծառուկյանը անձիս կենսագրությանը փորձել է ծանոթանալ, բայց ով, որ ներկայացրել է, սխալ է ներկայացրել իմ կենսագրությունը: Ես «Հայկական ժամանակում» ոչ թե 10, այլ 15 տարի եմ աշխատել եւ երբեւէ աշխատանքից ազատված կամ հեռացված չեմ եղել»:
Վահագն Հովակիմյանն ասաց, որ լրագրողական գործունեության ընթացքում 3 անգամ անձնական հանգամանքներով պայմանավորած դադարել է աշխատել ՀԺ-ում, բայց դա չի եղել 18 անգամ ու եղել է իր կամքով:
Ինչ վերաբերում է հասարակ լրագրող լինելուն՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ դրանով հպարտանում է. «Իմ լրագրողական գործունեության տարիները համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից: Բայց այստեղ էլ անճշտություն կա՝ վերջին տարին, երբ ես աշխատել եմ ՀԺ-ում՝ 2012-2013-ին, եղել եմ օրաթերթի հրատարակիչ նաեւ: Վերջին տարին ես չեմ եղել լրագրող, եղել եմ թերթի տնօրեն»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ծառուկյանի անունը տալուն՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ փաստն է արձանագրել: Ծառուկյանից ու նրա առյուծներից չվախենալու եւ այլ մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ