Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. «Իմ ուղերձը հետևյալն է. անկախ նրանից՝ հայ են, թե ադրբեջանցի, նրանք 18-ից 20 տարեկան զինվորներ են, և նրանք արժանի չեն զոհվելու միայն այն պատճառով, որ քաղաքական գործիչները չեն կարող նստել սեղանի շուրջ և աշխատել հակամարտության լուծումը գտնելու ուղղությամբ»

Ապրիլ 18,2019 14:22

2019թ. ապրիլի 13-ին հայաստանյան երկու նոր բարեգործական հիմնադրամների հիմնադիր և ղեկավար, Հայաստանի Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված և Նյու Յորքի ամերիկահայ կանանց մասնակցությամբ նախաճաշի պատվավոր հյուրն էր: Նյու Յորք այցը վերջին կանգառն էր նրա 17-օրյա ամերիկյան շրջագայության, որի հիմնական նպատակն էր՝ բարձրացնել իրազեկությունը «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին:

ՀԲԸՄ-ի անունից ողջունելով Աննա Հակոբյանին, Կենտրոնական խորհրդի անդամ Արդա Հարաթունյանը Հակոբյանին բնորոշեց «ոչ որպես Վարչապետի տիկին, այլ որպես կայացած լրագրող, եռանդուն գաղափարախոս, որպես մարդ, ով իր գրեթե ողջ կյանքում ակտիվիստ է եղել, և որպես չորս երեխայի մայր»: Անդրադառնալով շահույթ չհետապնդող կազմակերպությունների ասպարեզում Հակոբյանի ստանձնած նոր դերակատարությանը, Հարությունյանը խոսեց այն մասին, թե որքանով է բարեգործությունը տեղավորվում Նոր Հայաստանի օրակարգի համայնապատկերում: «Կառավարությունը կոչված է ծառայելու ժողովրդի կարիքներին, ապահովելու տնտեսական հնարավորությունների առկայությունը և ձգտելու աղքատության վերացմանը: Եվ քանզի որևէ կառավարություն չի կարող միանգամից անդրադառնալ բոլոր այս ազգային գերակայություններին, հենց այստեղ է, որ օգնության են հասնում շահույթ չհետապնդող կազմակերպությունները: Վերջին 113 տարիներին ՀԲԸՄ-ն հենց դրանով էր զբաղվում, և դրանով են զբաղվում «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամները՝ օժանդակելով այնտեղ, ուր կա դրա կարիքը, ինչպես նաև լրացնելով բացերը»:

Հակոբյանը պատասխանեց՝ նշելով. «Ինձ համար շատ կարևոր է աշխարհի սրտում՝ Նյու Յորքում, հանդիպել զորեղ հայ կանանց»: Նա նաև «շատ հաջողված» որակեց վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումներն ու միջոցառումները: Վաշինգտոն քաղաքում նրան հյուրընկալել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, նա մի քանի հանդիպումներ և ելույթներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, Ժողովրդավարության ազգային հիմնադրամում և Կոնգրեսի գրադարանում: Նա նաև հանդիպումներ է ունեցել Բոստոնի և Լոս Անջելեսի հայ համայնքների հետ: Մասնավորապես, Մեմֆիսում նա փոխըմբռնման հուշագիր է ստորագրել St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի հետ, և Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի դեմ համաշխարհային պայքարի հարցերով St. Jude հիվանդանոցի առաջին գործընկերը:

Հակոբյանը հավասարապես երախտագիտություն հայտնեց ծագումով հայերի և ոչ հայերի ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, թե որքան հպարտ էր լսել, թե Հայաստանի մասին ինչ են ասում ամերիկացիները: «Այստեղ ինձ հանդիպած ամերիկացիներն այնքա՜ն հիացած էին Հայաստանով, մեր հեղափոխությամբ, մեր ժողովրդով և մեր ժողովրդի ձեռքբերումներով: Եվ սա այնքան կարևոր է ինձ համար»: Նա պարզաբանեց, որ թեև իր հիմնադրամները բարեգործական են, իր նպատակը ոչ միայն նյութական օգնություն ցուցաբերելն է, այլև կայուն ու տևական զարգացում ապահովելը: Նա նաև խոսեց Հայաստանում մտածողությունը փոխելու անհրաժեշտության մասին: Ընդունելով, որ հայերից շատերը սովոր են օգնություն ստանալ սփյուռքից, նա հույս հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանում բարեսիրության նոր մշակույթ կձևավորի: «Հասարակության ներսում չափազանց կարևոր է, որ մարդիկ հոգ տանեն միմյանց և իրենց կարիքավոր մերձավորի, այլ ոչ միայն սեփական անձի, սեփական բարօրության մասին: Մենք՝ ի դեմս «Իմ քայլը» հիմնադրամի, ուզում ենք նման արդյունքների հասնել»:

Նա նաև արծարծեց հարցեր կանանց իրավունքների, ընտանեկան բռնության և կրթական բարեփոխումների շուրջ: Նա համաձայնեց, որ սրանք ծանրակշիռ խնդիրներ են Հայաստանի համար, և հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի լուծել դրանք: Ի պատասխան հարցի, թե ինչ է կարծում այն ուղերձի մասին, որ սփյուռքահայերը պետք է հանդես գան որպես Հայաստանի դեսպաններ, Հակոբյանը պատասխանեց. ««Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը շատ կարևոր է ինձ համար. ես կցանկանայի, որ բոլորս լինեինք այս նախաձեռնության ջատագովը, և որպես հայ կանայք և մայրեր մեր ձայնը լսելի դարձնեինք՝ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության: Կոչ անեինք, որ որոշում կայացնողները չդիմեն ուժի կամ բռնության»: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների՝ Ադրբեջանի հետ սառեցված հակամարտության մասով Հակոբյանի պատասխանը հստակ էր. «Իմ ուղերձը հետևյալն է. անկախ նրանից՝ հայ են, թե ադրբեջանցի, նրանք 18-ից 20 տարեկան զինվորներ են, և նրանք արժանի չեն զոհվելու միայն այն պատճառով, որ քաղաքական գործիչները չեն կարող նստել սեղանի շուրջ և աշխատել հակամարտության լուծումը գտնելու ուղղությամբ»:

Հյուրերին ևս հնարավորություն ընձեռվեց դեմառդեմ շփվելու Հակոբյանի հետ նրա սեղանի շուրջ՝ նախքան նա կմեկներ մասնակցելու Հայկական եկեղեցու Արևելյան թեմի հայ համայնքի հետ կազմակերպված հանդիպմանը:

ՀԲԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930