Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացին՝ համակարգչի առաջ նստած, պետք է հնարավորություն ունենա պաշտոնապես դիմել պետական որևէ մարմնի և ստանալ պաշտոնական պատասխան. Հայկ Արամյան

Ապրիլ 18,2019 14:14

Ապրիլի 15-ին հրապարակվեց Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որի համաձայն դատարանները՝ միայն փոստային առաքումների վրա ծախսում են տարեկան մոտ 500 միլիոն դրամ: Կարելի է ենթադրել, թե ամբողջ պետական համակարգի համար այս թիվը տարեկան որքան կարող է կազմել:

Սա մեծ շռայլություն է համեստ ֆինանսական հնարավորություններ ունեցող ցանկացած պետության համար:

Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ հասարակություն-պետական մարմիններ պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը հնարավոր լինի իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։

Քաղաքացին՝ համակարգչի առաջ նստած, պետք է հնարավորություն ունենա պաշտոնապես դիմել պետական որևէ մարմնի և ստանալ պաշտոնական պատասխան, և նույն կերպ, պետական մարմինը պետք է կարողանա քաղաքացուն ծանուցումներ կամ այլ տիպի պաշտոնական փաստաթղթեր ուղարկել էլեկտրոնային եղանակով:

Դրա համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ինտերնետային հարթակ՝ բոլոր Սահմանադրական , պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ, պետական լիազոր մարմնի կողմից իրականացնել համացանցային տիրույթում ֆիզիկական և իրավաբանական անձանց նույնականացում(վերջիններիս ցանկությամբ), որից հետո հնարավորություն կստեղծվի պետական մարմիններին ուղարկել և նրանցից ստանալ իրավական ուժ ունեցող տարբեր դիմումներ, ծանուցումներ, հաշվետվություններ, տարբեր բնույթի պաշտոնական գրություններ։

Սա և հարմարավետ է, և արագ ։

Ասվածը, իհարկե, չի նշանակում, որ հասարակություն-պետական մարմին շփումներում հնարավոր է միանգամից անցում կատարել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, քանի որ ամբողջական անցման համար ժամանակ է անհրաժեշտ։

Առաջին փուլում կարելի է համացանցային հարթակը գործարկել գործող տարբերակին զուգահեռ, հընթացս իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու համար այս գործիքի արդյունավետությունը, առաջացող խնդիրները, այս հարթակին հասարակության ներգրավվածության աստիճանը և այլն։

Կարևոր է ընդգծել, որ խոսքը վերաբերվում է հասարակություն-պետություն օղակին, այլ ոչ թե պետական մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությանը։

Համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մեր գիտական միտքը ի զորու է ամբողջ ծավալով իրականացնել այս նախագծի ստեղծման և ծրագրային ապահովման աշխատանքները:

Սա հնարավորություն կտա տեսանելի ապագայում խնայել հսկայական պետական միջոցներ, և ևս մեկ քայլ կլինի քաղաքացու հարմարավետության և բյուրոկրատական քաշքշուկները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Հայկ Արամյան

քաղաքագետ, իրավագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930