Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Աղբահանության խնդիրն առաջիկայում կարող է սրվել, մեքենաները շատ վատ վիճակում են»

Ապրիլ 18,2019 14:45

Երևանի աղբահանության հարցի քննարկման համար կառավարություն էր հրավիրվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նիկոլ Փաշինյանը քաղաքապետից հետաքրքրվեց՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր նա աղբահանության ոլորտում մշտապես ճգնաժամային վիճակների է բախվել, ի՞նչ զարգացումներ են եղել, ի՞նչ լուծումներ են տեսնում:

Հայկ Մարությանը ներկայացրեց վիճակը, ասելով, որ 2014 թվականին նախատեսված է եղել, որ Երևանում երկու օպերատոր պետք է աղբահանությամբ զբաղվեր, բայց անհասկանալի կերպով երկու լոտով էլ հաղթող է ճանաչվել «Սանիտեք» ընկերությունը: Քաղաքապետն ասաց, որ սկզբնական շրջանում այդ ընկերությունը պատշաճ է աշխատել, քանի որ մեքենաները նոր էին, տեխնիկապես սարքին վիճակում: Նա կարծում է, որ «Սանիտեքը» սխալ սպասարկման հետևանքով է հասել այսօրվա վիճակին. «Տեխսպասարկումը սխալ է եղել, նաև սպասարկող աշխատուժի վատ աշխատանքը բերեց այդ վիճակին»:

Հայկ Մարությանը նշեց, որ բազմիցս զգուշացրել ենք ընկերությանը, ասել են, որ այդ վիճակում գտնվող մեքենաներով շարունակել հնարավոր չէ, մեքենաները քիչ են նորմայից, և եթե մեկ-երկուսը այդ օրը փչանում են, քաղաքում պրոբլեմ է ստեղծվում: «Մենք իրենց ասացինք՝ պետք է այս հարցերը լուծեք, իրենք ասացին՝ չենք կարող, ֆինանսապես վատ վիճակում ենք: Եվ մենք գուշակելով, որ այս օրը կարող է գալ, որ իրենց մեքենաները իրոք կարող են փչանալ, մենք մրցույթ հայտարարեցինք՝ 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ մոտ 13 մլն դրամով տուգանել են «Սանիտեքին», եթե իրավիճակն այսպես շարունակվի, կարող են նոր տուգանքներ լինել: Բայց առանց աղբատար նոր մեքենաների հնարավոր չէ պատշաճ աղբահանություն իրականացնել:

Քաղաքապետարանը դիմել է կառավարություն՝ մեկ անձից գնման ընթացակարգով Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու համար: Հայկ Մարությանն ասաց, որ դատական գործընթաց կա, այդ մեքենաները կարող են Հայաստանում լինել հունիս-հուլիսին: Քաղաքապետարանը խնդրել է կառավարությանը, որ մինչ այդ թույլատրվի մեքենաների որոշ քանակի ձեռք բերումը, որպեսզի վիճակը շտկեն: Վարչապետը հետաքրքրվեց՝ Երևանում աղբահանության վիճակը կրիտիկակա՞ն է: Հայկ Մարությանն ասաց, որ կրիտիկական չէ, բայց այն վիճակը, որն ստեղծվել է, շատ օբյեկտիվ է: Ըստ քաղաքապետի՝ առաջիկայում կարող է սրվել աղբահանության խնդիրը, քանի որ մեքենաները շատ վատ վիճակում են: «Ենթադրենք՝ դուրս են գալիս 16 մեքենա, դրանցից մի քանիսը 15-20 րոպեից կանգնում են, մի ձև հետ են տանում, վրան աշխատում են, նորից հետ են բերում: Այս իրավիճակում իրենք ուղղակի ի զորու չեն Երևանի աղբահանությունը իրականացնել: Ամեն պահի մեքենաները կարող են փչանալ, օր առաջ նոր մեքենաները մեզ պետք են»,- ասաց Հայկ Մարությանը: Իսկ ինչ վերաբերում է նոր մրցույթ հայտարարելու ու նոր օպերատոր ներգրավելու հարցերին, Մարությանն ասաց, որ դրա համար պետք է խզել «Սանիտեքի» հետ կնքված պայմանագիրը, բայց առանց ճիշտ ընթացակարգերի, եթե ուղղակի դնեն ու խզեն պայմանագիրը, ընկերությունը կմտնի դատարան ու առաջիկա 10 տարիների եկամուտը կսկսեն պահանջել:

Վարչապետն ասաց, որ ընկերության նկատմամբ նշանակված տուգանքները ոչ թե լավացնելու են աղբահանության վիճակը, այլ ավելի են վատացնելու, որովհետև նրանք ասելու են, որ փող չունեն մեքենաները վերանորոգելու:

«Եկեք արձանագրենք, որ պրոբլեմն սկսվել է այն ժամանակ, երբ փաստացի ընտրվել է մեկ օպերատոր: Եթե մենք ունենայինք երկրորդ օպերատոր, այդ մրցակցային վիճակը լրիվ ուրիշ կլիներ: Այն ժամանակ, երբ մամուլում քննարկվում էր, թե այս ինչ գործարք է, այս ինչ կազմակերպություն է, հիմա մենք տեսնում ենք, թե այդ ինչ գործարք է ու ինչ կազմակերպություն է: Այս հարցը լուծված չէ, որովհետև հազար ձևի արիշ-վերիշներ են ունեցել, և պետք է խորանալ, այդ արիշ-վերիշները բոլորը բացահայտել ու դնել սեղանին»,- եզրափակեց վարչապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    պապամ, իշդէ մէկդի դիր էգոդ, ըսէ որ վիճակը «կրիտիկական» է, որպէսզի հրատապ միջոցներ կիրարկուին !

    «Յունիս-Յուլիս» նշանակում է, լաւագոյն պարագային, Յուլիսի վերջաւորութեան… մի քիչ ուշացում եւս, եւ հասանք արդէն Օգոստոս… 40 ջերմաստիճանի տակ եփող աղբեր…

    բնակիչները դեռ կարող են հանդուրժել, վարժուած են… սակայն զբօսաշրջիկներու կապակցութեամբ աղետալի բան է սա…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930